Հայտնի անհայտի մասին

25/05/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում տեղ գտած նյութի հերոսուհու՝ երասխավանցի 10 ամսական Անժելիկայի վիրահատության համար, որի համար անհրաժեշտ է 100.000 դրամ, դիմեցինք ՀՀ Առողջապահության նախարարություն` պարզելու համար, թե ինչ հնարավոր տարբերակներ կան Անժելիկայի բուժման համար:

Այստեղ մեզ տեղեկացրին, որ մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է: «Սա պետական պատվերի որոշումն է, որը Հայաստանում ամեն տարի կա: 0-8 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, իսկ մինչեւ 18 տարեկան սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում գտնվողներինը` անվճար է, իսկ մյուսներինը` վճարովի»,- ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը: Չնայած վարչության պետի այն համոզմանը, որ մերօրյա հասարակությունը լավատեղյակ է անվճար բուժօգնության ծառայությունների մասին, այնուամենայնիվ, փորձեցինք պարզել, թե որո՞նք են այդ անվճար ծառայությունները: Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկա բուժօգնությունն իրականացվում է պոլիկլինիկաներում (բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում եւ ընտանեկան բժշկի գրասենյակներում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերը): Այստեղ անվճար բուժօգնությունն ընդգրկում է առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հետեւյալ մասնագետների ծառայությունները` բնակչին սպասարկող թերապեւտի, մանկաբույժի եւ ընտանեկան բժշկի, հիմնական նեղ մասնագիտական եւ դիսպանսերային ծառայությունները` վիրաբուժական, ակնաբուժական, սրտաբանական, նյարդաբանական, հոգեբուժական, մաշկավեներական եւ այլն: «Կան նորագույն ու թանկարժեք բուժօգնության տեսակներ, որոնք նախարարի համապատասխան հրամանով սահմանված են, որոնք որ պետական պատվեր ոչ մեկի համար չեն: Դա անհետաձգելի բուժօգնությունը չի, որով կյանքին վտանգ է սպառնում: Իսկ դա սահմանափակ ցանկ է, օրինակ, կոսմետոլոգիական միջամտություն, օրգանների փոխպատվաստում (սրա մեջ համավճար կա), սրտի վիրահատություն` բացառությամբ մինչեւ 7 տարեկան երեխաների, եւ 7-18 տարեկան սոցիալական անապահով ու հատուկ խմբերում գտնվող երեխաներինը եւ այլն: Անվճարի ծավալն ավելի մեծ է, քան վճարովիինը»,- նշեց Առողջապահության նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության պետը: Անվճար բուժօգնության ծառայություններն ընդգրկում են նաեւ դեղորայքի անվճար տրամադրում, որը, ըստ Վահան Պողոսյանի, հիվանդանոցային համակարգում ներառում է պետպատվերով հիվանդների դեղորայքը: Այսինքն` երբ հիվանդն այնտեղ պառկում է, հետազոտվում է, դեղեր են նշանակում, որոնք պարտադիր պետք է տրվեն անվճար: «Լինում են դեպքեր, երբ հիվանդանոցներում դեղ են պահանջում, լրացուցիչ վճարներ: Նման դեպքերի համար նախարարությունն ունի թեժ գիծ»,- ասաց Առողջապահության նախարարության աշխատակիցը` հորդորելով նման դեպքերում ահազանգել իրենց: Իսկ ամբուլատոր համակարգում անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրումն իրականացվում է 2006թ. նոյեմբերի 23-ից: Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող դեղորայքով ապահովումն իրականացվում է ԱԱՊ հաստատության բժշկի` բնակչին սպասարկող թերապեւտի, մանկաբույժի, մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի, իսկ առանձին հիվանդությունների դեպքում՝ ԱԱՊ հաստատության համապատասխան նեղ մասնագետի նշանակմամբ: Վահան Պողոսյանի հաշվարկներով` անվճար բուօգնությունից տարեկան օգտվում են 200-250 հազար բնակիչներ, այդ թվում նաեւ՝ հղի կանայք, ովքեր իրավունք ունեն ստանալ անվճար բուժօգնություն եւ նախածննդյան, եւ հետծննդյան փուլերում, այսինքն` կոնսուլտացիաներից մինչեւ ծննդազատում: «Հղի կինը դիմում է իր ընտանեկան բժշկին կամ կանանց կոնսուլտացիա, որտեղ վերցվում է հաշվառման, նրան անվճար հետազոտություններ են անում. հսկվում է նրա հղիությունը: Հետո նրան տրամադրվում է հավաստագիր, որտեղ նշված է, որ տվյալ հղիի ծննդալուծումը պետք է կատարվի անվճար` ցանկացած հիվանդանոցում, որտեղ հղին է ցանկանում: Նա տանում է հավաստագիրը ներկայացնում է, ու իրեն անվճար սպասարկում են»,- նշեց Վ. Պողոսյանը: Չնայած շատ դեպքերում էլ, Վ. Պողոսյանի կարծիքով, լինում են դեպքեր, երբ հղի կինը ցանկանում է ուրիշ սենյակ, ցանկանում է ուրիշ բժիշկ, այսինքն` լրիվ տարբեր պայմաններ, որոնք արդեն չեն ներառվում նախարարության առաջարկի մեջ: Թե որքանով են այս անվճար ծառայություններն իրականացվում եւ որքան խախտումներ են լինում, ավելի ճիշտ` որքանով են տեղեկացված մարդիկ, դժվար է ենթադրել: Նախարարության Բժշկական օգնության կազմակերպման վարչության պետը քաղաքացիներին խորհուրդ է տալիս տեղեկանալ իր իրավունքների մասին եւ պահանջել համապատասխան սպասարկում, իսկ խախտումների դեպքում էլ` անմիջապես դիմել իրենց` 52-88-72 թեժ հեռախոսագծով: