«Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից Հայաստանը, հավանաբար, աշխարհի եզակի տեղերից է, որտեղ ՆԱՏՕ-ի զինվորները, տվյալ դեպքում՝ թուրք զինվորները կանգնած են ռուս զինվորների դեմ: Այս ամենը շատ նման է «սառը պատերազմի» արձագանքին»,- «Թուրքիայի հետ սահմանի մոտ բնակվող հայերը զգուշությամբ են վերաբերվում հարաբերությունների ջերմացմանը» հոդվածում նման կարծիք է հայտնել «The New York Times» թերթի լրագրողը:
«Բլուրի վրա գտնվող Խոր Վիրապ վանքից պարզորեն երեւում են թուրքական հողերը, որտեղ ժամանակին ապրել են էթնիկ հայերը: Թուրքական կառավարությունն, արդեն վաղուց է, ինչ վիճարկում է Ցեղասպանության փաստը` պնդելով, որ հայերը կեղծում են պատմական փաստերը: Նրանք ասում են, որ Առաջին համաշխարհային պատերազմը մռայլ ժամանակաշրջան է եղել, երբ պատերազմի թոհուբոհում բազմաթիվ էթնիկ հայեր են զոհվել: Սակայն, համաձայն նրանց հայտարարությունների, հայերի ոչնչացման ոչ մի արշավ չի կազմակերպվել, եւ նրանք պնդում են, որ այդ ժամանակ զոհվել են նաեւ բազմաթիվ էթնիկ թուրքեր: Պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ թուրքերի հայտարարությունները վստահության արժանի չեն»,- գրել է հոդվածի հեղինակը: