Պարոն Լեւոնն, արդեն 17 տարի է` աշխատում է «Հրազդան» տոնավաճառում՝ որպես վաճառող:
«Պորտներս կտրել` գցել են էստեղ»,- ասում է նա ու ծիծաղում իր ասածի վրա: Բայց հետո միանգամից լրջանում է` հիշելով համաշխարհային տնտեսական ճգնաժամի «տուգանային» հարվածները «Հրազդան» մարզադաշտի դարպասներից դուրս` դեպի տոնավաճառի վաճառասեղաններ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս «խաղից» վաճառողներն արդեն հոգնել են, որովհետեւ, ըստ նրա` «խաղի» դատավորը շատ կողմնապահ է: Այս պարագայում ինչ էլ անեն, միեւնույն է` «գոլաշատ» տրամադրությունը հակառակորդի մոտ է: «Առաջվա «Հրազդանն» էլ չկա: Նախկինում էնքան հաճախորդ ունեինք: Հիմա` տեսեք, ժամը 12-ն է, բայց հըլա մարդ չկա: Ու օրեր են լինում, որ ընդհանրապես ոչ մի բան չենք ծախում»,- դժգոհում է պարոն Լեւոնը` մատնացույց անելով մեկ ամիս առաջ սպրինտ վիճակախաղի կտրոններով լի տոպրակը, որը կախել էր կոշկաթիի տակ: Դեռ մեկ ամիս առաջ «Հրազդան» մարզահամալիրի տնօրինությունն առեւտրի «աշխուժացման» համար սկսեց կիրառել նոր մեթոդ` յուրաքանչյուր գնորդին վաճառողն անվճար տալիս է սպրինտ վիճակախաղի տոմսը, եւ շահելու դեպքում` կատարած գնումից հանվում է շահած գումարի չափը: «էս ամեն ինչը ձեւականություն ա: Մեկ ա` առնողն առնելու ա: Շատերը չեն էլ իմանում: Կոնկրետ մեզ մոտ շահում չի եղել»,- նշում է վաճառող Լեւոնը: Իսկ մյուս վաճառողներն էլ սկսեցին դժգոհել սպրինտ վիճակախաղի տոմսերից: Աշխատակիցներից մեկը, որ պարապությունից տաղավարն էր ավլում, ցույց տալով տոպրակն՝ ասաց, որ 100 սպրինտից դեռ 30-ն է խաղարկվել, ու դրանցից միայն մեկն է շահել, այն էլ՝ 3000 դրամ: «Դե, ասում են, որ մարդ ա եղել` 20.000 դրամ ա շահել: Մեզ մոտ չի եղել: Ինձ ավելի շատ ներվայնացնում են էդ մենեջեր աղջիկները: Սրանք գիտե՞ս ինչ են անում` ասենք, մեկն իմ ապրանքը նայում ա ու դուրը չի գալիս, իրենք մի վռազ գալիս են կողմնորոշում, ասում են` եկեք, ուրիշ ապրանք ցույց կտանք»,- բորբոքվում է վաճառողուհին, որի բարձր ձայնից հարեւան տաղավարների աշխատակիցները նույնպես հավաքվեցին: Պարզվեց` նրանք բոլորն էլ դեմ են մենեջեր աղջիկների մատուցած ծառայությունների: Նշենք, որ շուրջ երկու շաբաթ է` «Հրազդան» տոնավաճառում գնորդներին «կողմնորոշում» են մի քանի ուսանող աղջիկներ, որոնց անվանում են մենեջեր: Այդ աղջիկները նույնպես «Հրազդան» մարզահամալիրի տնօրինության նորամուծություններից են: Նրանց ծառայությունը, որպես կանոն, հետեւյալն է. նրանք շրջում են տոնավաճառում, հանդիպած գնորդներից հարց ու փորձ անում, ավելի ճիշտ` տեղեկանում գնորդների «այցի» նպատակի մասին ու հետո կողմնորոշում: Այսինքն` եթե մարդ գնացել է կոշիկ գնելու, նա իրավունք չունի շեղվել իր նպատակից` աջուձախ նայելով, որի ընթացքում հնարավոր է, ասենք, ինչ-որ վերնազգեստ հավանի ու գնի: «Ըստ էության` էս մենեջերական ինստիտուտը վատը չի: Դա նաեւ շատ օգտակար է էն դեպքում, երբ մեր շուկայի տեսականին տարբեր լինի: Ասենք` էս կոշկեղենի տեսականուց միայն էստեղ լինի: Բայց մեր ամբողջ շուկայի ապրանքներն էլ նույնն են: Էս դեպքում` անընդունելի է դառնում էս մեթոդը»,- նշեց վաճառող Նորայրը: Այնուհետեւ վաճառողները սկսեցին վերհիշել մարտյան իրենց բողոքի ցույցը, որտեղ պահանջում էին տաղավարի տեղի հարկը պակասեցնել: Ցույցից հետո տեղի հարկը 225.000-ից իջավ 193.000-ի: «Դրանից մի քանի օր հետո էլի մի 3000-ով բարձրացրին: Հիմա շատ դժվար ա, օրինակ, էս ՀԴՄ-ների մեքենայի համար գումար ենք վճարում, ՀԴՄ-ների թուղթը փող արժե, ամեն ինչի համար վճարում ենք` բայց առեւտուր չենք անում»,- նշեցին աշխատակիցները: Այս ամենի մասին մարզահամալիրի տնօրինությունն այլ կարծիքի է:
«Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն Մերուժան Հակոբյանի կարծիքով` սպրինտի խաղարկությունը որոշակի դրական արդյունքներ տվել է, ու առաջիկայում իրենք պատրաստվում են թողարկել նոր խմբաքանակ: «Ապրիլից շրջանառվում է, բայց քանի որ դա նորույթ էր, հիմնական ազդեցությունը թողել է մայիս ամսվա մեջ: Դրա համար մայիսին թվերն ամփոփելուց հետո պարզ կլինի, թե որքան է դրական ազդեցությունը: Բայց այն, որ արդեն էս ամիս չի պակասել մեր հաճախորդների ու նաեւ վարձակալների թիվը, դա ինչ-որ բան նշանակում է»,- ասաց «Հրազդան» մարզահամալիրի տնօրենը` նշելով նաեւ մենեջերների ինստիտուտի մասին, որը գործում է սուպերմարկետներում: Սակայն այս երկրորդ մեթոդի արդյունքներն էլ դեռեւս ամփոփված չեն, ինչը տնօրինությանը չի խանգարում շարունակել նոր մեթոդների, այսպես ասած, որդեգրումը: «Մենք իրենց աշխատանքի արդյունքները կնայենք հունիսի վերջին: Մենք կտեսնենք, ենթադրենք, մայիսին ի՞նչ շրջանառություն է ունեցել, հունիսին ի՞նչ շրջանառություն է եղել: Կտեսնենք՝ աճ կա՞, թե՞ չէ: Ու մեր հանձնաժողովը կքննարկի դա»,- նշեց Մերուժան Հակոբյանը` ավելացնելով, որ իրենց նպատակը վաճառողներին օգնելն է, ու ճգնաժամից համատեղ ուժերով դուրս գալը: Իհարկե, այս նոր մեթոդներին առաջիկայում կավելանա նաեւ տոնավաճառի ներքին ռադիոհանգույցի ծառայությունը, ու գուցե՝ ավելի նոր ու թարմ մեթոդները, որոնք միտված են պարապության մեջ գտնվող վաճառասեղաններից այն կողմ թեժ կյանք, ավելի ճիշտ` թեժ առեւտուր ապահովելու համար: Նշենք, որ 1991թ. գործող «Հրազդան» մարզահամալիրի սնուցիչը հենց այս տոնավաճառն է, որի եկամուտներով էլ պահվում է մարզահամալիրը: Ահա հենց այստեղ էլ հասկանալի է տնօրինության շահագրգիռ լինելը ու նոր մեթոդների կիրառումը` պարապության մատնված վաճառողների համար: