Ինչո՞ւ են դաշնակցականները հեռանում դաշնակցությունից

20/07/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ նախագահ
Արկադի Ղուկասյանի հրամանագրով աշխատանքից ազատվեց դաշնակցական միակ
նախարարը (խոսքը ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Արմեն
Սարգսյանի մասին է), Արցախի դաշնակցականները, ովքեր մինչ այդ իրենց
համարում էին կառուցողական ընդդիմություն, դարձան բացարձակ ընդդիմադիր եւ
որոշեցին գործադիր իշխանությունում ընդգրկված դաշնակցականներին
պաշտոններից հետ կանչել։ Դա այդքան էլ չհաջողվեց, քանի որ մի քանի հոգի
հրաժարվեցին կատարել այդ որոշումը եւ արդյունքում հայտնվեցին
Դաշնակցության շարքերից դուրս։ Դրանց թվում էր նաեւ նախկին դաշնակցական,
ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության Կրթության եւ գիտության
վարչության պետ Արկադի Թովմասյանը, որը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի
անդամ Ժիրայր Շահիջանյանի խոսքերով, որոշումը չկատարելու պատճառով
հեռացվել է կուսակցությունից։

Ղարաբաղում կան նաեւ մարդիկ, ովքեր, արդեն մի քանի տարի է, այլեւս
Դաշնակցության շարքերում չեն, դեռ ավելին` այլ կուսակցության կամ
խմբակցության անդամ են։ ԼՂՀ նախագահի խորհրդական, Ազգային ժողովի
պատգամավոր, նախորդ գումարման ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության
ղեկավար Ժաննա Գալստյանը նույնպես դաշնակցական էր։ Ինչո՞ւ նա հիմա այդ
կուսակցության շարքերում չէ եւ արդեն շուրջ հինգ տարի է, իշխանամետ
խմբակցության անդամ է։ Այս հարցին Ժաննա Գալստյանը հրաժարվեց պատասխանել։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեից տեղեկացանք, որ 2000թ. Ազգային ժողովի
ընտրությունների ժամանակ Ժ. Գալստյանին Դաշնակցությունն առաջարկեց
կուսակցության կողմից առաջադրել իր թեկնածությունը, սակայն նա հրաժարվեց
եւ միառժամանակ հետո պարզվեց, որ նա իր թեկնածությունն առաջադրել է մեկ
այլ քաղաքական կազմակերպության` «Ժողովրդավարական Արցախ» միության (այժմ`
Արցախի ժողովրդավարական կուսակցություն) կողմից։ Այդ պատճառով նրան
նույնպես հեռացրել են կուսակցությունից։

Վերջին ամիսների զարգացումների արդյունքում ՀՅԴ շարքերից դուրս հայտնվեց
նաեւ ԱԺ պատգամավոր, «Արցախգազ» ՊՓԲԸ տնօրեն Մաքսիմ Միրզոյանը։ Ըստ ՀՅԴ
Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահիջանյանի, նախորդ գումարման խորհրդարանի
գործունեության ժամանակ Կենտրոնական կոմիտեն եւ ՀՅԴ խմբակցությունը որոշել
են 2005թ. պետբյուջեին «ձեռնպահ» քվեարկել, բայց Մաքսիմ Միրզոյանը հակառակ
որոշում է կայացրել` «կողմ» քվեարկելով։ «Այդ պատճառով էլ որոշվեց Մ.
Միրզոյանին արտաքսել կուսակցությունից»,- մեր զրույցի ժամանակ նշեց Ժ.
Շահիջանյանը։ Երեւույթի պատճառները փորձեցինք պարզել նաեւ Մաքսիմ
Միրզոյանից, որն այլ կերպ մեկնաբանեց այդ ամենը. «Այն գաղափարը, որի մասին
անընդհատ Դաշնակցության գործիչների կողմից նշվում է, իրականում այդ
կուսակցության գործունեության մեջ գոյություն չունի։ Բացի կուսակցության
վերնախավի մի քանի հոգուց, ոչ մեկն իրավունք չունի իր կարծիքն արտահայտել.
բոլորը կամակատար են եւ օգտագործվում են որպես չմտածող էլեկտորատ։
Կուսակցությունը չունի նաեւ Արցախի հետագա ճակատագրի մասին ոչ
պատկերացում, ոչ էլ ծրագիր, որի մշակման համար բազմիցս հարց ենք
բարձրացրել։ Կարծում եմ, այս ամենը դեկորատիվ բնույթ է կրում։
Կուսակցությունը «կլանների ներկայացուցիչների հավաքածու է եւ
բիզնես-ակումբ», եւ ամբողջ պայքարը դրա համար է, թեկուզ այդ շարքերում կան
բավականին հետաքրքիր ու խելամիտ մարդիկ, ովքեր մնացել են դաշտից դուրս»։

Անդրադառնալով բուն պատճառներին` Մ. Միրզոյանը փաստեց, որ գործադիր
պաշտոններում գտնվող դաշնակցականներին հետ կանչելու ժամանակ իրեն էլ են
առաջարկել հրաժարվել պաշտոնից` որպես բոյկոտ, սակայն նա, առաջարկը անհիմն
համարելով՝ հրաժարվել է։ «Գտնում եմ, որ դա կառուցողական մոտեցում չէ, եւ
հետո էլ ես գործադիր իշխանության անդամ չեմ,- նշել է պարոն Միրզոյանը։
-Իսկ երկրորդ պատճառը՝ 2005թ. պետբյուջեին իմ «կողմ» քվեարկելն է։ ՀՅԴ
խմբակցությունը սկզբից որոշել էր «կողմ» քվեարկել, սակայն հետո առանց
որեւէ լուրջ հիմնավորման՝ Կենտրոնական կոմիտեն որոշեց, որ պետք է
«ձեռնպահ» քվեարկել, որին համաձայն չեմ եղել: Ինձ հեռացրել են՝ խախտելով
կուսակցության կանոնադրությունը, ըստ որի՝ պետք է դատական ատյան ստեղծվեր
եւ ինձ բողոքելու եւ պաշտպանվելու հնարավորություն տրվեր, որը չարվեց»:

Տեղեկության կարգով նշենք, որ ներկայումս Մաքսիմ Միրզոյանը խորհրդարանում
հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր, սակայն ոմանց կարծիքով, ինքը
իշխանամետ է: Հարցի առնչությամբ պարոն Միրզոյանը նշեց, որ նա ոչ իշխանամետ
է, ոչ ընդդիմադիր, այլ՝ «պետականաշինամետ» եւ չի պատրաստվում միանալ
ներկայիս որեւէ խմբակցության: