ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հինգշաբթի օրն «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին համաներում կհայտարարի մարտի 1-ի գործով կալանավորվածների նկատմամբ: Ի սկզբանե այս հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների առիթ դարձավ:
Նախ, ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ համաներում կարող է հայտարարել ԱԺ-ն` ՀՀ նախագահի առաջարկությամբ: Այսինքն` ՀՀ նախագահն առաջարկում է, ԱԺ-ն էլ հաստատում կամ այդ առաջարկությանը իրավական ուժ է տալիս: ԱԺ նախագահը հավանաբար ցանկացել է ասել, որ ՀՀ նախագահը նման առաջարկությամբ դիմելու է ԱԺ-ին: Իսկ եթե մարտի 1-ի գործով կալանավորների ազատ արձակումը լինելու է միայն նախագահի հայտարարությամբ, ապա այդ դեպքում խոսքը պետք է վերաբերի ներում շնորհելուն, ինչի իրավասությունը Ս. Սարգսյանն ունի Սահմանադրության արդեն 55-րդ հոդվածով: Այս դիտարկումն ապացուցելու համար կարող ենք բերել թեկուզ նույն մարտյան դեպքերի պատճառով ձերբակալված անձանց նկատմամբ նախագահի կողմից արդեն մի քանի անգամ ստորագրված ներման հրամանները: Կարող ենք նաեւ հիշել 2006թ. հուլիսի 7-ի ԱԺ որոշումը, որով սեպտեմբերի 21-ի` ՀՀ Անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում է հայտարարվել: Եվ ԱԺ այդ որոշումն էլ կայացվել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկությամբ: Այս դեպքում դեռ հստակ չէ, թե Հ. Աբրահամյանն ի՞նչ է նկատի ունեցել` համաներո՞ւմ այդ բառի բուն իմաստով, թե՞ ներում, որոնք, փաստորեն, ունեն իրավական տարբեր նշանակություններ:
Բոլոր դեպքերում, եթե, իսկապես, խոսքը գնում է համաներման մասին, ապա փաստաբան Հայկ Ալումյանի ասելով՝ դա կիրառվում է ոչ թե կոնկրետ անձերի նկատմամբ, այլեւ որոշ հանցագործությունների դեպքում: «Օրինակ` տարածվում է բոլոր այն հանցագործությունների վրա, որոնցով առավելագույն ազատազրկման ժամկետը նախատեսված է ոչ ավելի, քան 3 տարի, դիտավորյալ հանցագործություններ, որոնց համար ազատազրկման առավելագույն ժամկետը 3 տարի է: Կամ անզգույշ հանցագործությունների վրա, որոնց համար նախատեսված առավելագույն ազատազրկման ժամկետը առավելագույնը 5 տարի է: Կանանց, 65 տարեկանից մեծ տղամարդկանց, մարտական գործողությունների մասնակցած անձանց դեպքում մինչեւ 5 տարով ազատազրկվածների համար նույնպես կիրառվում է համաներում»,- ասում է Հ. Ալումյանը։
Արդեն դատապարտված քաղբանտարկյալների գերակշիռ մասի դեպքում այս դասակարգումները կիրառելի են: ՀԱԿ-ի տվյալներով` այսօրվա դրությամբ անազատության մեջ են 51 քաղբանտարկյալներ, որոնցից միայն չորսի` Սամվել Գալստյանի, Վրեժ Նիկոլյանի, Արամ Բարեղամյանի եւ Արա Հովհաննիսյանի դեպքում է կայացվել 6-9 տարվա ազատազրկման պատիժ: Եթե հանցագործություններն ու սուբյեկտը ճշտված են, ապա համաներման գործընթացի հաջորդ քայլն այն է, թե ինչպես պետք է դա կիրառել: «Եթե քրեական գործը հարուցված չէ` չի կարող հարուցվել, եթե հարուցված է՝ պետք է կարճվի: Եթե մեղադրանք է առաջադրվել, ապա պետք է դադարեցվի, եթե դատավարության փուլում է, ապա քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,- ասում է Հ.Ալումյանը:
Բայց չի բացառվում, որ անձը, ում նկատմամբ համաներում պետք է կիրառվի, նա դրան չհամաձայնի: Այդ դեպքում քննությունը պետք է կատարվի մինչեւ վերջ: Մարտի 1-ի գործով որոշ քաղբանտարկյալներ ժամանակ առ ժամանակ հայտարարել են, թե իրենք համաներման տարբերակի հետ համաձայն չեն, իրենք հանցանք չեն գործել եւ ներման կարիք չունեն: Պահանջում էին իրենց նկատմամբ կիրառել արդարացման դատավճիռ: Մի խոսքով, առայժմ դեռ հնարավոր չէ կանխատեսել, թե, եթե նույնիսկ համաներում հայտարարվի, ապա դա կիրառվելու է բոլո՞ր, թե՞ որոշ քաղբանտարկյալների նկատմամբ: Բացի այդ, մարտյան դեպքերից հետո կան նաեւ հետապնդվող մարդիկ, ովքեր ընդհատակ են անցել եւ չեն ձերբակալվել: Օրինակ, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ եւս մի քանի հոգի: Հայտնի չէ, թե եթե համաներում հայտարարվի, ապա դա կիրառվելու է նաեւ ա՞յս անձանց նկատմամբ: Ընդ որում, նրանց նկատմամբ նույնպես մեղադրանք է առաջադրվել: Այնպես որ, համաներման մասին Հ. Աբրահամյանի հայտարարությունը դեռ շատ անորոշ կետեր ունի: Ավելին, հայտարարությունից հետո նույնիսկ խոսակցություն շրջանառվեց, թե իշխանություններն իրականում ցանկանում են համաներում հայտարարել ոչ թե մայիսի 28-ի, այլեւ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ: Իսկ երեկ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նաիրի Պետրոսյանն էլ ասվածի կապակցությամբ պարզաբանում էր տվել, թե «Լրագրողների հետ զրուցելիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չի բացառել համաներման հնարավորությունը` հայտնելով իր բարի ցանկությունը»: Մինչդեռ «Ազատություն» ռ/ի փոխանցմամբ՝ Հ. Աբրահամյանն ասել է «Անկախության ազգային տոնի առիթով` մայիսի 28-ին հանրապետության նախագահը հայտարարությամբ հանդես կգա համաներման մասին»: Այսպիսով, բոլորովին էլ միանշանակ չէ, թե իշխանություններն իսկապե՞ս ուզում են համաներում հայտարարել: Իսկ հնարավոր համաներման մասին հայտարարությունը երեկ մեկնաբանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը. «Ես անձամբ կարող եմ հավատալ միայն կայացած փաստին, որովհետեւ այս տարիների փորձը ցույց է տվել, որ նրանց ասած որեւէ հավաստիացմանը կամ հայտարարություններին, ոչ էլ երաշխիքներին հավատալ չի կարելի: Իսկ եթե բոլորը ազատվեն, եւ բոլորի նկատմամբ հետապնդումը դադարեցվի, այդ դեպքում մենք պատրաստ ենք երկխոսության, ինչպես միշտ դրա մասին հայտարարել ենք»:
Նաեւ կարծիք է հնչում, թե Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին իշխանություններն ուզում են համաներում հայտարարել, որպեսզի այդ քայլով շահեն ընտրողների բարյացակամությունը: Իսկապես. եթե մայիսի 28-ին նախագահը քաղբանտարկյալներին ներում շնորհի կամ ԱԺ-ին համաներման առաջարկ ներկայացնի, դա կօգնի, որ իշխանության թեկնածուն հաղթի ընտրություններում: «Ոչ, որովհետեւ նախ քաղաքացիներն այդ առումով բարկացած են, թե ինչո՞ւ մինչեւ հիմա նրանց բաց չեն թողել: Այնպես որ, դա չի կարող դրական լիցք տալ: Կարծում եմ, որ սա ընդամենը կլիցքաթափի իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ քաղաքացիները դրական կեցվածք են ընդունելու իշխանությունների նկատմամբ: Դրա համար այդ մեկ քայլը քիչ է, իշխանությունները շատ քայլեր պետք է անեն: Դեռեւս 10 անմեղ զոհերի հանգամանքները պարզաբանված չեն: Պարզ չէ, թե ովքեր են սպանողները, հրաման տվողները»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: