Մայիսի 19-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: «Ամրագրելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես նաեւ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման կարեւորությունը՝ Անվտանգության խորհուրդը քննության է առել տեխնիկատնտեսական մշակումներից մինչեւ նոր էներգաբլոկի շահագործում ընկած գործընթացի իրականացման բոլոր փուլերը»,- նշված է հաղորդագրության մեջ: