«Ախպեր, խի՞ ես մանթրաժ ընկնում, ճիշտն ասա»

25/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շահենենց տան միզաբույրը դեղնած շերտի պես ներթափանցել է օդի մեջ, դրա համար էլ հոտառություն կոչվող զգայարանը նրանց խրճիթ ոտք դնելիս խրտնում է: Նրանց տանը խնդրում եմ, որ դուռ-լուսամուտ բացեն, բայց մաքուր օդն անզոր է «եղանակ» փոխել, քանի որ գարշահոտն այս տանը պարզապես «բույն» է դրել: 42-ամյա Շահենի դեղնած մաշկը, կապտած աչքերն ու դեմքի ագրեսիվ արտահայտությունը նրան անկենդանի կերպարանք են տվել, բայց, երբ խզված ձայնալարերով խոսում է` վախեցնում է: Վախեցնում են նաեւ նրա չորս երեխաները, որոնցից ամեն մեկն ավելի տարօրինակ է, քան մյուսը: Սառած աչքերով նայում են ուղիղ աչքերիս մեջ ու չեն արձագանքում ոչ մի հարցիս: Անխոս են, որովհետեւ խոսելու ընդունակությունից զրկված են, կմկմում, կցկտուր ձայներ են արձակում: Շահենն ասում է` «Հիվանդ են»: «Ի՞նչ հիվանդ»,- հարցնում եմ: Պատասխանում է` «Դե՛, եսիմ, լեզվի պրոբլեմ ունեն, միզում են տակները»: Չորս երեխաների հայրը խոսում է անտարբերությամբ, կարծես հարեւանի երեխաների մասին է կարծիք արտահայտում: Ասում եմ` «Բժշկի տարե՞լ եք»: «Չէ՛,- ասում է,- հնարավորություն չկա, ինչո՞վ տանեմ»: Բացատրում եմ, որ պոլիկլնինիկ ծառայություններն անվճար են, հետեւաբար երեխաներին հետազոտելու համար իրենցից գումար չեն պահանջի: Շահենն ուսերն է թափ տալիս, իսկ երեխաներն ինչ-որ բան հասկանալու, բայց, այնուամենայնիվ, չհասկացողի նման զարմացած նայում են ինձ: Չորս երեխաներից որեւէ մեկն, ասում են, դպրոց չի հաճախում, իսկ Շահենը նույնքան անտարբերությամբ ուսերն է թափ տալիս, երբ հարցնում եմ` «Ինչո՞ւ դպրոց չեն հաճախում»: Հարեւան մի տղամարդ ասում է` «Ախպեր, խի՞ ես մանթրաժ ընկնում, ճիշտն ասա: Չորսն էլ կոշիկ չունեն, դրա համար էլ մի ամիս ա չեն գնում»: 14-ամյա Անդրանիկը հոր հետ ամեն օր փողոցներով շրջելով պղինձ է հայթայթում, որ այն հանձնելով՝ հացի գումար վաստակեն: Ապրում են 36.000 դրամ ընտանեկան նպաստով: Շահենն աշխատանք չունի, որովհետեւ ի զորու չէ ծանր աշխատանք կատարել, կողոսկրերը ջարդված են: Տարիներ առաջ գողություն է կատարվել. «Ես չեմ արել, բայց քաղմասում էնքան ծեծեցին, ջարդեցին, որ վերցրեցի իմ վրա»,- ասում է նա: Ապրում են Ներքին Չարբախի 9-րդ փողոցի 17 տանը, որը ոչ այլ ինչ է, քան աղբանոց: Հարեւան տանից Շահենի տունն առանձնանում է մի կիսաքանդ պատով, իսկ մահճակալներին անփույթ գցված անկողինն ասես հենց նոր աղբանոցից են դուրս բերել: Շահենի երեխաները տարօրինակ հայացքով ապշած նայում են, բայց ոչ մի դեպքում չեն արձագանքում հարցերիս: Հարեւան մի տղամարդ բարկանալով Շահենի պերճախոսության վրա՝ միջամտում է` «Լեւոնը տարին տասներկու ամիս հիվանդ ա, էս մեկը լեզվի պրոբլեմ ունի, մեծին էլ տեսնում եք, էլի: Չեն կարում խոսան, չիշիկ են անում տակները: Շոր էլ չունեն, որ դպրոց գնան»: Զանգահարում եմ Ներքին Չարբախի թիվ 99 դպրոցի տնօրեն Լյուդմիլա Մարգարյանին: Ասում է` «Մենք երեխաներին կոշիկ էլ, հագուստ էլ տրամադրում ենք: Նրանք եկել են դպրոց, բայց պետք է ասեմ, որ ծնողները երեխաներին պատշաճ կերպով չեն հետեւում: Շուտով դպրոցը յուրաքանչյուր սեզոնի հագուստ նման երեխաներին կտրամադրի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանք նոր հագուստ ստանալուց հետո դասի են գալիս փնթի, անխնամ վիճակում»: Տիկին Մանուկյանը որպես ուսումնական հաստատության տնօրեն՝ շատ վրդովված է նման երեխաների ծնողների անտարբերության համար, քանի որ համարում է, որ նման ընտանիքներին որքան էլ ձեռք են մեկնում` միեւնույն է` վերջիններս չեն փորձում իրենց կյանքը բարելավել: «Իսկ ինչո՞ւ չեն աշխատում, որովհետեւ ծույլ են: Ընդհանրապես մեր համայնքում գործազրկության խնդիր չկա, որովհետեւ հողատարածքներում աշխատելու հնարավորություն էլ կա, բայց մարդիկ սովոր են մշտապես սպասել, որ մեկն իրենց մի բանով օգնի: Մենք նույնիսկ այդ երեխաներին լողացնելու հնարավորություն ենք ստեղծել: Երեխաներին դպրոցում լողացնում, հագցնում ենք, բայց հաջորդ օրը ծնողը դպրոց է ուղարկում փնթի, կեղտոտ վիճակով»:

Շահենի կինը տանը չէ… Լեւոնին հարցնում եմ` «Դպրոց չե՞ս գնում, ինչո՞ւ… ինչո՞վ ես զբաղվում ամբողջ օրը»: Կմկմում է` «Գործ եմ անում»: «Ի՞նչ գործ» հարցնում եմ: Պատասխանում է` «Պապայի հետ պղինձ, պլաստմասս ենք ման գալիս, որ հանձնենք, հաց առնենք»: