Փաստահավաք խումբը փլուզվում է

26/05/2009

Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով անցած տարեվերջին ստեղծված Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մտադիր է հեռանալ Փաստահավաք խմբից: Այդ մասին նա երեկ ասել է «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում` իր մտադրությունը բացատրելով խմբում ստեղծված իրավիճակով, որը «փոխհարաբերությունների առումով բավականին բարդ է եւ ժամանակի ընթացքում սրվում է»: «Ես հույս ունեի, որ որոշ ժամանակ եթե չհավաքվենք, դրանից հետո վիճակը կթեթեւանա, բայց հակառակը ստացվեց: Շատ ծանր շփումներ են խմբի ներսում: Ինձ համար ես այստեղ հեռանկար այլեւս չեմ տեսնումգ Իմ բոլոր մտորումները բերում են նրան, որ ես այնտեղ չեմ կարող երկու կողմին այլեւս հավասարակշռել, ապահովել նրանց համագործակցությունը»,- հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վ. Ստեփանյանը` պարզաբանելով, որ 2 կողմ ասելով՝ նկատի ունի խմբում ընդդիմության եւ երկրի նախագահի ներկայացուցիչներին: Փաստահավաք խմբում նախագահ Սերժ Սարգսյանի նշանակած ներկայացուցիչներից Ռոբերտ Ավագյանը «Ազատության» հետ զրույցում ամբողջ մեղքը բարդել է ընդդիմության ներկայացուցիչների վրա: «Վ. Ստեփանյանը կատարում էր հավասարակշռության եւ զսպումների դերակատարությունը: Բայց Վ. Ստեփանյանին հասցրել են այդ վիճակին: Ինձ էլ են հասցրել: Եվ իմ կոլեգային էլ են հասցրել»,- ասել է նա, ըստ որի՝ «խմբում ոչ մի հանդուրժողականության մասին խոսք չէր կարող լինել»: Նա ասել է նաեւ, թե իրավիճակը հատկապես սրվել է այն բանից հետո, երբ պատրաստ է եղել մարտի 1-ին զոհված Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ փաստաթուղթը, որի տակ ինքը չի ստորագրել: Իսկ Փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ասել է, թե անկախ նրանից, երկխոսություն կլինե՞ր, թե՞ ոչ, խումբը ստեղծվել էր մեկ նպատակով` արձանագրել եւ ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին վերաբերող բոլոր փաստերը: «Տանք դրանց գնահատականները եւ, նախագահի կարգադրությունից ելնելով, ուսումնասիրեինք բոլոր այն հանգամանքները, որոնք առաջացրել են մարտի 1-ի դեպքերը եւ բերել են մարդկային զոհերի,- ասել է Ա. Քոչարյանը` ավելացնելով,- Փաստահավաք խումբը ցանկացած պայմաններում, եթե ստեղծված էր փաստեր հավաքելու համար, պետք է աշխատեր»: Հիշեցնենք, որ Փաստահավաք խմբի գործունեությունը ժամանակավորապես (9 աշխատանքային օրով) դադարեցվել էր: Մայիսի 18-ից խումբը պետք է վերադառնար բնականոն աշխատանքի, սակայն, ինչպես երեկ «Ազատությանը» վստահեցրել է Ա. Քոչարյանը, խումբը ընդամենը մեկ օր է լիարժեքորեն աշխատել: «Խմբի ղեկավարը ամսի 19-ին գնաց, եւ դրանից հետո մեզ չի հաջողվել հանդիպել պարոն Ստեփանյանի հետ: Մեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որտեղ նա ասել է, թե պարզապես չի ցանկանում վերադառնալ»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչը` նշելով, որ Ստեփանյանը պարտավոր էր տեղյակ պահել խմբի անդամներին: «Եթե չէր ցանկանում աշխատել, պետք է կամ հրաժարվեր խմբի ղեկավարի պաշտոնից, կամ պետք է հայտարարեր, որ ինչ-ինչ պատճառներով էլ չի ցանկանում խմբում ներգրավված լինել, ու արդեն խնդիրը կտեղափոխվեր մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների սահմաններում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանը պիտի որոշեր, քանի որ ինքն է գործուղել պարոն Ստեփանյանին փաստահավաք խումբ»: Նշենք, որ խմբի ստեղծման վերաբերյալ Սերժ Սարգսյանի կարգադրության մեջ որեւէ սահմանում չկա, թե ինչպես պետք է վարվի խումբը նման իրավիճակում: «Երբ առաջանում է որեւէ իրավիճակ, որը իրավական լուծում չունի, ենթադրվում է, որ պետք է փոփոխություն կատարել,- ասել է Վ. Ստեփանյանը` շարունակելով,- Այստեղ կա երկու խնդիր. առաջինը` մեկնաբանել եղած կարգադրությունը, եւ, անհրաժեշտության դեպքում` փորձել փոփոխություն կատարել կարգադրության մեջ»: Ա. Քոչարյանը այս կապակցությամբ փոքր-ինչ այլ կարծիք ունի: «Առաջին հերթին, պետք է խմբի ղեկավարը որոշի իր իրավական կարգավիճակը. Ինքը վերջապես խմբի ղեկավա՞ր է, թե՞ ոչ: Ինքը խմբից դո՞ւրս է եկել, թե՞ ոչ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը որեւէ պատասխանատվություն կրո՞ւմ է իր արած այս քայլերի համար»: