Ջազի երիտասարդ ձայները

25/05/2009

Հայաստանյան «Art Voices» խումբը, որը հաջող համակցում է էթնիկ մոտիվները ջազի ու ռոքի հետ, վերջերս հաղթանակով է վերադարձել Բուխարեստում տեղի ունեցած «Եվրո Ֆեստ-209» միջազգային ջազային փառատոնից, որտեղ «Գրան-պրի» մրցանակի է արժանացել:

«Art voices»-ը երիտասարդական խումբ է, որը դեռ ձայներիզ չունի, սակայն լավ հայտնի է Երեւանի ակումբներում, որտեղ ելույթ ունենալով, խմբի 6 անդամները ոչ միայն փող են վաստակում, այլեւ` համատեղ աշխատելու, տարբեր ոճեր փորձարկելու ու զարգանալու հնարավորություն են ունենում: Խումբը Բուխարեստ է հասել պատահական զուգադիպության շնորհիվ: Ինտերնետի միջոցով տեղեկանալով փառատոնի մասին, խմբի անդամներն ուղարկել են իրենց կատարումները, սակայն գումար չունեին անձամբ ներկա գտնվել փառատոնի եզրափակիչ փուլում: Եվ երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով «Art Voices» խմբի հետ տարբեր նախագծեր է իրականացնում ու համատեղ համերգային ծրագրով ելույթ է ունենում «12» ու «Ուլիխանյան» ակումբներում, օգնության հասավ: Երգչուհու շնորհիվ խմբին գումար տրամադրեց «Ջազզվե» ցանցը, եւ երիտասարդ խումբը մեկնեց Ռումինիա:

Գլխավոր մրցանակը ստանալն ու նոր հարթակներում ելույթ ունենալը «Art Voices»-ին հյուրախաղերի նոր առաջարկներ բերեցին: Շուտով խումբը առանձին համերգներով կմեկնի Բեյրութ, Ռումինիա եւ Գերմանիա: Խմբի ստեղնաշարային գործիքների վրա նվագող երաժիշտ Մանուկ Ղազարյանը պատմեց, որ եվրոպական ջազ-խմբերի մեջ իրենք իրոք առանձնանում էին, քանի որ բոլոր խմբերը ճանաչելի ոճ ունեին ու իրար նման էին, իսկ հայկական խումբն իր էթնիկ մշակումներով հայտնվեց ուշադրության կենտրոնում: Տղաները պատմեցին, որ բավականին բարդ պայմաններում էին հայտնվել, քանի որ փառատոնի կազմակերպիչը ազգությամբ թուրք էր ու մանր խոչընդոտներ էր ստեղծում հայերի համար, սկսած՝ փորձերի համար դահլիճ չտրամադրելուց, վերջացրած` սնունդը ուշացնելուց: «Սոված, ծարավ քայլում էինք Բուխարեստում»,- կատակով ու զուսպ հպարտությամբ ասացին սիքստետի անդամները: Մրցանակը (որը նաեւ շոշափելի գումարային հատվածից է բաղկացած) հայկական խմբին հանձնել է Ռումինիայի արքայազնը: Իսկ Շ.Պետրոսյանը, ով իրեն «Art voices»-ի ավագ ընկերն է անվանում, համոզված է, որ խումբը կարող է պատվով հանդես գալ նաեւ ամենահեղինակավոր Մոնտրյո քաղաքի փառատոնում: Իսկ հայկական մրցանակաբաշխությանը կամ «Եվրատեսիլին» մասնակցելու նրանց հնարավորությունը բացառում է՝ ասելով. «Տղաներն ափսոս են»: