Դիրքորոշումը չի փոխվել

25/05/2009

«Ես չեմ կարծում, որ Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը Ադրբեջանի հետ բանակցություններում, դա մեր բնորոշումը չէ: Ինչպես գիտեք, ԼՂ հակամարտության առանցքային խնդիրը դա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը` ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, որ մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները»,- երեկ Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո ադրբեջանական մամուլում հրապարակվող տեղեկությունները, թե Հայաստանը կոշտացրել է դիրքորոշումը: «Մենք պատրաստ ենք շարունակելու բանակցությունները եւ, ինչպես գիտեք, մեր հաջորդ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ պետք է լինի հունիսի սկզբներին, ամենայն հավանականությամբ, Սանկտ Պետերբուրգում, եւ ես հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները նորից չեն փորձելու խեղաթյուրել մեր հանդիպման իմաստը եւ չեն ասելու, որ Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը»,- ասել է Ս. Սարգսյանը: Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին, Ս. Սարգսյանը հայտարարել է. «Դժվարին խնդիրների լուծումը պահանջում է մեծ ջանք, պահանջում է անցնել նույնպիսի դժվարին ճանապարհ, դժվարին ճանապարհն անցնելու ընթացքում ակնհայտ է, որ եւ՛ Հայաստանում, եւ՛ Թուրքիայում, եւ՛ այլ երկրներում կլինեն ինչպես լավատեսներ, այնպես էլ հոռետեսներ, որոնք, այդպես էլ պետք է լինի, չտիրապետելով ամբողջ ինֆորմացիային, կարող են էմոցիոնալ կերպով արտահայտել իրենց կամ ուրախությունը, կամ դժգոհությունը, իրենց լավատեսությունը կամ հոռետեսությունը: Այնպես որ, ինչպես որ ես սկզբում ոգեւորված չէի լավատեսների հայտարարություններով, այնպես էլ հիմա այդպես դժգոհ չեմ կամ էլ հիասթափված չեմ հոռետեսների հայտարարություններով»: «Ես համարում եմ, որ Թուրքիան դեռեւս պահպանում է իր մեծ հնարավորությունները համաշխարհային հանրությանը, ինչո՞ւ չէ, նաեւ Հայաստանի քաղաքացիներին համոզելու, որ ինքը ժամանակակից երկիր է, որ ինքը ղեկավարվում է արդի չափանիշներով, միջազգային իրավունքի սկզբունքներով եւ, դեռեւս, իմ կարծիքով, եզրակացություններ անելը շատ վաղ է»,- ասել է Սերժ Սարգսյանը: