Ավելի տարօրինակ արարողություն, քան հանրահայտ «Վերջին զանգ» կոչված միջոցառումն է, դժվար է պատկերացնել: Հայոց պատմության մեջ դրա համարժեքը կամ գոնե նմանակը չունենք: Ոչ այն պատճառով, որ նույն ու բազմադարյա պատմության ընթացքում դպրոցներ չենք ունեցել: Դպրոց, դպրանոց ու այլ կրթական օջախներ Հայաստանում միշտ են եղել: Հետեւաբար` շրջանավարտներ են միշտ եղել: Բայց այն, ինչը վերջին 30-35 տարում մենք «վերջին զանգ» ենք անվանում, երբեք չի եղել: Դժվար է այս միջոցառման ակունքները գտնելը: Դրանք հավանաբար պետք է փնտրել նախնադարյան հասարակարգում: Մարդկային զոհաբերությամբ ուղեկցվող ծեսերը բնորոշ են միայն սեփական պատմության առաջին էտապն ապրող պրիմիտիվ ցեղերին: Ազգագրագետ չլինելով՝ չեմ հանդգնի պնդել, որ մարդկային զոհաբերությամբ ծեսը միայն մենք` հայերս ենք 21-րդ դար հասցրել: Ամեն տարի նույն պատմությունն է: Կրթության ոլորտի ղեկավարները հայտարարում են, որ «Վերջին զանգի» ցոփ միջոցառումներն արգելում են: Նախորդների նման` այս տարի էլ են արգելում: Նախօրեին Ոստիկանությունը «Տագնապ» է հայտարարում: Հետո հատուկ կոչով շնորհավորում է շրջանավարտներին: Միաժամանակ մարտական պատրաստականության բերում իր կառույցները ու զգոնության կոչում խաղաղ ազգաբնակչությանը: Բայց շրջանավարտները` ծնողների համաձայնությամբ ու թողտվությամբ, վաղուց են դուրս եկել ռազմի կածան: Կոչերն ու արգելքներն այլեւս անիմաստ են: Դպրոցն ավարտող որդու համար ծնողները ոչինչ չեն խնայում: Անգամ ամենաաղքատ ծնողները: Դա ծեսի նախապայմանն է: «Վերջին զանգի» շրջանակներում ծնողը պետք է ֆինանսավորի մի քանի թանկարժեք միջոցառումներ: Թանկարժեք ու նույնքան պարտադիր միջոցառումներ: Դրանցից է, օրինակ, «Վերջին զանգի» ստանդարտ, տափակ հումորախառն սցենարի պատվերը: Հետո այդ սցենարը դերաբաշխվում է շրջանավարտների միջեւ: Այն ծեսի օրը մի թեթեւ ներկայացվում է բեմից: Հետո սկսվում է բարբարոսական բուն ծեսը: Գինարբուքներով, վայրենի աղաղակներով ու ավտոերթերով: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այդ օրը հոգատար տերը նույնիսկ շանը փողոց չի թողնի: Իսկ մենք հագցնում, հարդարում ու փողոց ենք բրախում մեր շրջանավարտներին: Ջեյմս Ջորջ Ֆրեզերն իր հանրահայտ «Ոսկե ճյուղ» գրքում հենց այդպես էլ նկարագրում է վայրենի ժողովուրդների մարդկային զոհաբերության ծեսերը: Մենք մեր շրջանավարտների նկատմամբ ճիշտ նույն վերաբերմունքն ունենք: Նրանց համարում ենք «սրբազան էակներ»: Տարիներ շարունակ պահում-փայփայում ենք: Հետեւում, որ ճիշտ դաստիարակություն ստանան: Հարգեն մեծերին: Ականջալուր լինեն տատիկ-պապիկի խնդրանքներին: Պահանջած ջուրն ու ակնոցը մատուցեն առանց ձգձգելու: Բայց հետո գալիս է «Վերջին զանգի» օրը: «Զոհաբերելուց առաջ հաճախ այդ մարդկանց ուտեցնում-խմեցնում էին»,- գրում է Ֆրեզերը: Ճիշտ այնպես, ինչպես մենք մեր շրջանավարտ երեխաներին: Մինչդեռ նրանց մեծ մասն ինքնուրույն վճիռ ոչ մի անգամ չի կայացրել: Անգամ, երբ ծնողներն ուղարկել են հացի խանութ, խիստ հրահանգել են՝ մատնաքա՞շ գնել, թե՞ լավաշ: Ու հանկարծ «Վերջին զանգի» օրը հանրապետության բոլոր բնակավայրերը մի քանի ժամ շարունակ հայտնվում են այդ դեռահասների իշխանության տակ: Ոստիկանությունը, պատահական անցորդներից չտարբերվելով, նրանց նման զարմացած, բայց ըմբռնող հայացքով ուղեկցում են ավտոմեքենաներին հեծած կամ գոռգոռոցով այս ու այն կողմ շարժվող՝ օրվա անկապությունից կամ ալկոհոլից գինովցած դեռահասներին: Բայց հենց Ոստիկանությունն է հաջորդ օրը հրապարակում տեղեկատվություն այն մասին, թե ինչ ավերներ է գործել անչափահասների հրոսակը երկրում: Այս տարի, օրինակ, հայտարարվեց, որ «Վերջին զանգի» օրը տուգանային հրապարակ է տարվել 96 ավտոմեքենա: Դրանցից 18-ը վարել են անչափահասներ: Ըստ ոստիկանական ամփոփագրի՝ անկարգությունների մեծ մասը կատարվել է հանրապետության մյուս բնակավայրերում: Մայրաքաղաքում Ոստիկանությունն ընդամենը մեկ անչափահաս վարորդի է հանդիպել: Հետեւաբար՝ գոհ է իր աշխատանքից: Այսպիսի եզրակացություն կարելի է կատարել նրանց պաշտոնական հրապարակումից: «Ոստիկանության աշխատակիցների աչալրջության շնորհիվ այդ օրը դպրոցականների մասնակցությամբ դժբախտ պատահարներ չեն գրանցվել»:
Երեւի Ոստիկանությունը շտապել էր: Կամ ենթադրել էր, որ «Վերջին զանգի» օրն ավարտվում է մյուսների նման` ժամը 23:59-ից: Որովհետեւ մի քանի րոպե անց` Եղեգնաձոր-Աղավնաձոր ճանապարհին էր տեղի ունեցել մարդկային զոհաբերության ավանդական դարձած ծեսը: Զոհվել էր մեկ շրջանավարտ, վեցը տեղափոխվել էին հիվանդանոց: Բազմադարյա ազգային արժեքներով, 1700-ամյա քրիստոնեական ավանդույթներով հպարտացող ազգը նորից «Վերջին զանգից» հետո թաղելու է իր հերթական զոհ դարձած շրջանավարտին: Մղկտալու է, բայց հաջորդ սեպտեմբերից ունենալու է շրջանավարտների հերթական դասարանը: Մի քանի ամիս հետեւելու է, որ սիրասուն բալիկը վերջնականապես կողմնորոշվի մասնագիտություն ընտրելու հարցում: Հաճախի կրկնուսույցների դասերին: Պատրաստվի բուհական քննություններին: Ու հետո մասնակցի «Վերջին զանգ» կոչվածին: Մասնակցի ճիշտ այն զգացումներով, որոնք ունենում են «Ռուսական ռուլետկա» խաղացող արկածախնդիրները: Հենց այսպես էլ ապրում ենք: Բայց պարզ չէ. ինչքա՞ն եւ ինչո՞ւ: