Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող փաստահավաք խումբը` իշխանությունների ակտիվ միջամտությամբ անգործության մատնվելուց հետո, այժմ էլ կանգնել է փաստացի փլուզման վտանգի առջեւ: Փաստահավաք խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե մտադիր է դադարեցնել իր գործունեությունը փաստահավաք խմբում: Իր մտադրությունը նա պատճառաբանել է խմբում ստեղծված «անառողջ մթնոլորտով»: Հետաքրքիր «զուգադիպությամբ» նույն բանն ասել է նաեւ փաստահավաք խմբում նախագահի ներկայացուցիչ Ռոբերտ Ավագյանը` մանրամասնելով, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ինքը չի ստորագրել մարտի 1-ին զոհված Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ փաստահավաք խմբի փաստաթուղթը: Սա, ըստ էության, ինքնախոստովանանքի նման բան է, որով Ավագյանը մատնել է նաեւ իշխանությունների ծրագրերը փաստահավաք խմբի գործունեության, ավելի ճիշտ` նրա աշխատանքը կազմալուծելու առնչությամբ: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. փաստահավաք խումբը պարզել է, որ Հատուկ քննչական ծառայությունը եւ մնացած պետական գերատեսչությունները ակնհայտորեն կոծկել են Համլետ Թադեւոսյանի մահվան իրական հանգամանքները, այն է` սպան զոհվել է ոչ թե ցուցարարների կողմից արձակված նռնակի, ինչպես «սարքված» էր քրեական գործի նյութերում, այլ իր ձեռքում եղած նռնակի պայթյունի հետեւանքով: Այսինքն` փաստահավաք խմբի հետագա գործունեությունը կարող էր ջրի երես հանել առանձին վերցրած մարտի 1-ի բոլոր զոհերի մահվան իրական հանգամանքները եւ ընդհանուր առմամբ ու վերջնականապես` այդ ոճրագործության բոլոր կազմակերպիչներին եւ իրականացնողներին: Այնպես որ, իշխանություններին պետք էր դադարեցնել փաստահավաք խմբի գործունեությունը, ինչը եւ արել են` առայժմ` Վահե Ստեփանյանի «ինքնաբացարկի» միջոցով: