Մեծ քաղաքի լավն այն է, որ մի ծայրից մյուսը գնալիս կարող ես ավտոբուսում
գիրք կարդալ, կամ աչքի անցկացնել օրվա թերթերը, որոնք ոչ մի լավ բան չեն
գրում, կամ այն, ինչ գրում են, դժվար է լավ անվանել։
– Ի՞նչ կա էդ թերթերի մեջ, որ աչքերդ փչացնում ես,- հարցնում է
ավտոբուսում կողքիս նստած մարդն ու արհամարհաբար գլուխը թեքում պատուհանի
կողմն՝ իբր ինքը քաղաքին է նայում։ Ու քաղաքին նայելով՝ ինքն իրեն նորից
բռբռում է. «Սրան ինչքան տեսել եմ, թերթ է կարդում։ Կամ ավելորդ փողն է
շատ, կամ… խելքը»։ Հետո դառնալով դիմացը նստած կնոջն ասում է, թե առաջին
ու միակ թերթը՝ «Կրասնայա զվեզդան», կարդացել է բանակում, էն էլ զոռով։
– Հոպար, կարող ա՞ հմի բանակիդ կյանքն էլ պատմես,- կողքից լսվում է 20
տարեկան մի տղայի ձայն։ Լռում է՝ հավանաբար վախենալով ջահել-ջուհուլի հետ
գլուխ դնելուց, իսկ դիմացը նստած կինն անհանդուրժող հայացքով չափում է
երիտասարդին, ով բերանը դեպի ձախ ու հնարավորին չափ ներքեւ շարժելով՝
ծամոն է ծամում։
Ես շրջապատի անցուդարձին անհաղորդ՝ կարդում եմ օրվա թերթերն ու զգում, որ
դա ավելի է բարկացնում հարեւանիս, քան ամբարտավան ջահելի ռեպլիկը եւ
ավտոբուսի հասարակության հանդուրժողականությունը, այսինքն՝ բերանին
չիջնելը։ Եվ թերթերից անսպասելի կտրվելով ու մարդու կողմը շրջվելով՝ ասում
եմ. «Տես, ինչ է գրած։ Մարդ ու կին միասին ապրել են ութսուն տարի եւ ամեն
իրիկուն իրար ասել են «ներիր, սիրելիս» բառերը, եւ հիմա պատրաստվում են
ոտով-գլխով Գինեսի գիրք մտնել»։
– Էդ որտե՞ղ,- հարցնում է մարդը։
– Անգլիայում։
– Ջհանդամը մտնեն ու դուրս չգան։
– Խի՞,- մեջ է ընկնում մի ուրիշը։
– Որտեւ իրանց փչացած բաները բերում են մեզ, իսկ իրանք սուրբ են ձեւանում։
«Խի՞» ասողը բավարարված լռում է, իսկ դիմացի կինը չի կարողանում
չշարունակել թեման. «Բալքիմ ինչ լրբություն ասես արել են ցերեկը, իրիկունն
էլ իրարից ներողություն են խնդրում»։
Հիմա նորից «Խի՞» ասողն է մեջ ընկնում. «Ախպեր, դրանք աղանդավոր կըլնեն։
Մեկի տունը ռեմոնտ եմ անում, աղանդավոր ա, ամբողջ օրը ներելուց ու
սիրելուց ա խոսում»։
– Բայց ի՞նչ գիտես, որ աղանդավոր ա,- հենց այնպես հարցնում է մարդը։
– Ինքն ա ասել, հետո առանց դրա էլ զգացվում ա։
– Հոպար, ըստե պահի,- ասում է ջահելն ու ծամոնը ծամելով իջնում։
Մարդն ափերից դուրս է գալիս. «Արա, հլը նայի, էս շոֆերը պուճուր տղիս թայն ա։ Համ սրան ա հոպար ասում, համ ինձ»։
– Էդ ոչինչ,- ասում է դիմացի կինը,- բա ծամոնը, որ լոշտակ-լոշտակ ծամում ա։
– Ուրեմն իմ տարիքի մարդուն հոպար ասելը ոչի՞նչ։
– Չէ, չեմ ասում՝ ոչինչ, ասում եմ՝ ծամոն ծամելն էլ ձեւ պտի ունենա։
– Բայց որ ինձ ասում ա՝ հոպար, էդ իրա ձեւը պտի չունենա՞։
– Որ լոշտակ-լոշտակ ծամոն չծամի, մեծի տեղն էլ կիմանա։
– Ջհանդամը իմանա,- ասում է մարդն ու գլուխը թեքում պատուհանի կողմը։
«Խի՞» ասողն իրադարձությունների ընթացքից դուրս չմնալու համար հառաչում է՝ հալալ չէ՞ր Սովետի վախտերը։
Մարդը չի շրջվում։ Դիմացի կինը՝ Սովետի վախտերը հիշելով, հազում է, ինքն
իրեն ժպտում ու դառնալով «Խի՞» ասողին սկսում է պատմել մի դեպք, որ անձամբ
իր հետ է պատահել։ Ուրեմն, մի հարբած մարդ ավտոբուսի մեջ կսմթել է իր
փափուկ տեղը։ Սա շրջվել է, որ ապտակի, տեսել է՝ սեփական հայրն է։
– Ըտենց բանի համար Ամերիկայում աղջիկը հորը դատի կտար,- թերթից կտրվելով ասում եմ ես։
– Չէ մի հա՜,- չի հավատում դիմացի կինը։
– Ի՞նչ կա որ,- ասում է «Խի՞» ասողը,- մի ախպարի տուն էի ռեմոնտ անում,
ամերիկաներից եկած բեյրութցի էր, ասում էր՝ ես դրանց սենց-ընենցը, թոռանս
պուպուլը մի օր պաչեցի, հարսս ասում է՝ որ ուզեմ, դրա համար քեզ դատի
կտամ՝ սեռական ոտնձգություն մանկահասակի նկատմամբ։
Մարդու համբերության բաժակը ոնց որ թե լցվում է, բայց հայացքը չի կտրում դրսից, մտածում է՝ իզուր էլ խոսացի, ի՞նչ կա մեջը։
– Իմ հարսը որ տենց բան ասեր, դուս կանեի տնից,- հպարտությամբ ասում է դիմացի կինը։
– Դրա համար էլ հոդված կա,- զրույցը թեժացնում եմ ես,- ընտանեկան բռնություն։
Մարդու համբերության բաժակը լցվում է վերջնականապես ու, դառնալով ինձ,
արհամարհաբար շպրտում է. «Դու որ շատ թերթ կարդաս, շնչելու համար էլ
հոդված կգտնես»։
– Շնչելու համար չէ, բայց մարդը խոսելու եւ անձեռնմխելիության իրավունք ունի։
– Էդ քո ամերիկաներում ունի, գիտե՞ս, իսկ մեր գյուղում մինչեւ տասը-տասնհինգ տարի առաջ հարսը չխոսկան էր ըլնում։
– Չխոսկանն էլ մի բան չի,- մեջ է ընկնում դիմացի կինն, ով հավանաբար մի քանի ամիս ձեւի համար չխոսկան է եղել եւ շատ է ափսոսում։
– Չխոսկան չեղավ, լեզվին կտա,- ասում է մարդն ու նայում ժամացույցին։
– Ժամը քանիսն եղա՞վ,- հարցնում է «Խի՞» ասողը։
– Ինն անց կես։
– Ուշացանք։
– Ինչի՞ց ուշացար, ամեն ինչ առել-ծախել են արդեն, էլ բան մնա՞ց ուշանալու,- նոր թեմա է բացում մարդը։
– Հա, էլի, հա,- ասում է դիմացի կինը։
«Խի՞» ասողն ուզում է պատմել հերթական ռեմոնտի մասին, բայց մարդը կանխում
է նրան. «Քոպեսներն էլ գնում դրանց թալանած փողով առած տներն են ռեմոնտ
անում»։
– Դե մարդ կա…,- սկսում է «Խի՞» ասողը։
– Մարդ էլ չկա, էս ավտոբուսի էսքան մարդու մեջ մարդ կա՞, որ գնա ասի՝ էս ի՞նչ եք անում, պարոն նախագահ։
– Գեղամյանը հեն ա ասում ա, ո՞վ ա բանի տեղ դնում,- մեջ է ընկնում դիմացի կինը։
– Կարապետիչն էլ ա ասում,- պնդացնում է «Խի՞» ասողը։
– Տո դրանք ցերեկն ըտենց խոսում են, իրիկունը նրանց հետ հավաքվում քեֆ անում։
– Գեղամյանից ըտենց բան չեմ հավատում,- տարակուսած ասում է դիմացի կինը։
– Մի հավատա։
– Կարապետիչից էլ, ճիշտն ասած, չեմ հավատում, բայց էն Շավարշ Քոչարյանը որ խոսում ա, քեֆս գալիս ա։
– Դրանք սաղ ծախված են,- լսվում է մինչ այդ զրույցին չմասնակցող մեկի ձայնը։
– Ծախվածը դու ես,- չգիտես ինչու մտածում է մարդը՝ լուռ նայելով հակառակ ուղղությամբ ընթացող քաղաքին։
Ավտոբուսը մոտենում է վերջին կանգառին։
– Վարպետ, ըստեղից ո՞ւր ես գնալու,- հերթով հարցնում են մարդը, դիմացի կինը, «Խի՞» ասողը եւ մինչ այդ զրույցին չմասնակցող մեկը։
– Հե՛տ։
– Նույն մարշրուտո՞վ,- հերթով հարցնում են մարդը, դիմացի կինը, «Խի՞» ասողը եւ մինչ այդ զրույցին չմասնակցող մեկը։
– Հա՛,- ասում է վարորդը։