Չեն ներելու

26/05/2009

Կիրակի օրը Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչները նախընտրական հանդիպում են ունեցել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում` հիշատակելով իշխանությունների քարոզարշավի խոստումները, ասել է. «Հետեւեք իրենց քարոզարշավին` «մենք որ գանք, գնահատելու ենք մարդուն, քաղաքը վերադարձնելու ենք քաղաքացուն». էդ տղերքին ուզում եմ հարց տալ` տղերք Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը էս քաղաքից չե՞ն, քաղաքացի չե՞ն, էդ տղերքը, որ քաղբանտարկյալ են, նստած են, իրենք էս քաղաքից չե՞ն, դուք այդպես ե՞ք մարդկանց գնահատելու, էդ ո՞նց եք իրավունքը վերադարձնելու քաղաքացուն, երբ ծպտուն անգամ չեք հանել, երբ էդ մարդկանց բանտարկել են: Մարդուն գնահատելու ձեր արժեքնե՞րն են. սա քաղաքական, ներքաղաքական արժեք էլ չի, սա բարոյական արժեք է, հետեւաբար՝ ստում եք, տղե՛րք, դուք ոչ մեկին ոչինչ վերադարձնել չեք կարող»: Նա հայտարարել է, որ Հայաստանի առաջ ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին խնդիրներն այս իշխանությունները չեն կարող լուծել, դա կարող է լուծել մեկ մարդ, եւ այդ մարդը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Կիրակի օրվա հանրահավաքի ժամանակ մի ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Այգում, որտեղ անցկացվել է ՀԱԿ նախընտրական հանդիպում-հանրահավաքը, հայտնվել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` Լֆիկ Սամոն, մի խումբ մարդկանց հետ: Նա, անցնելով հարթակի կողքով, կանգնել է այգու մի անկյունում, որոշ ժամանակ լսել ՀԱԿ-ի անդամների ելույթները եւ հեռացել: Նշենք, որ կիրակի օրը հիմնական հանդիպումից առաջ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Սմբատ Այվազյանի եւ Հակոբ Հակոբյանի ընտանիքներին: Այս երկու քաղբանտարկյալներն էլ այս համայնքի բնակիչներ են: Իսկ հանդիպման ընթացքում ունեցած ելույթում ՀԱԿ ղեկավարն արձանագրել է, որ այս ընտրարշավի ժամանակ Ոստիկանությունը կարգ ու կանոն է պահում, ապահովում է հանրահավաքների, երթերի հարթ ընթացքը: ՀՀ առաջին նախագահը նույնիսկ վստահություն է հայտնել, որ նրանք նույն կերպ կվարվեն մինչեւ ընտրությունների ավարտը եւ հատկապես քվեարկության օրը: Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, դիմելով ժողովրդին, ասել է, որ կարող է նրանց շնորհավորել, քանի որ քաղբանտարկյալների ազատագրումն արդեն շաբաթների հարց է, իսկ եթե ժողովուրդն իրեն ճիշտ դրսեւորի, ապա մայիսի 31-ի հաջորդ օրը նրանք արդեն պետք է ազատագրված լինեն: «Բայց ասեմ. անգամ ընտրություններից անկախ, դրա ելքից անկախ, միեւնույն է, նրանք շատ շուտով բանտերից դուրս են գալու: Կան լուրջ իրադարձություններ աշխարհում, ասեմ` գլխավորը ԵԽ ԽՎ-ի վերաբերմունքն է: Ինչպես էլ վերաբերվենք Կոլոմբիեին, Պրեսկոտին եւ այլն, բայց նրանք մի բան են հասկացել եւ խորապես վիրավորված են այս իշխանություններից: Այս իշխանությունները նրանց խաբել են: Նախորդ նստաշրջանում խոստացան, որ Քրեական օրենսգրքի 300 հոդվածը փոխելով, քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու: Հոդվածը փոխեցին, բայց տղաները դեռ բանտում են, սա չի ներվելու այս իշխանություններին: Այս իշխանությունները, շատ ներողություն, իրենց լեզվով եմ ասում, իրենք ուրիշ լեզու չեն ճանաչում, քցող իշխանություններ են: Այսինքն` Սահմանադրություն գոյություն չունի, ոչնչացրել են, նույնիսկ իրենց գողական օրենքը նրանք խախտում են, սրանք գող էլ չեն` քցող են»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Անդրադառնալով նաեւ այն փաստին, որ վերջին շրջանում շատերը իմանալով, որ քաղբանտարկյալները դուրս են գալու բանտերից, ցանկանում են «լավամարդ լինել», մասնավորապես, որոշ պատգամավորներ այցելել են բանտեր եւ վստահեցրել քաղբանտարկյալներին, որ իրենց հարցերը կլուծեն, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է. «Եթե դուք ուզում եք հարց լուծել, հարգելի մի քանի օլիգարխներ, եթե դուք ուզում եք իսկապես ազատել այդ տղաներին, մեկ բան պիտի անեք՝ չխանգարեք Հայ Ազգային կոնգրեսին հաղթանակ տանելու այս ընտրություններում: Մնացած ամեն ինչ սուտ է: Ոչ ոք չի հավատա նրանց խոսքերին. տղամարդ եղեք մի անգամ գոնե: Եթե պետության մասին չեք մտածում, եթե ժողովրդի մասին չեք մտածում, գոնե այդ տղայական հարաբերություններում ձեր պատիվն ու թասիբը պահեք, այս անգամ մի խանգարեք, որովհետեւ, միեւնույն է, դուք պատժվելու եք: Միեւնույն է, այս ժողովուրդը հաղթելու է, դուք չեք կարող ժողովրդին ծնկի բերել: Այնպես մի արեք, որ արժանանաք այս ժողովրդի հավերժական նզովքին, այնպես մի արեք, որ նրանք ամաչեն ձեր անունը տալ: Ես վստահ եմ` իշխանությունները չեն կարող անել այն, ինչ արեցին 2008 թվականի ընտրություններին: Մնում են այդ օլիգարխ կոչեցյալները, բայց նրանցից մի քանիսը արդեն խելոքացել են: Խելոքացել են, եւ վստահ եմ` այսօր նրանք կկանգնեն իրենց ժողովրդի կողքին, թո՛ղ մյուսներն օրինակ վերցնեն նրանցից, այլապես` կորցնելու են: Սա իմ վերջին բարի խորհուրդն է նրանց»: