Նա փիլիսոփայական գիտությունների եւ սոցիոլոգիայի դոկտոր է, պրոֆեսոր, միջազգային 9 ակադեմիաների ակադեմիկոս, երկու հարյուրից ավելի գիտական հոդվածների եւ աշխատությունների հեղինակ:
Խրուշչովյան ձնհալից հետո երեւանցի մի խումբ երիտասարդների օրինակով նա մեկնեց Մոսկվա, ավարտեց ավիացիոն ինստիտուտը եւ իրեն նվիրեց գիտությանը, դարձավ ճանաչված դեմք միութենական մասշտաբով: 1994 թվին հիմնեց բիզնեսի եւ իրավունքի մասնավոր ինստիտուտը, որը իր հաստատուն տեղն ու հեղինակությունն ունի մոսկովյան բազմաթիվ բուհերում: Սակայն Էդուարդ Աբգարյանը չմոռացավ հայրենիքը, ինչի վկայությունն է այդ ինստիտուտի գործող մասնաճյուղը Երեւանում եւ հանրապետության շրջաններում:
– Պարոն Աբգարյան, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում մասնաճյուղի բացումը` հայրենասիրակա՞ն, թե՞ բիզնեսի դրդապատճառներով:
– Եթե ասեմ, որ ես անտեսել եմ անձնական շահագրգռվածությունը, ոչ Դուք, ոչ էլ ընթերցողը չեն հավատա: Բայց, անկեղծ ասած, նկատի ունենալով հայաստանյան ընդհանուր տնտեսական մակարդակը եւ ուսման վարձի չափերը, այստեղ առանձնապես մեծ ֆինանսական դիվիդենտներ սպասելը այնքան էլ հավանական չէ: Եթե հաշվի առնելու լինենք, որ մեր մոսկովյան ինստիտուտի միջազգային կապերը թույլ են տալիս մասնաճյուղեր ունենալ ավելի «հարուստ» երկրներում, մասնավորապես, Արեւելյան Եվրոպայում, թերեւս կարելի կլինի ասել, որ այս դեպքում ես, իսկապես, առաջնորդվել եմ հայրենասիրական զգացմունքներով: Ավելացնեմ, որ Երեւանում մասնաճյուղի բացմանը նախորդեց նման առաջարկը Սլովակիայում, որի կրթական համակարգի հետ մենք ունենք սերտ համագործակցություն: Սակայն նախապատվությունը տրվեց Հայաստանին: Չեմ թաքցնի, որ Երեւանում բուհ բացելը ես տեսնում եմ նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ենթատեքստում, որոնց ջատագովների շարքում կարող եք դասել նաեւ ինձ:
– Ազատ շուկայական հարաբերությունների եւ մրցակցության պայմաններում առանձնապես սուր է դրված պետական եւ մասնավոր ուսումնական հաստատությունների համեմատության խնդիրը, եւ, կարծես թե, առավելությունը տրվում է պետական համակարգին:
– Թույլ տվեք չհամաձայնել: Պետական մենաշնորհի վերացումը ի հայտ բերեց այդ համակարգի թույլ կողմերը, եւ շատ ու շատ պետական բուհեր չկարողացան հարմարվել նոր պայմաններին: Մինչդեռ ոչ պետական կրթական հիմնարկների երեւան գալով միանգամայն ավելացավ ընտրության հնարավորությունը: Այսօր, համենայն դեպս Մոսկվայում, քչերն են ընդունվում բուհ զուտ դիպլոմ ստանալու համար: Երիտասարդությունը նախ եւ առաջ ձգտում է ստանալ որակյալ կրթություն` բարձր վարձատրվող եւ հեղինակավոր աշխատանք ստանալու նպատակով: Ես չեմ հակադրում մասնավոր կրթօջախը պետականին, երկուսում էլ կան իրենց առավելությունները եւ թույլ կողմերը, սակայն, ինչպես ցույց է տալիս առաջավոր երկրների փորձը, ապագան մասնավոր սեկտորինն է:
– Պարոն Աբգարյան, փոքրիկ Հայաստանը գերհագեցած է պետական եւ մասնավոր, ինչպես նաեւ՝ այլ երկրների ինստիտուտներով եւ համալսարաններով: Կարծո՞ւմ եք, որ Ձեր բուհը մրցունակ կլինի եւ հաջողություն կունենա այստեղ:
– Ոչ միայն կարծում եմ, այլեւ համոզված եմ: Թող անհամեստ չթվա ասածս, բայց մեր ինստիտուտը մյուսների համեմատությամբ ունի մի շարք առավելություններ: Ե՛վ Մոսկվայում, եւ՛ Երեւանում մեր ուսումնառությունը հինմված է ինտենսիվ (մոդուլային) մեթոդի վրա: Այսինքն` ուսանողը տարբեր առարկաներ ուսումնասիրում է ոչ թե միաժամանակ, զուգահեռ, այլ հերթականությամբ եւ մշտական ստուգումով: Օրինակ, ուսանողը լսում է «Արժեթղթերի շուկան»` զուտ այդ առարկան, հետո անմիջապես հանձնում է քննություն եւ անցնում մյուս առարկային: Միայն լեզուներն են` օտար, ռուսերեն, իսկ Հայաստանում՝ նաեւ հայերենը, որ ուղեկցում են սովորողներին` առաջինից մինչեւ վերջին կուրսը: Սա նորարարություն է մեր պայմաններում` փոխ առնված ամերիկացիներից:
– Եվ այդ մեթոդը արդարացնո՞ւմ է իրեն:
– Կարծում եմ, այո: Ռուսաստանում մեր ուսանողները հաջողությամբ աշխատում են ամենատարբեր կառույցներում` սկսած Նախագահի աշխատակազմից, վերջացրած խոշոր կոմերցիոն ֆիրմաներով: Մեր շատ շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են արտասահմանյան երկրներում:
– Դուք կարծես թե Ձեր ինստիտուտի առավելությունների մասին խոսեցիք հոգնակի թվով:
– Շարունակեմ: Ինստիտուտում Սորբոնի համալսարանի հետ համատեղ գործում է «Նոր Եվրոպայի նոր էկոնոմիկա» կրթական ծրագիրը, մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի եւ Բրատիսլավայի Իրավունքի բարձրագույն դպրոցի հետ` համատեղ մասնագետներ պատրաստելու ուղղությամբ:
– Բայց այդ բոլորը, հավանաբար, ռուսաստանյան ուսանողների համար է:
– Այդ ամենը նաեւ հայաստանյան ուսանողների համար է: Նախ, մի մոռացեք, որ Հայաստանի շրջանավարտները ստանում են Ռուսաստանի պետական դիպլոմ: Ավելին, ուսման մեջ հաջողության հասած երիտասարդը կարող է ուսումը շարունակել Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում, Բրատիսլավայի Բարձրագույն դպրոցում կամ Ռուսաստանի ու Եվրոպայի բուհերում: Մոսկովյան ինստիտուտի պրոֆեսորադասախոսական ողջ կազմը եւ տեխնիկական բազան անհրաժեշտության դեպքում տրամադրվում է Հայաստանի մասնաճյուղին: Անշուշտ, մենք աշխատում ենք Երեւանին ապահովել սեփական դասախոսական կադրերով, սակայն անկեղծ ասած, դա մեր աշխատանքի Աքիլեսյան գարշապարն է: Ինչ վերաբերում է տեղում` Հայաստանում շրջանավարտների զբաղվածության հարցին, ապա մեր գործնական կապերը տեղի խոշոր ձեռնարկատերերի հետ հնարավորություն են ընձեռում նրանց` առաջին հերթին գերազանց շրջանավարտներին, տեղավորվելու աշխատանքի:
– Դուք ասացիք, որ հաջորդ ուսումնական տարում Երեւանի մասնաճյուղը ընդարձակվում է: Կարո՞ղ եք մանրամասնել:
– Սիրով: Այս ուսումնական տարվանից Երեւանի մասնաճյուղում գործելու է միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
– Իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն հանգամանքը, որ հանրապետությունում դիվանագետի խիստ մոդայիկ դարձած մասնագիտությունը կարող է խոչընդոտել Ձեր պլաններին: Ես նկատի ունեմ, որ գրեթե բոլոր մասնավոր բուհերը ունեն միջազգային հարաբերությունների բաժիններ, չհաշված պետհամալսարանի համանուն ֆակուլտետը:
– Ձեր հարցն իր մեջ պարունակում է իմ պատասխանի մի մասը: Դուք արտասանեցիք «Միջազգային հարաբերություններ» բառակապակցությունը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջազգային հարաբերությունների պիտակի տակ բուհերի մեծ մասը պատրաստում են պատմաբաններ: Հայաստանը, դժբախտաբար, զերծ չի մնացել այս տենդենցից: Մինչդեռ երկրին այսօր առաջին հերթին անհրաժեշտ են ոչ թե լայն եւ, կներեք արտահայտությանս, «ամենագետ» միջազգայնագետներ, այլ կոնկրետ եւ խորը մասնագիտացված միջազգային իրավունքի, միջազգային էկոնոմիկայի փորձագետներ: Ավելորդ է բացատրել, թե Հայաստանը որքան կարոտ է դրանց: Հանրապետությունը կարիք ունի նաեւ միջազգային լրագրողների, եւ մենք կփորձենք լրացնել այդ բացը եւս: Ի տարբերություն շատ բուհերի՝ մենք միջազգայնագետներին պատրաստում ենք ոչ թե «հոսքային», այլ անհատական ուսուցման սկզբունքով, ինչպես արվում է դիվանագետների պատրաստման ռուսական եւ արտասահմանյան ուսուցման լավագույն ավանդույթներով: Մեր մոսկովյան ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հիմնականում դասավանդում ենք ոչ թե ուսանող-լսարան, այլ ուսանող-դասախոս կամ ուսանողների փոքրաթիվ խումբ (3-5)-դասախոս ձեւաչափով: Հասկանալի է, որ սա թանկ հաճույք է ինստիտուտի բյուջեի համար, սակայն արդյունքը փայլուն է: Մեր շրջանավարտները միանգամայն մրցունակ են պրոֆեսիոնալ դիվանագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ: Այս սկզբունքով ենք աշխատելու նաեւ Երեւանում:
Մենք ամեն ինչ անում ենք, որ Երեւանի մասնաճյուղը, մոսկովյան ինստիտուտի օրինակով, դառնա ոչ միայն կրթության, այլ նաեւ տեսական եւ պրակտիկ գիտության օջախ, որն իր խոսքը կասի հայ երիտասարդ սերնդի որակյալ, ժամանակակից ուսումնառության եւ դաստիարակության կարեւոր գործում:
Սա է մեր գլխավոր նպատակը:
Դավիթ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Մոսկվա-Երեւան