Տտնտեսական անկումը կկազմի 6-11%

25/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

– Պարոն Բագրատյան, դեռեւս 2008թ. տարեվերջին դուք նշում էիք, որ 2009թ. Հայաստանի տնտեսությունը լուրջ անկում է արձանագրելու, սակայն այն ժամանակ իշխանությունները 2009թ. բյուջեում նախատեսեցին 9% տնտեսական աճ: Այնուամենայնիվ, այսօր արդեն ԱՄՀ-ն 2009թ. Հայաստանի ՀՆԱ-ի համար կանխատեսում է 5%, մեր ԿԲ-ն` նույնիսկ 5.8% անկում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են իշխանությունները միայն այսօր արձանագրում, որ Հայաստանի տնտեսությունը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է:

– Իշխանությունները սկզբից գլխի չէին ընկել ճգնաժամի մասին: Նրանց վերլուծական կարողունակությունը բարձր չէ: Հետո նրանք հստակ զգացին ճգնաժամը:

– Խելոքացա՞ն:

– Ոչ, գրեթե բոլորը բիզնես ունեն: Տեսան, որ փողը պակասում է: Էլ ոնց կլիներ: Վայնասուն բարձրացրին, թե ճգնաժամ է ու վերջ: Ընդ որում, շատ հարցերում հիմա նրանք ավելի պեսիմիստ են, քան ընդդիմությունը: Հասկանալի է` իրենց փողը պակասել է:

– Ձեր կարծիքով՝ որքա՞ն կլինի Հայաստանի ՀՆԱ-ի անկումը 2009-ին: Եվ արդյո՞ք պետական վիճակագրության ներկայացրած ցուցանիշներն արտացոլում են մեր տնտեսության իրական պատկերը։

– ՀՆԱ-ի անկումը ամենայն հավանականությամբ կլինի 6,5-11 տոկոսի միջակայքում: ԱՎԾ թվերը չեն համապատասխանում իրականությանը արդեն շուրջ 8 տարի: Դրա համար կան հետեւյալ պատճառները: Նախ` մեծ հաշվով ներկա իշխանությունների համար վիճակագրությունը քաղաքական պրոպագանդ է: Ռ.Քոչարյանից սկսած այն այլեւս ավերված է: Որտեղ, ինչքան եւ ինչպես են խաբում՝ գրված է «Առավոտին» եւ «168 Ժամին» տրված նախկին հարցազրույցներում: Երկրորդ` ՀՆԱ հաշվարկման մեթոդաբանությունը գրված է 1923թ.: Այն ինքնին շատ թերի է: Այսպես, արագ եւ որակական կառուցվածքային փոփոխությունների դեպքում շեղումը 3-5 տոկոս է: Բացի այդ, իմ կարծիքով, գործող մեթոդը հաշվի չի առնում սոցիալական բեւեռացվածությունը, երկրի արտահանման կարողությունը: Ակնհայտ է նաեւ, որ պորտֆելային կապիտալ ներդրումները նույնպես չի կարելի մտցնել ՀՆԱ-ի մեջ (հիմա այդպես է արվում): Վիճելի է դրսից ստացված տրանսֆերտների հաշվին կազմակերպած ներմուծումները ՀՆԱ մտցնելու մեթոդաբանությունը: Դժվար չէ տեսնել, որ ՀՀ ԱՎԾ-ն հենց այս «բաց» կետերի, կախարդական փայտիկների հաշվին է ՀՆԱ ստացել:

– Ինչո՞վ կբացատրեք, որ 10 տարի շարունակ երկնիշ աճ արձանագրելուց հետո, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ԱՄՀ կանխատեսումներով հաջորդ տարի լավագույն դեպքում զրոյական աճ է ունենալու:

– Սա հենց փաստում է վերը նշվածի ճշմարտությունը: Այդ երկնիշ աճը չի եղել: Հիմա, երբ այդ «աճի» բաղադրատարրերը չկան, ԱՎԾ-ն չի կարողանում ՀՆԱ «ստանալ»: Մի՞թե զարմանալի չէ, որ Ադրբեջանում 2009թ. լինելու է 2.5% աճ, Վրաստանում` 1.2%, իսկ Հայաստանում` – 5,8% (բերված է պաշտոնական թիվը, իրականում, թերեւս, ավելի շատ): Պետք է նշեմ, որ վերջին 8 տարիներին ՀՀ ՀՆԱ-ի նման աղճատման մեջ ԱՄՀ-ն էլ մեղք ունի: Այս կառույցի հայաստանյան ներկայացուցիչն ավելի արհեստավարժ մեկը պետք է լիներ:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ կառավարության կողմից վարվող հակաճգնաժամային կոչվող քաղաքականությունը, մասնավորապես` կառուցապատողներին գրավի դիմաց 20 մլրդ դրամ վարկային երաշխիքներ տրամադրելու եւ ձեռնարկություններին գործարար ծրագրերի հիման վրա աջակցելու քայլերը:

– Հակաճգնաժամային կոչվածը ՀՀ կառավարության համար իրենց «տղերքին» փող հասցնելն է, դրամի կուրսը զոռով պահելը (որ բանկերը չտուժեն, եւ ամբողջ բեռը անցնի ժողովրդի ուսերին), Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատին 10 մլն դոլար տրամադրելը: Ուրիշ էական բան չկա: Ինչպես ասացի, իրենց փողը պակասել է, եւ հիմա փորձում են բյուջեից խլել: Իրական հակաճգնաժամային ծրագիրը կնշանակեր, ասենք, անցնել պրոգրեսիվ եկամտահարկի, միջին աշխատավարձի նկատմամբ կորեկտավորել (բարձրացնել) գործազրկության նպաստների, թոշակների չափը, վերանայել 2005թ. հունիսին ընդունած խայտառակ աշխատանքային օրենսգիրքը (գործնականում այսօր ցանկացած գործատու գործավորին աշխատանքից ազատում է առանց որեւէ պատճառաբանության), փոխել բյուջեն եւ այլն:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների վարած հարկային քաղաքականությունը: Շրջանառության մեջ են օրենքի նախագծեր, որոնց համաձայն՝ ներդրվելու է, այսպես կոչված, «շահերի բացահայտման ինստիտուտ», որն իբր բացառելու է պաշտոնատար անձանց բիզնեսով զբաղվելը: Հարկային մարմիններն էլ մշտական ներկայացուցիչներ են ունենալու 4 մլրդ դրամի տարեկան հասույթը գերազանցող ընկերություններում: Ի՞նչ կարող են տալ այդ նախաձեռնությունները:

– Հիմարություն եւ եւս մեկ անգամ հիմարություն: Նախ, նոր օրենք դեռ պետք չէր: Կան սահմանադրության 65-րդ եւ այլ հոդվածներ: Պետք էր սա կատարել: Հիշենք պատգամավորներին, որոնք ամեն օր հեռուստատեսային էկրանից հպարտությամբ նշում են իրենց գործարար լինելը. Սարգսյան, Ալեքսանյան, Ծառուկյան, Հայրապետյան, Վարդանյան եւ այլք: Հարց եմ տալիս. ո՞ւր է Սահմանադրական դատարանը, ո՞ւր է Դատախազությունը: Կամ ի՞նչ է, պարզ չէ՞ր, որ Ռ.Քոչարյանի «գործարար» տղաները հոր բիզնեսն են զարգացնում: Երկրորդ, այդ բիզն ի վերջո հասնելու է այն գործարարներին, որոնք դեռ չեն հասցրել քծնել իշխանություններին: Մշտական ներկայացուցիչների մասով: Սա բառի բուն իմաստով անհեթեթություն է: Նման բաներ քաղաքակիրթ երկրներում անում են, ասենք, արտադրական թափոնների մասով: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական հումք վերամշակող, ալկոհոլ, ծխախոտ, լեռնահանքային արդյունաբերության եւ այլն ձեռնարկություններին: Այստեղ Հարկայինի աշխատակիցը ընդունում եւ կնքում է թափոնները, որոնց ծավալները հուշում են արտադրության իրական ծավալների մասին: Ինչպես տեսնում ենք, մեր օրենքը դրա մասին չէ: Եվ ապա, երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին արտադրվում է մոտ մի քանի տասնյակ մեծահարուստների կողմից: Նրանք էլ իշխանություն են` նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, դատախազներ, դատավորներ, մարզպետներ: Իրենք իրենց դեմ օրենք են ընդունո՞ւմ: Չէ մի: Այդ օրենքի բիզը նրանք մեկ այլ տեղ են մտցնելու: Դրանք մի քանի միջին, դեռեւս ամբողջովին չվերահսկվող գործարարներն են:

– Ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞ իրականացնել այնպիսի հնչեղ ծրագրեր, ինչպիսին Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն է, կամ, ասենք, Համահայկական բանկի ստեղծումը: Որքանո՞վ կարող են նման նախագծերը մեղմել տնտեսական ճգնաժամը:

– Իրան-Հայաստան երկաթգիծը մշակվել է դեռեւս կոմունիստական Հայաստանում: Դրա վրա աշխատել է նաեւ իմ կառավարությունը: Մի օր կիրականացվի: Բայց ոչ շատ շուտ: Տնտեսապես վնասաբեր ծրագիր է լինելու, բայց քաղաքականապես այլընտրանք չունի: Համահայկական բանկը հիմարություն է: Եթե ուզում ենք Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնել (առաջին անգամ այս ծրագրային կետը ձեւակերպվել է 1992թ. մայիսին մեր կողմից), ապա պետք է զարգացնել ամբողջ բանկային դաշտը: Համահայկական բանկը, ընդհակառակը, կսպանի կամ առնվազն կնվազեցնի գործող առեւտրային բանկերի դերը:

– Իշխանությունների պնդմամբ՝ մեր բանկային համակարգը կայուն է եւ խնդիրներ չունի։ Այդուհանդերձ, գրեթե ամեն օր տեղեկություններ են ստացվում, որ շատ բանկեր հրաժարվում են վարկեր տրամադրել (անգամ սպառողական), իսկ տրամադրելու դեպքում` վարկավորումը կատարվում է միայն արտարժույթով։ Ի՞նչ կարող է սա նշանակել, եւ ընդհանրապես` իրականում ի՞նչ վիճակում է մեր բանկային համակարգը։

– Հայաստանի բանկային համակարգը, չնայած 2008թ. հոկտեմբեր-2009թ. մարտ ամիսներին ժողովրդից խլած 782 մլն դոլարի պահուստների յուրացմանը, ծանր վիճակում է: 2009թ. առաջին եռամսյակում բոլոր բանկերի զուտ շահույթը կազմել է ընդամենը 917 մլն դրամ, 2008թ. առաջին եռամսյակի 6մլրդ 144 մլն դրամի դիմաց: Նվազել է շուրջ 7 անգամ: Ընդ որում, 22 բանկից 9-ը աշխատել է վնասով: Սա է իրական պատկերը:

– Ձեր գնահատմամբ, որքա՞ն կշարունակվի համաշխարհային տնտեսական ճգնաժամը։ Որոշ գնահատականներով` ԱՄՆ-ը արդեն այս տարվա վերջից կսկսի դուրս գալ ճգնաժամից: Որքա՞ն ժամանակ կպահանջվի, որ հետխորհրդային երկրների տնտեսություններում էլ (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա) դրական միտումներ նկատվեն:

– Իմ հոդվածներում ես դա արդեն նկատել եմ: Եթե 2008-ի վերջին տրված պետական վարկերը ԱՄՆ-ում հաջողությամբ ետ վերադարձվեն մինչեւ աշուն, ապա աշնանը այստեղ կսկսվի տնտեսության վերականգնումը: Դա նշանակում է, որ Ռուսաստանում այդ վերականգնումը կսկսվի 3-9 ամիս հետո՝ կախված նաեւ նավթի գների դինամիկայից: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում վերականգնումը հնարավոր կլինի 6-12 ամիս հետո (ԱՄՆ-ի համեմատ)` կախված… նավթի գներից: