Բուժիչ նամակներ

25/05/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Հրաշագործ կաղամբը

Դեռ հնուց կաղամբը բարձր է գնահատվել իր օգտակար հատկությունների համար: Հին հռոմեացիները գտնում էին, որ կաղամբը լավ դեղամիջոց է բազմաթիվ հիվանդությունների եւ նույնիսկ անքնության դեմ: Բայց շատ քչերը գիտեն, թե հատկապես ինչով է այն օգտակար եւ որ դեպքերում: Օրինակ, թերեւս քչերը գիտեն, որ կաղամբը բուժում է ալկոհոլիզմից: Քաղաքացի Էմմա Կարապետյանն այս առնչությամբ գրում է. «Բոլորս էլ գիտենք, որ ալկոհոլիզմով տառապող մարդն իսկական չարիք է հասարակության համար: Խմելը տառապանք է եւ տվյալ անձի, եւ նրան շրջապատողների համար: Բայց գոնե հիվանդին շրջապատող մարդիկ` հարազատներն ու ընկերները, եթե շատ ցանկանան, կարող են օգնել, այն էլ` շատ հեշտ ու պրիմիտիվ միջոցով` կաղամբով: Դրա համար անհրաժեշտ է կաղամբը թթու դնել, բայց մի քիչ ոչ սովորական ձեւով: 1 կգ կաղամբի համար վերցնել 1,5 ճաշի գդալ խոշոր աղ, 5 հատ գազար եւ 3 թեյի գդալ կանաչ թեյ: Կաղամբը մանր կտրատել եւ խառնել աղի հետ ու այնքան տրորել ձեռքերով, որ կաղամբի հյութը դուրս գա: Հետո ավելացնել քերած գազարն ու թեյը` լավ խառնելով լցնել այն ամանի մեջ, որի մեջ պետք է թթվի, ու վրան ծանրություն դնել: Կաղամբի պահելու ջերմաստիճանը պետք է լինի 14-16 աստիճան: 3-4 օրից հետո դանակով փորփրել կաղամբն ու նորից թողնել 2 շաբաթ: 2 շաբաթ հետո այն պատրաստ է օգտագործման: Այս ձեւով պատրաստված կաղամբը կարելի է օգտագործել սովորականի պես` աղցանների մեջ, կաղամբով ճաշերի եւ այլն: Բայց այս կաղամբն օգտագործելու հետ զուգահեռ, պետք է խմել կանաչ թեյ: Երկու ամիս հետո կարելի է սպասել սկզբնական արդյունքին: Այս ժամանակահատվածում մարդը սկսում է տհաճություն զգալ ալկոհոլից: Բացի այդ, նաեւ ամրանում է նրա դիմադրողականությունը: Այս բաղադրատոմսն իսկապես արդյունավետ միջոց է»:

Իսկ մեր մշտական ընթերցող Ջուլիետա Սահակյանն էլ գրում է, որ շատ օգտակար է հատկապես կաղամբի հյութը: «Կաղամբի թարմ քամած հյութը լցնել բաժակի մեջ, որ լինի մոտավորապես 3 սմ բարձրության, ավելացնել 1 ձվի դեղնուց ու լավ խառնել: Թանզիֆի կտորը թրջել այս խառնուրդի մեջ եւ դնել այն մասին, որտեղ հարվածից կամ վնասվածքից հեմատոմա (արյան զեղում) է առաջացել: Այս միջոցն օգնում է նաեւ կոտրվածքների դեպքում:

Կաղամբի հյութը գազարի ու խնձորի հյութերի հետ` 1:1:1 հարաբերությամբ, օգնում է պայքարել օրգանիզմի խոլեստերինի ավելցուկի դեմ: Այս բուժումը պետք է անել 10 օր, այնուհետեւ 2 շաբաթ ընդմիջում տալ եւ նորից 10 օր անել:

Շաքարային դիաբետով տառապողներին շատ լավ է կաղամբով աղցանը: Հազարի կտրատած տերեւներին ավելացնել հավասարաչափ կտրատած կաղամբ, 3 պճեղ սխտոր եւ քամել կես կիտրոնի հյութ:

Դեմքի համար սնուցող նշանակություն ունի կաղամբով դիմակը: Թթու կաղամբը քամել հյութից եւ դնել դեմքին: 15 րոպե թողնելուց հետո լվանալ սառը ջրով»:

Հում կաղամբով կոմպրեսն օգտակար է նոր սկսվող հազի դեպքում: Կաղամբի թեւը 1 րոպեի չափ պահեք եռման ջրում, այնուհետեւ վրան քսեք մեղր եւ կապեք կրծքին` քնելուց առաջ: 3 անգամ նման պրոցեդուրայից հետո կանցնի նույնիսկ ուժեղ հազը:

Կաղամբը լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու մաքրում աղիները խարամներից: Որոշ հիվանդությունների դեպքում (ջրգողություն, պոդագրա) այն գործածվում է որպես միզամուղ:

Իսկ բոլորովին վերջերս բժիշկները եկել են այն եզրակացության, որ կաղամբի թարմ թերթիկների շնորհիվ կարող են բուժվել անգամ թարախակալած վերքերը: Եթե կաղամբը դնենք նոր վիրահատված վերքի կարի վրա, ապա կարը կապաքինվի` առանց թարախակալելու: Կաղամբի հյութը շատ դրական ազդեցություն կարող է ունենալ նյարդային համակարգի եւ նյութափոխանակության վրա:

Իհարկե, այսքանից հետո չի նշանակում, որ կաղամբը կարելի է բոլորին եւ հակացուցումներ չունի: Զարմանալի է, բայց փաստ, որ կան մարդիկ, որոնց պարզապես պետք չէ կաղամբ օգտագործել: Օրինակ` սննդի մեջ կաղամբ օգտագործել ցանկալի չէ գաստրիտով, քրոնիկական կոլիտով, ստամոքսի խոցով ու տասներկումատնյա աղիի հիվանդություններով տառապողներին: Պանկրեատիտի ժամանակ հակացուցված է թարմ կաղամբը, հատկապես դրա ավելի շատ շաքար պարունակող տեսակները: Նաեւ պետք է հիշել ու հաշվի առնել, որ կաղամբի արտաքին շերտի թերթիկների ու կաղամբակոթի մեջ են հավաքվում ամենաշատ նիտրատները: Որպեսզի կաղամբը օգտակար լինի եւ ոչ թե` թունավոր, գնելիս հաշվի առեք, որ կաղամբակոթը մաքուր սպիտակ լինի եւ ոչ թե` սեւացած շրջանագծով:

Ծաղկակաղամբն ընդհանրապես հակացուցված է պոդագրայով հիվանդներին, քանի որ այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ պուրինային միացություններ:

Կաղամբի թթվառվույտ (կիսլիցա) տեսակը կարող է բացասական ազդեցություն ունենալ երիկամային հիվանդությամբ տառապողների համար, իսկ ծովակաղամբը վտանգավոր է նեֆրիտով հիվանդների համար: