Հայաստանի Հանրապետությունում ստեղծագործող մարդիկ չափազանց խոցելի են: Եթե մարդը որեւէ մտավոր արժեք է ստեղծում, ապա պետք է գոնե կարողանա իր մտքի արգասիքով գումար վաստակել ու իրեն բավարարված զգալ, այլապես վերածվում է գումար ունեցող մարդու կցորդի ու ստիպված է լինում հարմարեցնել իր միտքը փողատերի պահանջին: Այդ կռվանի վառ ապացույցը ցանկացած ընտրարշավներում արվեստի մարդկանց մասնակցությունն է: Այն անձինք, որոնք հանրային մասնագիտություններ ունեն (դերասան, երգիչ կամ կոմպոզիտոր), փորձում են բացատրել` թե ինչո՞ւ են հայտնվում այս կամ այն իշխանավորի կողքին ու նրանց գովքն անում: Իսկ դա շատ նվաստացուցիչ աշխատանք է, քանի որ նրանց բացատրությունները միանգամից որպես արդարացում են դիտվում: Ոչ ոք չի ասում` լավ եմ անում, որ գովազդում եմ քաղաքական գործչին: Բոլորն ասում են` ուզում ենք ծառայել հայրենիքին (ցանկության դեպքում հայրենիքը դառնում է ժողովուրդ, քաղաքացիներ կամ նույնիսկ` արդար գործ):
Մարդկային էակը թույլ է, նա ուզում է արտահայտվելու հարթակ ունենալ եւ ինքն իրեն պիտանի համարել մեծ գործի համար: Իսկ մեծ գործն ընտրություններն են, այլ ոչ թե` բեմադրությունը կամ համերգը: Եվ դերասանը գնում է քաղաքապետի թեկնածուի կողքին է կանգնում ու բակերում բանաստեղծություններ է արտասանում (Վլադիմիր Մսրյանն այդպես է տեսնում իր ձայնի ու կերպարի օժանդակությունը այն կուսակցությանը, որին անդամակցում է), «Մեր բակը» տեսաֆիլմի ռեժիսոր Միքայել Դովլաթյանը խոսում է երեւանյան բակերի երբեմնի ջերմ ընտանեկան մթնոլորտը վերականգնելու մասին, արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը ասում է, որ եթե քաղաքապետը իր ներկայությամբ պատվում է գրքի շնորհանդեսն, ուրեմն նա լավ քաղաքապետ է, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն էլ ասում է, որ գնահատում է բանակի հարցերին լուրջ մոտենալը: Երեկ նա մասնակցում էր ասուլիսի` հայտնելու համար իր հիացմունքը այն փաստի համար, որ բանակում ծառայող տղաների մոտ «Իկարուս» ավտոբուսներով բերում են նրանց ծնողներին:
Պարզ մարդկային բարոյականությունը ստիպում է Մ. Վարդազարյանին դժգոհել, որ երեւանցիների նոր սերունդը ծանոթ չէ Բախի կամ Բրամսի երաժշտությանը, որ անհետանում են կինոթատրոնները, սակայն իշխանություն ունեցող կուսակցական բարոյականությունը դրդում է նրան արդարանալ, երբ խոսքը գնում է շատ կոնկրետ «Նաիրի» կինոթատրոնի մասին: Նա տրամաբանական է համարում, որ կինոթատրոնը խանութի է վերածվել, քանի որ շուկան է տիրոջը ստիպում տարածքը խանութ դարձնել: Ստացվում է, որ երկու բարոյականություն կա` շուկայի ու ազգային, երկուսն էլ մեկ-մեկ կարող են միացվել, մեկ-մեկ էլ անջատ գոյատեւել: Եվ հանրությանը ծանոթ մարդիկ կոչված են այդ անջատ վիճակը արհեստականորեն մեղմացնելու:
Խնդիրն այն է, որ եթե ցուցակում ես հայտնվել, պետք է ասես, որ գալիս ես ծառայելու, օգնելու, աջակցելու կամ ազնիվ խորհուրդներ տալու, եւ բացի բարոյական մղումից՝ քեզ այլ բան չի ուղղորդում: Նույնիսկ դերասան Երվանդ Մանարյանը, ով անդամակցում է ընդդիմադիր կուսակցությանը, փորձում է արդարանալ` ասելով, որ ժամանակին ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պիես է գրել ու բեմադրել, բայց այսօր կանգնած է նրա կողքին: Դա պետք է սեփական խղճի հանգստության համար: Եվ դա բոլորը զգում են:
Մարդիկ, որոնք այս իրավիճակի դիտորդն են դարձել, իրականում շատ մեծ առավելություն ու մեծ ուժ ունեն: Մարդիկ ոչ միայն կուռքեր են ստեղծում, այլ մեծ հաջողությամբ նաեւ կուռքերին տապալում են: Ընդ որում` վերջինը արվում է հսկայական հաճույքով: Անբնական վիճակում գտնվող արվեստի մարդիկ, որոնք ոչ թե քարոզից վեր են, այլ հենց այդ պրոցեսի կիզակետում են, շատ ավելի խոցելի են, քան իրենք կարծում են: