Երեկվա դրությամբ նախագահից «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը չէր ստացել նամակի պատասխանը, որով նա դիմել էր Սերժ Սարգսյանին` խնդրելով վերականգնել մարտիմեկյան դեպքերի փաստերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ինչը դադարել է նրա ղեկավար Վահե Ստեփանյանի` օրերս կայացրած հրաժարականի պատճառով: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս կարծիքով, Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչները փորձել են պարզել փաստերը, որին իշխանության ներկայացուցիչները ընդդիմացել են, ինչն էլ խմբի գործունեության խաթարման պատճառ է դարձել: «Սա է պատճառը, որ իշխանությունները ցանկանում են վիժեցնել խմբի գործունեությունը»,- ասաց «Ժառանգության» անդամը` ավելացնելով, որ Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման դեպքում իրենց կուսակցությունը կհրապարակի խմբում «Ժառանգության» ներկայացուցչի ձեռք բերած փաստերը: «Որովհետեւ Փաստահավաք խմբի գործունեության մասին այն հրամանագրում, որը ստորագրել է Սերժ Սարգսյանը, հստակ նշված է, որ խմբի անդամներն իրենց ձեռք բերած տվյալները չեն հայտնում այն ժամանակահատվածում, ինչ գործում է խումբը: Երբ խումբը ավարտում է իր աշխատանքները, դրանից հետո նրանք պատրաստ են այդ տեղեկությունները տրամադրել»,- պարզաբանեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: Խոսելով հնարավոր համաներման մասին՝ Ա. Մարտիրոսյանն ասաց. «Ես հուսով եմ, որ մենք շուտով անպայման համաներման մասին հայտարարություն կլսենք»: Ըստ նրա, նման հույսեր ունենալու հիմքը ԱԺ-ում անգամ իշխանական պատգամավորների կողմից շրջանառվող խոսակցություններն են, ինչպես նաեւ՝ Ստեփան Սաֆարյանի հարցերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի տված պատասխանները: «ԱԺ նախագահը վերջին մարդը չէ, որ գիտի այդ մասին»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ համաներման մասին հայտարարությունը պետք է քննարկվի Ազգային ժողովում, հետեւաբար՝ Հովիկ Աբրահամյանը չի կարող այդ տեղեկությանը չտիրապետել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ կարծիք հայտնեց, որ համաներումը կարող է շուտ հայտարարվել, բայց բանտարկվածների ազատ արձակումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ: Ա. Մարտիրոսյանն ասաց, որ մինչեւ մայիսի 31-ի ընտրությունները իշխանությունները չեն ցանկանա կալանավորներին ազատել, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրական գործընթացին: «Կարծում եմ, մայիսի 31-ից հետո մենք իրական հնարավորություն ունենք փոփոխություններ իրականացնելու Հայաստանում, իրականացնելու որակյալ բարեփոխումներ եւ իրական բարեփոխումներ եւ ոչ թե իմիտացիոն քայլեր, որ մինչ այժմ կատարվել են»,- նշեց Ա. Մարտիրոսյանը` ավելացնելով, որ այս պահին քաղաքական լարվածություն կա, ինչը պետք է գտնի իր հանգուցալուծումը: Որպես լարվածության վկայություն` Ա. Մարտիրոսյանը նշեց կառավարության կողմից ԱԺ բերված Հարկային փաթեթի մասին ու հավելեց, որ թեեւ «Ժառանգության» ներկայացուցիչները չունեն մեծ բիզնեսներ, բայց նրանք էլ են դեմ այդ փաթեթին: