«Մայրաքաղաքը չի պատկանում կառավարությանը»

02/06/2009

– Չկա ժողովրդավարություն՝ առանց տեղական ժողովրդավարության։ Այս կարգախոսը տեղադրված է ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կայքում։

– Ժողովրդավարությունը մարդու իրավունքն է՝ ընտրության միջոցով ընտրել իր պատգամավորներին, նախագահներին եւ այլոց։ Սակայն ժողովրդավարությունը պետք է լինի ամեն օր, ամեն պահի մեր կյանքում։ Դա իրավունքն է՝ ընտրել քո քաղաքապետին, արտահայտել քո տեսակետը տարբեր հարցերի շուրջ՝ օրինակ քաղաքի կառավարման։ Չկա ժողովրդավարություն եւ լավ կառավարում, առանց լոկալ ժողովրդավարության։

– Կարո՞ղ եք գնահատել՝ ո՞ր մակարդակում է ՀՀ-ն` ՏԻՄ կայացվածությամբ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ եվրոպական չափանիշներին հասնելու համար։

– Մեծ տարբերություն կա ինստիտուցիոնալ որոշումների, օրենքների եւ դրանց վերջնական իրականացման միջեւ։ Ժողովրդավարությունը այն չէ, որ ասես՝ ես ընտրելու իրավունք ունեմ, այլ այն, որ գիտակցես քո քվեի արժեքը։ Ընտրված քաղաքապետի համար ժողովրդավարությունը նշանակում է անկախություն, այդ թվում` կառավարությունից։ Ժողովրդավարությանը միայն պաշտոնական արձանագրություններով չեն հասնում։ Դա բոլոր մակարդակներում ընթացող գործընթաց է։ Դժվար է ասել, թե ՏԻՄ համակարգը երբ լիարժեք կկայանա՝ 10 կամ 20 տարի հետո։ Դա ամենօրյա գործընթաց է։

– Դուք նշում եք, որ ընտրովի քաղաքապետն ավելի անկախ կլինի։ Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ-ի ներկայիս իրավիճակում ընտրված քաղաքապետն իրո՞ք ավելի անկախ կլինի, քան այժմ, երբ նա նշանակվում է։

– ԵԽ-ն միշտ առաջարկել է` մայրաքաղաքների քաղաքապետերը պետք է ընտրովի լինեն։ Մենք հասել ենք կարեւոր կետի՝ ընտրություններին։ Երբ համեմատում ենք ընտրվելիք քաղաքապետի կարգավիճակը եւ դրա ընձեռած պայմանները ներկայի հետ, ապա տարբերությունն ակնհայտ է։ Այժմ պետք է լինի ավագանի եւ քաղաքապետ՝ որոնք պետք է ծառայեն ի շահ քաղաքացու։ Եվ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքը ընտրել է տվյալ մարդկանց, որպեսզի նրանք ծառայեն իրեն։ Քաղաքապետի թեկնածուն պետք է ներկայացնի ոչ միայն իրեն, այլեւ իր թիմը՝ հստակ նշելով, որ ընտրվելու դեպքում այսինչը պատասխանատու է լինելու, օրինակ, թոշակառուների համար, այնինչը՝ կանաչապատման, եւ այլն։ Քաղաքացին էլ պետք է դրա «պահակը» լինի, հսկի նրանց։ Այսինքն՝ այդ գիտակցումը պետք է ձեւավորվի եւ՛ ընտրողի, եւ՛ ընտրվողի մոտ։ Մենք այժմ առաջին քայլն ենք անում, հաջորդ քայլերը, իմ կարծիքով, արդեն ուղղված կլինեն հենց այս հարցերին։ Ընտրություններից հետո, իհարկե, քննադատություններ կլինեն, սակայն սա առաջին քայլն է` համակարգը փոխվում է։ Ավագանիների խորհուրդը շատ կարեւոր ինստիտուտ է. այն ինչ-որ տեղ առանձնացնում է մայրաքաղաքային իշխանությունը կենտրոնական կառավարությունից։ Երեւանի համար սա շատ կարեւոր է. այստեղ ապրում է բնակչության մեկ երրորդը, եւ այստեղ են կենտրոնացված ֆինանսական եւ մյուս ռեսուրսները։ Եվ շատ կարեւոր է, որ այստեղ նոր մթնոլորտ ձեւավորվի։

– Կարծիքներ են հնչում, որ նախընտրելի է ունենալ իշխանության մաս կազմող քաղաքապետ, քանի որ հնարավոր է` ընդդիմադիր քաղաքապետը չկարողանա «լեզու գտնել» իշխանությունների հետ, եւ դրանից կտուժի քաղաքը։ Կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

– Ոչ, իհարկե։ Օրինակ, Ֆրանսիայի շատ քաղաքներում քաղաքապետերը ընդդիմությունից են, սոցիալիստ են։ Շատ կարեւոր է տարանջատել կառավարությունը եւ քաղաքային իշխանությունը. դրանք նույն բանը չեն։ Դա թյուր կարծիք է, չի կարելի մտածել, որ մայրաքաղաքները պատկանում են կառավարությանը։ Ոչ։ Քաղաքի ավագանին՝ իր ինքնավարությամբ, լիազորություններով, իրավունքներով ու պարտականություններով, առանձին մարմին է։ Եվ քաղաքի կառավարումն առանձին գործընթաց է։


Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը ֆորում է, որտեղ քննարկումներ եւ հանդիպումներ են ունենում տեղական եւ տարածքային ընտրովի իշխանությունները։ Կոնգրեսը պաշտոնապես հիմնադրվել է 1994թ. եւ հանդիսանում է ԵԽ-ի անբաժանելի մասը։ Կոնգրեսը կազմված է երկու պալատներից՝ Տեղական իշխանությունների պալատ եւ Ռեգիոնների պալատ։ Գործունեությունն իրականացվում է Քարտուղարության միջոցով, որի աշխատավայրը Եվրոպայի պալատն է (Ստրասբուրգ)։