Ո՞վ է պատասխան տալու փաստահավաք խմբի անգործության համար

02/06/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հայտարարեց, թե երբ իր աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը հստակեցնի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավարի կարգավիճակում մնալու հարցը, ինքը հանդես կգա մեկնաբանություններով:

Հնարավոր է, որ ասուլիս հրավիրի եւ գնահատականներ տա, թե այս յոթ ամիսների ընթացքում ի՞նչ պայմաններում է աշխատել խումբը, կամ խմբի անդամներն ի՞նչ հարաբերություններ են ունեցել միմյանց հետ: Հիշեցնենք, որ Վ.Ստեփանյանը նախ՝ մայիսի 4-ին արձակուրդ էր գնացել, որից վերադարձել էր մայիսի 18-ին: Իսկ այս երկուշաբթի էլ հայտարարել է, որ հրաժարվում է շարունակել աշխատանքը Փաստահավաք խմբի ղեկավարի կարգավիճակում, պատճառաբանելով, թե խմբի անդամների միջեւ հարաբերություններն անկառավարելի էին դարձել, եւ ինքը հոգնել էր նրանց հաշտեցնելուց: Իսկապե՞ս փաստահավաք խմբում հարաբերություններն այնքան լարված էին, որ Վ.Ստեփանյանը որոշել է հրաժարական տալ: Թե իրականում մարտի 1-ին զոհված Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքները հրապարակվելուց հետո իշխանությունները որոշել են լուծարել այդ խումբը, որպեսզի նոր հանգամանքներ չբացահայտվեն: ՄԻ պաշտպանը կարծում է, որ խմբում լարված են եղել իշխանության եւ ընդդիմության անդամների հարաբերությունները: «Համոզված եմ, որ շատ լարված են: Ես իմ մեկնաբանությունները հետո կներկայացնեմ: Բայց այսօր ես ի՞նչ կարող եմ անել, մա՞րդ ներկայացնել, եթե ինձանից նոր մարդ պահանջեն: Այսօր գլադիատոր եմ ման գալիս, որ գնա ու դրանց մեջ աշխատի»,- պատասխանեց Ա.Հարությունյանը:

Տեղեկություններ կան, թե խմբում լարված են եղել հատկապես իշխանության ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանի եւ ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանի հարաբերությունները: Նախ հիշեցնենք, որ Ռ.Ավագյանը չի ստորագրել Հ.Թադեւոսյանի մահվան հանգամանքները ներկայացնող այն զեկույցի տակ, որը ուղարկվել էր Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովին եւ որը հրապարակվեց մամուլում: Ռ.Ավագյանը համաձայն չէ զեկույցից ուղղակիորեն ստացվող այն կարծիքի հետ, թե Հ.Թադեւոսյանը սպանվել է ոչ թե ցուցարարների նետած, այլ իր մոտ եղած նռնակի պայթյունից: Նա նաեւ գտնում է, որ այդ զեկույցի տրամադրումը Նիկոյանի հանձնաժողովին՝ խախտում է նախագահի` Փաստահավաք խմբի մասին կարգադրության տրամաբանությունը: «Մեր աշխատանքի վերջում պետք է վերջնական զեկույց ներկայացնեինք: Ինչո՞ւ այդ մասին չեն հայտնում: Եթե Հ.Թադեւոսյանի մահվան հետ կապված զեկույցը չուղարկվեր հանձնաժողով, այսքան աղմուկ չէր բարձրանա»,- համոզված է Ռ.Ավագյանը:

Ընդհանրապես պարոն Ավագյանը մեզ հետ հեռախոսազրույցում երեկ հարցերին պատասխանելու փոխարեն՝ բավականին երկար տեքստով դժգոհություն հայտնեց իր մասին մամուլում եղած հրապարակումների վերաբերյալ: Եվ որպես հարցերին պատասխանելու պայման, պահանջեց, որ իր երկարաշունչ ճառն ամբողջությամբ պետք է հրապարակվի: Սակայն, երբ խմբի գործունեության, անդամների փոխհարաբերությունների ու հատկապես՝ անդամների հետ իր անհաշտ լինելու մասին հարցերը լսեց, հայտարարեց, որ դրանց չի պատասխանի: «Դա իմ իրավունքն է, ինչպես որ դուք եք մեր ասածներից վերցնում ձեզ պետք եկած հատվածը»,- ասաց Ռ.Ավագյանը: Նրա հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նա դժգոհ է հատկապես Ա.Քոչարյանից:

Ա.Քոչարյանը, սակայն, կարծում է, որ Փաստահավաք խմբի անդամների լարված հարաբերությունների մասին Ա.Հարությունյանի մեկնաբանություններն ուռճացված են: «Առանց Վ.Ստեփանյանի էլ գոնե երեկ մեզ հաջողվել է նիստանման մի բան անել: Թող այդպես չթեժացնի, որպեսզի արդարացնի Վ.Ստեփանյանի անօրինական գործողությունները: Էդ ոնց եղավ, որ Վ.Ստեփանյանը չի կարող, բայց մյուսներն ինչ-որ ձեւ կարողանում են աշխատել: Հիմա Ստեփանյանը չկա, բայց այնուամենայնիվ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները երեկ նիստ են արել: Ի՞նչ անհեթեթ պատճառաբանումներ են, ես չեմ հասկանում: Այն, որ Վ.Ստեփանյանը ասում է, թե մեզ հավասարակշռում էր, ի՞նչ հավասարակշռության մասին էր խոսքը: Իր գործը փաստահավաք գործունեությամբ զբաղվելն ու խմբի բնականոն աշխատանքն ապահովելն էր: Մայիսի 4-ից սկսած ինքն իր հիմնական ֆունկցիան չի իրականացրել: Արձակուրդից հետո էլ չվերադառնալը ես համարում եմ խայտառակություն: 18-ին աշխատանքի է եկել, գնացել է ու հիմա էլ հրաժարականի մասին հայտարարություն է տալիս: Բա այս օրերին ոչ աշխատունակ վիճակ ստեղծելու համար ո՞վ է պատասխան տալու»,- հարցնում է Ա.Քոչարյանը: Իրենից Ռ.Ավագյանի դժգոհության մասին էլ ասում է, որ «դա երկրորդական բան է»: «Այս պահին էլ ընդդիմության ներկայացուցիչներն ամեն օր գալիս են իրենց աշխատավայր եւ սպասում են մյուս գործընկերներին, որոնք, ըստ էության, ազատ ռեժիմով ինչպես ուզում` շարժվում են: Հիմա ես էլ կարող եմ շատ բան ասել, բայց դրանք երկրորդական են: Մենք ստեղծված ենք փաստեր հավաքելու եւ ոչ թե մեկս մյուսի նկատմամբ դժգոհություններ արտահայտելու համար: Իհարկե, այստեղ մեղր չեն բաժանում: Ես այս պահին Սեդա Սաֆարյանի հետ նստած եմ աշխատասենյակում, իշխանության ներկայացուցիչները չեն եկել: Եվ դա առաջին դեպքը չէ: Մե՞նք ենք պատճառը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Ա.Քոչարյանը` ավելացնելով, թե իրենք աշխատանքի չեն գա միայն այն դեպքում, երբ Փաստահավաք խումբը կներկայացնի իր վերջնական զեկույցը կամ` երբ խմբի 5 անդամներից 3-ը աշխատանքներին չմասնակցեն: Իսկ մինչ, այդ Քոչարյանի խոսքերով, թեեւ երկուսով չեն կարող լիարժեք աշխատել, բայց ուսումնասիրում են ունեցած նյութերը: «Փաստահավաք խումբը նույնիսկ իրենց նկարագրած այդ անտանելի պայմաններում բավականին աշխատանք է կատարել, որ կարողանա այս իրավիճակում ունենալ որոշ հարցերի պատասխանները»,- ավելացնում է Ա.Քոչարյանը:

Զինված ուժերի մասին

Երեկ Ա.Հարությունյանը ԵԱՀԿ գրասենյակում ներկայացրեց «Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ ԶՈւ-ում կարգապահական քաղաքականություն իրականացնելիս» արտահերթ զեկույցը, որը պատրաստել էր նույն ԵԱՀԿ աջակցությամբ: Զեկույցում ներկայացված էր, որ ՀՀ ԶՈւ-ում երբեմն խախտվում են ծառայողների, հատկապես՝ զինվորների իրավունքները: Որ դեպքեր են հայտնաբերվել, երբ հրամանատարի գիտության պայմաններում այլ ծառայողներ զինվորներին ստիպել են լվանալ իրենց ներքնազգեստը, որ որոշ դեպքում հրամանատարը օգտագործել իր դիրքն ու գումար է վերցրել զինվորից, եւ նման մի քանի այլ տիպի խախտումներ: Ընդ որում, զեկույցի համաձայն՝ տեղի ունեցած խախտումների համար հրամանատարները հաճախ պատասխանատվության չեն ենթարկվել, պատասխանատվության են ենթարկվել զինծառայողները: Բոլոր դեպքերում ներկայացված կարգապահական թերությունները շատ մեղմ էին ԶՈւ-ում տիրող իրավիճակի եւ այդ կառույցի նկատմամբ հասարակության մեջ եղած պատկերացումների համեմատ: Արդյո՞ք օմբուդսմենն իր զեկույցում իրավիճակն ավելի մեղմ չի ներկայացրել, քան այն իրականում գոյություն ունի ՀՀ ԶՈւ-ում: «Այնքան էլ համաձայն չեմ, որ այն թույլ է եւ քիչ քննադատական, քանի որ այնտեղ վեր են հանված բավականին ցավալի խնդիրներ եւ թերություններ»,- օմբուդսմենին ուղղված հարցին պատասխանեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժամանակավոր պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

«Քաղաքակիրթ լեզվով է, այսինքն՝ ինչին որ մենք՝ հայերս, սովոր չենք, հայհոյանք չկա: Ամենակարեւորը, որ ես խոսում եմ հանդուրժողականության մասին, եւ ցավոք, որոշ ԶԼՄ-ներ իրոնիայով են դրան մոտենում: Խնդիրն այն չէ, որ հարցը սուր բարձրացվի, խնդիրն այն է, որ քաղաքակիրթ ձեւով դրա մասին խոսվի: Կոպիտ արտահայտություններով, հայհոյանքներով, սա արդեն Մի պաշտպանի դեպքում կդառնա պոպուլիզմ: Իհարկե, որոշ դեպքերում մենք պետք է կոպիտ խոսենք, բայց սա այն դեպքը չէ»,- ավելացրեց Ա.Հարությունյանը: