Խմբագրական

02/06/2009

Ընդամենը երկու օր հետո Երեւանում առաջին անգամ տեղի են ունենալու ավագանու ընտրություններ, որոնց արդյունքում` կրկին առաջին անգամ մայրաքաղաքն ունենալու է թեկուզ անուղղակիորեն, սակայն ընտրված քաղաքապետ: Սա Հայաստանի համար միանգամայն նոր երեւույթ է: Մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը ընտրովի դարձնելը հիմնականում իշխանությունների կողմից ներկայացվում է որպես Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն, իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլ: Դեկլարատիվ հայտարարությունների մակարդակում դա այդպես էլ կա` առավելեւս, որ վերջին շրջանում Հայաստանը գոնե ֆորմալ առումով ակտիվորեն ներգրավված է դեպի եվրոպական ընտանիք տանող գործընթացներում: Գործնականում դա առաջին հերթին արտահայտվում է Եվրամիության Նոր հարեւանության եւ դրան մաս կազմող Արեւելյան գործընկերության ծրագրերում Հայաստանի մասնակցությամբ: Ինչպես եվրոպական գրեթե բոլոր կազմակերպությունների հետ համագործակցության փաստաթղթերում, այնպես էլ վերը նշված ծրագրերում մասնակից մյուս պետությունների հետ Հայաստանը ստանձնել է ժողովրդավարական արժեքները խորացնելու եւ հասարակության կենսագործունեության բոլոր ենթահամակարգերը (այդ թվում` քաղաքական ու տեղական ինքնակառավարման համակարգերը) եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու պարտավորությունը: Դժբախտաբար, եւ՛ այդ պարտավորությունները, եւ՛ դրանց կատարմանն «ուղղված» քայլերը դեռեւս մնում են միայն գեղեցիկ ձեւակերպումներ, ինչի մասին լավագույնս վկայում է հենց այս օրերին ընթացող Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ամեն ինչ ընթանում է հայաստանյան «բարի ավանդույթի» համաձայն` իշխանություններն իրենց թեկնածուին անցկացնելու համար կիրառում են բոլոր վարչական լծակները, նախընտրական գործընթացներում ներգրավված են կիսաքրեական տարրերը, նախապես կեղծվում են ընտրությունների մասնակիցների ցուցակները, եւ այլն, եւ այդպես շարունակ: Այսինքն` որպես «ժողովրդավարության կայացմանն ուղղված»՝ Երեւանի ավագանու ընտրություններն իրականում անցնում են նույն հակաժողովրդավարական մեթոդներով, եւ մեծ է հավանականությունը, որ դրանց արդյունքները կեղծվելու են նույն կերպ: Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք հերթական «եվրոիմիտացիայի» հետ, ինչի արդյունքում՝ Երեւանը արտաքուստ դառնալու է «կառավարման եվրոպական մոդել» ունեցող մայրաքաղաք, սակայն դրա ղեկավարությունը կատարելու է նույն «ֆունկցիան», որը կատարում են Հայաստանի գրեթե բոլոր տեղական ինքնակառավարման մարմինները` բարձրագույն իշխանության վերարտադրության ապահովում: Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում մեր այս թողարկումը նվիրված է տեղական ինքնակառավարման եվրոպական համակարգին, որին «ի պաշտոնե» ձգտում է նաեւ Հայաստանը: Դեռեւս՝ միայն հայտարարությունների ու ստորագրված, բայց չիրականացվող փաստաթղթերի մակարդակում: