«Կա՛նգ առ, ակնթարթ, ինչ չքնաղ ես դու»

26/05/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Կամրջից ցած նետվելու կամ կախվելու միջոցով ինքնասպանություններին վերջին տարիներին ավելացել է նաեւ սոցիալական բողոք-ինքնասպանության մեկ այլ տարբերակ` ինքնահրկիզումը, եւ որպես կանոն` կառավարության շենքի մոտ կամ, ինչպես վերջերս եղավ, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մուտքի մոտ: Ինքնասպանների մասին պաշտոնական տեղեկատվությունը խիստ լակոնիկ է եւ չոր: Նույնքան խիստ ու չոր է նաեւ եկեղեցու վերաբերմունքը: Սակայն, որքան էլ բոլոր կրոնները կարծր դիրքորոշում ունեն անձնասպանների հանդեպ, դրանից կյանքից կամավոր հեռացողների թիվը չի պակասում: Ինքնասպանության միջոցով իրենց կյանքին վերջ են տվել Չայկովսկին, Հեմինգուեյը, Մայակովսկին: Անցյալ տարի կյանքից կամավոր հեռացավ հայ ամենատաղանդավոր երգչուհիներից մեկը` Էլվինա Մակարյանը: Յուրաքանչյուրի մոտիվը տարբեր է եւ անչափ դրամատիկ: Ինքնասպանության մասին մտածել են թերեւս մեզնից շատերը: Ի՞նչ է անձնասպանությունը` մեծ մե՞ղք, թե՞ հիվանդություն: Այս թեմայով զրույցի ենք հրավիրել արժանապատիվ տեր Մեսրոպ քահանա Արամյանին եւ Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանին:

– Տեր հայր, ինքնասպանության ամենաուշագրավ դեպքը Աստվածաշնչից է. Հուդան, դավաճանելով Տիրոջը, զղջաց, չներեց ինքն իրեն եւ կախվեց: Աստվածաբանները պնդում են, որ եթե անգամ ինչ-որ տեղ ներելի է Հուդայի դավաճանությունը, ապա անձնասպանությունը ներել որեւէ ձեւով հնարավոր չէ: Ինչո՞ւ է եկեղեցին այդքան անհանդուրժող անձնասպանների հանդեպ:

– Եկեղեցական աստվածաբանության մեջ անձնասպանությունը համարվում է ծանր մեղք: Եվ եկեղեցին ունի շատ կարծր դիրքորոշում այս մեղքի նկատմամբ: Սա հետեւանք է մեկ այլ ծանր մեղքի` հուսահատության, երբ կորցնում ես ապրելու հույսը, հույսն` առ Աստված: Ըստ եկեղեցու հայրերի, աստվածաբանների` կյանքը մեծագույն պարգեւ է եւ կյանքն ունի տեր. դրա տերն Աստված է: Կյանքը որեւէ մեկի անձնական սեփականությունը չէ: Դա մարդուն տրված մեծագույն բարիք է, եւ մարդ պարտավոր է գործածել այդ բարիքը` այն տվողի կամքի համաձայն: Կյանքի սրբությունը, արժանապատվությունը կարեւոր հասկացություններ են հոգեւոր գիտակցության մեջ, եւ որեւէ մեկը չի կարող կամայականորեն վերաբերվել սրան: Այլ կերպ ասած` ինքնասպանությունը մի մեծ խզում է կյանքի բուն էության հետ: Հասկանալի է, որ այդտեղ կան տարբեր նրբերանգներ: Օրինակ` մարտիրոսության գաղափարը. դու զոհում ես կյանքդ, գնում ես գիտակցված մահվան` հանուն ինչ-որ գաղափարի: Կարեւոր է նախընթացը` ի՞նչն է բերում մարդուն այդ վիճակի` կյանքի ճշմարիտ իրականության հետ կատարյալ խզո՞ւմը, թե՞ ներդաշնակությունը, ինչպես սրբերի պարագայում է:

– Պարոն Գասպարյան, տեր հայրը նշեց, որ կյանքը մեծագույն պարգեւ է` տրված Աստծո կողմից, եւ այն կամավոր ընդհատելը լուրջ մեղք է: Որպես հոգեբան` Դուք եւ՞ս այդ կարծիքին եք:

– Մարդու ինքնասպանության փաստը, եւ դա ապացուցված է, հոգեկան խեղաթյուրման հետեւանք է: Եվ ինքնասպանությունների զգալի մասը տեղի է ունենում հոգեկան տարբեր դժվարությունների հետեւանքով: Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով` Հայաստանն ինքնասպանությունների թվով վերջին տեղերից մեկում է: Առաջին տեղերում են եվրոպական զարգացած երկրները: Գիտե՞ք, ես ուզում եմ առաջարկել, որ մեր եկեղեցին փոխի իր մոտեցումը. աշխարհի շատ եկեղեցիներ արդեն փոխել են: Կա երկու խնդիր, որոնց մասին մեր եկեղեցին, ցավոք, լուռ է: Նախ` մենք պետք է ընդունենք, որ ինչպես բոլոր այլ հիվանդությունները, որոնց կրողներին չենք մերժում մահվանից հետո հուղարկավորել` համաձայն եկեղեցական ծիսակարգի, այնպես էլ ինքնասպանությունը, հոգեկան խեղաթյուրման հետեւանք է: Կյանքն ապացուցել է, գիտությունը հաստատել է, որ ծանր դեպրեսիվ էպիզոդները կարող են ավարտվել ինքնասպանության փորձերով կամ ինքնասպանությամբ: Երկրորդ. այն, որ Հայաստանում ինքնասպանությունների թիվն այնքան էլ մեծ չէ, որքան եվրոպական երկրներում, գուցե այնքան էլ ճշգրիտ տեղեկատվություն չէ, որովհետեւ բանակում տեղի ունեցող ինքնախեղումներն ու ինքնասպանությունները, օրինակ, մատուցվում են որպես դժբախտ պատահարներ:

(Լ.Ա.) Բացի այն, որ եկեղեցին խիստ է ինքնասպանների հանդեպ, բոլորս էլ, ենթագիտակցորեն, գուցե, հակված ենք դատապարտել ինքնասպաններին: Իր մեկ տարեկան երեխային որբ թողած երիտասարդ մոր ինքնասպանությունն, օրինակ, բարդ է հասկանալը: Բոլորը գիտեն, որ Դանթեի «Աստվածային կատակերգության» մեջ իններորդ պարույրում են ամենեւին ոչ նախագահներն ու վարչապետները, եւ ոչ էլ օլիգարխներն` իրենց թիկնապահներով, այլ ինքնասպանները: Ինչո՞ւ, տեր հայր:

(Տեր Մեսրոպ) – Հարց բարձրացվեց, որ հաճախ ինքնասպանության են դիմում մարդիկ, ովքեր ունեն լուրջ հոգեկան խանգարում: Եկեղեցին համահավասար չի դիտում սառը, սթափ գիտակցությամբ ինքնասպանություն կատարողներին եւ հիվանդության հետեւանքով կյանքին վերջ տվածներին:

(Լ.Ա.)
Այսինքն` հետաքննությո՞ւն է կատարվում:

(Տեր Մեսրոպ) – Եկեղեցական աստվածաբանության մեջ մարդն, ի վերջո, պետք է կանգնի Աստծո դատաստանի առաջ, պատասխան պետք է տա իր արարքների համար: Բնականաբար, նրա պատասխանատվության աստիճանը, ով գիտակցաբար չի գործել այդ մեղքը, ավելի ցածր է լինելու: Պետք է հասկանանք, որ այստեղ կան նաեւ պրոցեսի մասնակիցներ: Երբեմն մարդը ոչ միայն սեփական գիտակցությամբ է որոշում, նրան դրդում, ուղղորդում են: Եկեղեցին այս ամենի հանդեպ ունի որոշակի տարբերակում: Եկեղեցին իր կարծրությամբ որոշակի կերպով ընդգծում է նաեւ կյանքի արժեքը: Պատկերացրեք, եթե եկեղեցին դարերի ընթացքում ունենար այլ տեսակետ, խրախուսվեր անձնասպանությունը, ինչի՞ կարող էր դա հանգեցնել: Եթե հակառակից գանք, դրանում կարող ենք դիտել կյանքի արժեքն ընդգծելու շատ կարեւոր դիրքորոշում: Ի վերջո, ինքնասպանությունը ոչ այլ ինչ է, քան ակտ Աստծո դեմ: Որովհետեւ դու կատարում ես ոճրագործություն մի բանի համար, ինչը քոնը չէ, ինչը քեզ տրված չէ: Մարդու ծնունդն ու մահը համարվում են Աստծուց տրված բացառիկ շնորհներ: Եթե մարդը գնում է ընդդեմ դրանց, ուրեմն գնում է ընդդեմ կյանքի, Աստծո: Եվ դրա համար եկեղեցին ունի շատ կարծր դիրքորոշում: Եկեղեցին ունի նույնքան կարծր դիրքորոշում նաեւ ամուսնալուծությունների հանդեպ: Հիմա կարող եք հարց բարձրացնել եւ ասել` այսքան մարդ է ամուսնալուծվում, ինչո՞ւ եկեղեցին չի փոխում իր դիրքորոշումը: Եկեղեցին հասկանում է, որ կյանքը պտղաբերություն է, շարունակականություն, դա է կյանքի օրենքը: Եկեղեցին ուրիշ դրսեւորում չի կարող ունենալ: Ես դիտողությունն ընդունում եմ եւ համարում եմ, որ եկեղեցին յուրաքանչյուր ժամանակի համար որոշակի դիրքորոշումներ, այնուամենայնիվ, պետք է մշակի:

(Խ.Գ.) – Կաթոլիկ եկեղեցին նախկինում ինքնասպանությունը համարում էր մեղք, հետո վերանայեց իր այդ մոտեցումը, հիմա թույլ է տալիս նման մարդկանց` թաղվել եկեղեցապատկան գերեզմանատներում:

(Լ.Ա.)
Սակայն, պրն Գասպարյան, քիչ առաջ նշեցիք, որ նույն այդ կաթոլիկ երկրներում ինքնասպանությունների թիվն անհամեմատ մեծ է, քան Հայաստանում: Եվ սա` մեր եկեղեցու կարծր դիրքորոշման պայմաններում:

(Խ.Գ.) – Կարծում եք, որ եկեղեցու կարծրատիպությունն ունի կանխարգելիչ նշանակությո՞ւն: Նույնիսկ, եթե խոսքը մեկի մասին է, ով հավատում է Աստծուն, եւ եթե նա որոշում է ընդունել` ինքնասպանություն գործել, ինքնասպանության փորձ կատարելիս հավատն իրեն չի օգնում: Դա մի յուրահատուկ հոգեվիճակ է, որտեղ մարդու մոտ սուբյեկտիվ անելանելիության զգացողություն է առաջանում, եւ նա որեւէ լուծում չի տեսնում:

(Լ.Ա.)
Նշեցիք, որ անգամ հավատը մարդուն չի կարող փրկել ինքնասպանություն կատարելուց: Այդ դեպքում, ստացվում է, որ որեւէ ելք, միջոց չկա՞, որը կստիպի մարդուն` կյանքին կամավոր վերջ չտալ:

(Խ.Գ.) – Այս մասին խոսելիս մենք պետք է շատ զգույշ լինենք: Եթե որեւէ մեկն ունի ներքին հոգեկան խնդիրներ, եւ մենք նրան էսպես, դիսկուսիայի ձեւով առաջարկում ենք այս մասին լսել, շատ վտանգավոր է: Մի դեպք եմ հիշում. Երեւանի հատուկ թեքումով դպրոցներից մեկում մի երեխա էր ինքնասպան եղել: Ինքնասպանություն գործած երեխայի նկարը դրել էին կենտրոնում, բոլորը նրա մասին գովեստով էին խոսում: Կեղծ տպավորություն էր ստեղծվել, թե նա հերոս է: Եվ նրա շատ հասակակիցներ, ինչպես հետո պարզեցինք, եկել էին եզրակացության, թե ինքնասպանությունը եւս վարքի մի մոդել է, որը կարելի է կիրառել: Եվ երբ մենք ուսումնասիրում էինք հարեւան դասարանի երեխաներին, երեք հոգի հայտնաբերեցինք ռիսկի խմբում: Մեկը անգամ նամակ էր գրել, որով հրաժեշտ էր տալիս կյանքին: Մայրը, բարեբախտաբար, գտել էր: Օրինակ` հեռուստաընկերությունները հաղորդում են` այսօր, ժամը այսինչին, այսինչ կամուրջից իրեն ցած է նետել մի տղամարդ կամ կին: Այդ ինֆորմացիան` առանց մշակելու, առանց հոգեբանական վերաքննության ենթարկելու, շպրտվում է հասարակությանը, եւ յուրաքանչյուրն իր ձեւով է դա ընկալում ու արձագանքում:

(Լ.Ա.) Տեր հայր, նշվեց, որ հավատը, եկեղեցին ամենազոր չեն` կանխելու անձնասպանությունը: Գուցե իրոք ժամանա՞կն է` փոխել վերաբերմունքը: Օրինակ, արեւելյան որոշ երկրներում, քանի որ չեն կարողանում կանխել ինքնասպանությունները, որոշում են ընդունել` ով ինքնասպան լինի, նրա մերկ մարմինը հետմահու կդրվի հասարակությանն ի տես: Եվ ամոթի, անհարմարության զգացողությունը շատերին ետ է պահում ինքնասպանությունից:

– Նախ` այն մասին, որ հավատն ամենազոր չէ` կանխելու ինքնասպանությունները: Թույլ տվեք սրան, մեղմ ասած, չհամաձայնել: Որպես հոգեւորական` շատ եմ առնչվում այս խնդրին, եւ շատ դեպքերում մարդուն դեպի հավատի պոզիտիվ դաշտ տեղափոխելը խնդրի լուծում է: Հավատը շատ կարեւոր է` մարդու մոտ կյանքի իրական հույս ձեւավորելու համար: Ոչ միայն ինքնասպանության պարագայում: Կան դեպքեր, երբ բժշկությունն ուղղակի անզոր է (օրինակ` թմրամոլության պարագայում), եւ հավատը շատ է օգնում մարդկանց` դուրս գալու այդպիսի իրավիճակներից: Արեւելյան այդ փորձառությանը ես այդքան էլ չեմ հավատում: Ինձ թվում է` դա մարդուն ստորացնող միջոց է, երբ փորձում ես մարդկային կյանքը հակառակ էֆեկտներով արժեւորել: Շատ ցածր գիտակցության տեր պետք է լինեն մարդիկ, ում այդպիսի մեթոդներով կարողանաս ետ պահել ինքնասպանությունից: Եկեղեցին այդպես չի աշխատում. մենք հավատում ենք մարդու աստվածային նմանությանը, մարդու մեջ դրված աստվածային ազատության այդ կարեւորագույն սկզբունքին: Եթե որեւէ բան չի ամրագրվում մարդու ներքին ազատությանը զուգընթաց, դա մարդու մոտ իրական արժեք չի կարող լինել: Այո, մարդը անելանելիության վիճակում է, սակայն մենք նաեւ հասկանում ենք, որ նա մենակ չէ: Եկեղեցին, ի տարբերություն աղանդավորական ընկալումների, երբեք չի չարաշահում մարդու ազատության այդ կարեւորագույն հանգամանքը: Աղանդավորական շարժումներում դու ձեռք ես բերում մանիպուլյացված գիտակցություն, վաճառում ես ազատությունը` որոշակի հոգեւոր կոմֆորտ ձեռք բերելու համար: Երբ խոսում ենք հոգեբանության, հոգեվերլուծության մասին, նկատենք, որ եկեղեցական խոստովանությունն ընկած է դրա հիմքում: Եկեղեցին այդ առումով ունի երկուհազարամյա փորձառություն: Եվ եկեղեցու ամենամեծ գանձը նրա կուտակած այդ փորձառությունն է: Մենք գիտենք` ինչ է մարդ-արարածը, ինչ է կատարվում նրա հետ, ինչ խորհուրդներ պետք է տալ նրան` այդ ծանր իրավիճակից հանելու համար: Եկեղեցին կարող է ամենածանր վիճակում գտնվող մարդու հոգում վառել ճշմարիտ լույսը, որ մարդն իսկապե՛ս գնահատի կյանքը եւ իր ողջ կյանքի ընթացքում ուրախ եւ երախտապարտ լինի, որ Աստված իրեն պարգեւել է այդ կյանքը: