Ինչպես խուսափել համաձայնագրից

20/07/2005 Գառնիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելություններն
արդեն սովորական են դարձել: Համանախագահներն այցելում են Բաքու, այնտեղից
գալիս են Երեւան, երբեմն՝ նաեւ Ստեփանակերտ, հանդիպում են նախագահների ու
արտգործնախարարների հետ, ոչինչ չասող մի քանի հայտարարություններ անում`
ցույց տալու համար, որ բանակցային գործընթաց, այնուամենայնիվ, գոյություն
ունի:

Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու
արտգործնախարարների հանդիպումները: Դրանց նպատակն ավելի շատ
բանակցությունների իմիտացիա ստեղծելն է, որի միջոցով դեռեւս հաջողվում է
պահպանել կարծես երկուստեք ձեռնտու ստատուս-քվոն: Համենայնդեպս, 2001
թվականի քիվեսթյան հանդիպումներից հետո ղարաբաղյան հակամարտության
կարգավորման բանակցությունները հայտարարությունների մակարդակից այն կողմ
չեն անցել: Սակայն համանախագահների վերջին` երկուշաբթի օրը սկսված
տարածաշրջանային այցը կարծես տարբերվում էր նախորդ այցելություններից.
նախ՝ մինչեւ Բաքու ժամանելը համանախագահների արած մի քանի
հայտարարություններով, եւ Բաքվում նրանց ունեցած հանդիպումների ոչ
ավանդական ֆորմատով: Իհարկե, համանախագահների այցը դեռեւս չի ավարտվել.
երեկ նրանք ժամանեցին Երեւան, որտեղից անմիջապես մեկնեցին Ստեփանակերտ:
Այսօր համանախագահները հանդիպելու են Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան
Օսկանյանի հետ եւ, հավանաբար, այցելությունն ամփոփող ինչ-որ
հայտարարություններ կանեն: Սակայն Ադրբեջանի ղեկավարության (եւ ոչ միայն)
հետ կայացած հանդիպումներից հետո համանախագահներն արդեն իրենց այցելության
նպատակների հետ կապված որոշ բացահայտումներ արել են: Ընդ որում,
ղարաբաղյան բանակցությունների ողջ ընթացքում առաջին անգամ համանախագահները
հանդիպել են նաեւ, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի
ներկայացուցիչների հետ, ինչը նրանք ընդգծում էին որպես կարեւոր հանգամանք:

Տարածաշրջան այցելելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի
Ռուսաստանի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե օգոստոսի
26-ին ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ
Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ նրանց կարող է ներկայացվել
կարգավորման աշխատանքային փաստաթուղթ: Ենթադրվում էր, որ համանախագահների
այցելության բուն նպատակը հենց դա է լինելու: Սակայն Ալիեւի հետ
հանդիպումից հետո նույն Մերզլյակովը հայտարարել է. «Հակամարտության խաղաղ
կարգավորման համաձայնագրի նախագիծը դժվար թե նախապատրաստվի մինչեւ
օգոստոս` Կազանում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների
հանդիպմանը ներկայացնելու համար: Մենք այժմ աշխատում ենք կարգավորման
սկզբունքների ձեւակերպումների վրա: Իսկ դրանից հետո համաձայնագրի
ձեւակերպումը կտեւի մի քանի ամիս»: Այս հայտարարությունից, իհարկե, կարելի
է ենթադրել, որ ադրբեջանական կողմը չի համաձայնել այդ համաձայնագրի
ինչ-ինչ դրույթների հետ: Մյուս կողմից, ամերիկացի համանախագահ Սթիվեն
Մաննի հայտարարությունը, թե «խաղաղության համաձայնագիրը կարող է
նախապատրաստվել ինչպես մի քանի ամսվա, այնպես էլ առաջիկա հարյուրամյակի
ընթացքում», հիմք է տալիս ենթադրելու, որ համաձայնագրի շուրջ սկզբունքային
համաձայնություն ձեռք է բերվել եւ, կախված քաղաքական հանգամանքներից, այն
կարող է հրապարակվել ուշ կամ շուտ: Այդ մասին է վկայում նաեւ երկու օր
առաջ «Ազատություն» ռադիոկայանի` «դիվանագիտական աղբյուրներից» ստացված
տեղեկությունը, որ համաձայնագրի նախնական տարբերակն արդեն պատրաստ է: Ըստ
այդմ, այն ենթադրում է, որ Ադրբեջանին են վերադարձվելու ազատագրված հինգ
շրջանները, ինչի դիմաց Ադրբեջանը համաձայնում է առաջիկա 10-15 տարիներին
հանրաքվե անցկացնել Լեռնային Ղարաբաղում: Քելբաջարը մնում է որպես այդ
հանրաքվեի իրականացման երաշխիք: Հատկանշական է, որ այս տեղեկատվությունը
պաշտոնապես որեւէ կողմից չի հերքվել: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին,
ապա այն, թերեւս, բանակցությունների առանձին տարր է: Ի դեպ, Բաքվում
համանախագահները հայտարարել են, որ Ադրբեջանի իշխանությունների հետ
քննարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման խնդիրը:
Տվյալ դեպքում՝ խոսքն Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհի մասին է,
որն անցնում է Հայաստանի եւ Ղարաբաղի տարածքով: Հիշեցնենք, որ այդ մասին
Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին մոտ մեկ ամիս առաջ Փարիզում
կայացած Օսկանյան-Մամեդյարով հանդիպումից հետո: Ըստ այդմ,
արտգործնախարարները քննարկել էին
Աղդամ-Ստեփանակերտ-Լաչին-Սիսիան-Նախիջեւան ավտոմայրուղու վերագործարկման
հարցը: Ընդ որում, ադրբեջանական կողմը պահանջել էր, որ այդ ճանապարհը
վերահսկվի համատեղ, այսինքն` ոչ միայն հայկական ուժերի կողմից: Այս
պահանջի տրամաբանությունն այն է, որպեսզի ներկայումս հայերի կողմից
վերահսկվող Լաչինի միջանցքը նույնպես վերահսկվի միջազգային ուժերի կողմից:
Այսինքն, այնուամենայնիվ, բանակցությունների ընթացքում, բացի հինգ
շրջաններից, քննարկվել է նաեւ Լաչինի վերադարձման հարցը:

Ինչեւէ: Անկախ համանախագահների փիլիսոփայական հայտարարություններից,
ակնհայտ է, որ ինչ-որ համաձայնագիր, այնուամենայնիվ, նախապատրաստվում է:
Ինչպես որ ակնհայտ է, որ այդ համաձայնագիրը լինելու է փուլային
կարգավորման սկզբունքով` որքան էլ իշխանություններն այն անվանեն
«փուլափաթեթային»: Ընդ որում, այս դեպքում անորոշության գործոնը շատ ավելի
մեծ է, քան 1997 թվականին առաջարկվող փուլային տարբերակով: Բնականաբար,
իշխանությունները Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու հանգամանքն ամեն կերպ
ներկայացնելու են որպես Հայաստանի դիվանագիտական հաղթանակ: Սակայն դրանից
խնդրի էությունը չի փոխվում: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն իշխանության
եկավ ղարաբաղյան հարցը փաթեթային տարբերակով լուծելու եւ «8 հազ. քառ/կմ
Ղարաբաղի» կարգախոսներով: Չստացվեց: Արդյունքում՝ Հայաստանը կորցրեց 7
տարի, դուրս մնաց բոլոր տարածաշրջանային քաղաքական ու տնտեսական ծրագրերից
եւ այսօր ստիպված է համաձայնել այն տարբերակին, որն առաջարկվում էր 1997
թվականին: Իհարկե, ավելի վատ պայմաններով ու ավելի անորոշ հեռանկարներով:
Այնպես որ, ինչպես անցած 7 տարիներին, այնպես էլ այսօր՝ Ռոբերտ Քոչարյանն
ամեն ինչ պետք է անի նման համաձայնագրից խուսափելու համար: Այս իմաստով,
Սթիվեն Մաննի «առաջիկա հարյուրամյակի ընթացքում» արտահայտությունը
միանգամայն համընկնում է Քոչարյանի պլանների հետ: Չէ՞ որ Վարդան Օսկանյանն
էլ էր հայտարարել, թե Հայաստանը կարող է 100 տարի էլ զարգանալ առանց
Ղարաբաղի հարցի լուծման ու սահմանների բացման: Հավանաբար, հենց սա էլ
փորձելու են Քոչարյանն ու Օսկանյանը համոզել այսօր համանախագահների հետ
կայանալիք հանդիպման ժամանակ:

Հ.Գ.- Ազատագրված տարածքները վերադարձնելու մասին սկսել են խոսել
անգամ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները: ԼՂ Պաշտպանության բանակի նախկին
հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել էր, թե քննարկվող «5+1+1»
ձեւաչափից պետք է հանել միայն վերջին երկու մեկերը: Իսկ Սերժ Սարգսյանի
հիմնական ֆունկցիան վերջին շրջանում դարձել է ազատագրված տարածքների
վերադարձման անհրաժեշտության մասին խոսելն ու դրա համար իրեն
«կսմթողներին» պատասխանելը: