Կառավարությունը ոչ թե ցանկանում է պայքարել ստվերի դեմ, այլ կոմպրոմատներ է հավաքում գործարարների դեմ: Երեկ նման կարծիք է հայտնել ԱԺ դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը` գնահատելով Կառավարության ներկայացրած վերջին հարկային փաթեթը, որով նախատեսվում է ձեռնարկություններում հարկային մարմնի կողմից պարտադիր ներկայացուցչի նշանակում: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում կոմպրոմատներ հավաքել գործարարների դեմ, Արա Նռանյանն ասել է, թե իշխանությունը բոլոր մենաշնորհատերերին մեկ տանիքի տակ հավաքելու ցանկություն ունի: «Այս օլիգարխիկ տնտեսության զարգացումն ունի երկու ճանապարհ (երբեք որեւէ պրոցես նույն տեղում չի կանգնում)` կամ ինքը պետք է գնա դեպի կազմալուծում, դեպի մրցակցային դաշտի ապահովում, կամ էլ ավելի կենտրոնացման եւ ավելի օլիգարխացման: Եվ բնական է, երբ խրախուսել ես ներմուծումը, եւ տարբեր չինովնիկներ նաեւ այդ ներմուծման վրա նստած են, իրենք ձգտում են նաեւ ամբողջությամբ վերահսկել իրենց դաշտը, որովհետեւ իրենք ունեն եկամուտների կորուստ»,- ասել է Ա. Նռանյանը` հավելելով, որ բացի այս` բնույթով տնտեսական պատճառից՝ իշխանությունը ցանկանում է ունենալ նաեւ քաղաքական օգուտներ: «Քաղաքականը անպայման չէ, որ հիմա լինի, բայց, կարծում եմ, միշտ էլ այդ ցանկությունը լինում է, օլիգարխիկ տնտեսության պայմաններում ցանկություն է լինում բոլորին կամաց-կամաց բերել դաշտ»,- հայտարարել է նա: Նաեւ նշել է, թե կասկածում է, որ կառավարությունը ստվերի դեմ պայքարի նպատակ է հետապնդում այդ օրինագծով: «Այդպես ոչ միայն ես եմ կարծում, այլ, կարծես թե, ամբողջ ԱԺ-ն, որովհետեւ, համենայն դեպս, մինչեւ օրս արտահայտված բոլոր կարծիքները դրան են վերաբերում»: Այս կասկածները, ըստ Նռանյանի, խորացել են հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունը չի ընդունել ՀՅԴ 10-ից ավելի հայեցակարգային առաջարկները Հարկային փաթեթի վերաբերյալ: «Երբ այդ ամենը չընդունվեց, արդեն կասկածներ առաջացան, որ պահանջվում է ուղղակի օպերատիվ ինֆորմացիա, վերահսկողություն ամբողջ ինֆորմացիայի նկատմամբ»,- ասել է պատգամավորը` ներկայացնելով նաեւ իրենց առաջարկները այս օրինագծի վերաբերյալ: «Մենք ասում ենք, որ եթե ձեր նպատակը ստվերի դեմ պայքարելն է եւ հաշվառելը ստվերային ապրանքաշրջանառությունը, բացահայտել այն եկամուտները, որոնք ստանում են տնտեսվարողները, ապա կա պարզ մոտեցում` կիրառեք հարկային պահակակետի ինստիտուտը, որը գործում է, օրինակ, Մերձբալթյան երկրներում: Թող տնտեսվարողի դարպասի մոտ կանգնի մի հարկային տեսուչ, որը կհաշվառի յուրաքանչյուր ծխախոտ, կոնֆետ, օղի, գինի, գարեջուր»,- հայտարարել է Ա. Նռանյանը` հավելելով, թե կառավարության ներկայացուցիչը դա բավական բարդ ու աշխատատար գործ է համարել: «Մենք էլ ասում ենք` եթե դուք ուզում եք իրապես ստվերի դեմ պայքարել, իսկապես պահանջվում է աշխատանք: Այնինչ, իրենք ուզում են ուղղակի ստանալ իրավունք, մտնել տնտեսվարողի ամբողջ տարածքում, հսկել, հետեւել, դիտարկել, ինչպես իրենք են ասում, ծանոթանալ ամեն ինչին»,- նշել է Ա. Նռանյանը: