ՀՀ նախագահը պետք է լինի հայաստանցի

02/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Մայիսի 9-ին Դուք Մանվել Գրիգորյանի հետ ԼՂՀ-ում էիք: Նույն օրը այնտեղ էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ օրերին Ստեփանակերտում բավականին լարված վիճակ էր, քաղաքական շատ գործիչներ կոշտ հայտարարություններ էին անում ՀՀ իշխանությունների հասցեին՝ հայ-թուրքական բանակցությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված: Ի՞նչ տրամադրություններ զգացիք Ղարաբաղում:

– Վերջին շրջանում բավականին հաճախ եմ այցելում ԼՂՀ: Դա Ղարաբաղի իշխանությունների եւ մասնավորապես իմ նախաձեռնությունն է, որովհետեւ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում մեր երկրի առաջ կանգնած թիվ մեկ հարցը, իմ կարծիքով, ԼՂՀ հարցն է: Եվ բազմաթիվ խնդիրներ կան թե՛ մարդկային հոգեբանության մեջ` նկատի ունեմ հայաստանցի-ղարաբաղցի հանգամանքը, եւ թե՛ ԼՂՀ-ն որպես ոչ թե ՀՀ 11-րդ մարզ, այլ ինքնուրույն պետություն մտածելակերպը հասարակական տրամադրությունների մեջ ձեւավորելու համար: Փորձում եմ ԼՂՀ իշխանությունների հետ մեկտեղ իմ համեստ ներդրումն ունենալ այս խնդիրները լուծելու համար: Պիտի ասեմ, որ բավականին լավ հարաբերություններ ունեմ ԼՂՀ նախագահի, վարչապետի հետ: Վերջին այցելությունը Երկրապահի օրվա հետ կապված էր: Ս.Սարգսյանի հետ չենք հանդիպել: ԼՂՀ իշխանությունների, ԱԺ պատգամավորների հետ զրուցել եմ, հասկացել եմ այդ մարդկանց մտահոգությունները:

– Իսկ ի՞նչ հարցեր էին պատրաստել Ս.Սարգսյանի համար իր ԼՂ-ի գործիչները:

– Ղարաբաղում քաղաքական գործունեություն ծավալող անհատները պատերազմական տարիներին եղել են տարբեր ջոկատների հրամանատարներ, ովքեր հիմա բանակում են, նաեւ պատգամավորներ կան: Նրանք իրենց աչքով տեսել են, թե ինչպես են, ասենք, օտարերկրյա զինվորականները օգնել ադրբեջանական ուժերին, թե ինչպես կարող են իրենց օգնել: Նաեւ` թե միջազգային հանրության ճնշումների տակ ինչպե՞ս կարող էր Ադրբեջանը Շուշիից գնդակոծել իրենց տարածքը: Եվ այսօր նրանք այդ տարածքների միջոցով ապահոված անվտանգությունը նյութական են համարում եւ դա վեր են համարում ցանկացած խոստումից: Նույն կերպ չեն վստահում որեւէ երկրի խաղաղարար օժանդակության անկողմնակալությանը: Վստահում են սեփական բանակի եւ իրենց ուժերի միջոցով սեփական անվտանգությունը պահպանելուն: Եվ բավականին բարդ կլինի այդ մարդկանց համոզել փոխզիջումային տարբերակներով լուծման հասնելու տարբերակին: Քննադատողներն իրենց մտահոգությունների ու ցանկությունների մեջ բացարձակ անկեղծ էին եղել: Այդտեղ քաղաքական պայմանավորվածության որեւէ նշույլ չկա:

– Այդ դեպքում ինչո՞ւ այդ պատգամավորների մեծ մասը հետ վերցրեց իր ստորագրությունը ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնության փաստաթղթից:

– ՀՀ իշխանությունները խնդրել են անմիջապես չանել այդ գործընթացը, համբերել մինչեւ գան, ներկայացնել իրենց տեսակետը, ու եթե իրենց չի բավարարի, նոր այդ գործընթացը շարունակեն:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պետք անել, որ ԼՂՀ-ն դառնա բանակցային կողմ:

– ՀՀ նախագահը պիտի լինի հայաստանցի: Որտեղից լինելը ես երբեք չեմ կարեւորել, բայց այս խնդրում ղարաբաղցի լինելը դարձել է չափորոշիչ, որ մարդը կարող է ներկայացնել եւ՛ Հայաստանը, եւ՛ Ղարաբաղը: Այստեղ նաեւ քաղաքական բազմաթիվ գործընթացներ կան, որ իշխանությունները պետք է ձեռնարկեն: Կան բաներ, որոնց մասին բարձրաձայնելը ճիշտ չեմ համարում, որովհետեւ քաղաքական մեծ խնդիրների հետ գործ ունենք:

– Ճի՞շտ են տեղեկությունները, թե այդ այցի ժամանակ ԼՂՀ-ում Մ. Գրիգորյանին առաջարկել են դառնալ պաշտպանության նախարար:

– Մ.Գրիգորյան եւ Բակո Սահակյան հանդիպումը եղել է առանձին, ես չեմ հետաքրքրվել, թե նրանք ինչ թեմաներից են զրուցել: Գտնում եմ, որ նման իրավիճակում գտնվող երկրներում Մ.Գրիգորյանի պես պատերազմական փորձառություն ունեցող մարդը չպիտի զրկված լինի համապատասխան իրավիճակներում իր ունեցած փորձը ներդնելուց: Բայց կարծում եմ, որ նման առաջարկներ չեն եղել, եւ դրանք հորինված են: Եթե լիներ, կասկած չունեմ, որ նա իմ հետ կզրուցեր:

– Տեսակետ կա, թե պատերազմներում հերոսացած մարդը խաղաղ պայմաններում քաղաքականության մեջ չի կարողանում իրեն նույն կերպ դրսեւորել: Կարելի՞ է մարտյան դեպքերի հետ կապված՝ Մ.Գրիգորյանի պահվածքը դրա ապացույցը համարել:

– Եթե նա ամբողջությամբ բավարարեր իշխանություններին, նա իր պաշտոնից չէր ազատվի: Հետեւաբար,- Մ.Գրիգորյանից դժգոհ են նաեւ իշխանությունները: Ես հասկանում եմ ընդդիմադիր դաշտից այն մարդկանց, ովքեր դժգոհում են, որովհետեւ սպասելիքները նրանից շատ մեծ էին: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր մարդու պիտի գնահատես իր արած գործի, իր ունեցած որակների կոնկրետ դրսեւորումների համար: Բայց նաեւ չպետք է մոռանալ նրա քաղաքացի լինելը: Ես չեմ համարում, որ Մ.Գրիգորյանը որպես քաղաքացի վտանգավոր գործունեություն էր ծավալել: Ես այն կարծիքին եմ, որ լավն են այն իշխանությունները, որոնց համար սովորական անհատ, գյուղում ապրող Մ.Գրիգորյանը եկավ-մտավ պատերազմի դաշտ, ցույց տվեց իր լավագույն հատկանիշները, հավուր պատշաճի գնահատվեց: Եվ եթե այդ հատկանիշները զարգացվեր, կունենայինք այլ մակարդակ: Եկավ հաջորդ իշխանությունը, որ մարդուն գնահատեց նրա ներքին ցանկությունների շրջանակներում: Ի՞նչ է քեզ դուր գալիս. կոչո՞ւմ, շքանշա՞ն, ես քեզ կրկնակին եմ տալիս, միայն ծառայի ինձ: Այս առումով մշակույթի գործիչներից սկսած՝ մինչեւ զինվորական, բազմաթիվ օրինակներ կան, որ այս իշխանությունների պարագայում իրենց բարձր դիրքերը ետ բերեցին: