Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար այս տարի կանխատեսել էր 5%-անոց տնտեսական անկում։ Մինչ մենք սպասում էինք, որ կառավարությունը կշտապի չհամաձայնել այս կանխատեսման հետ՝ պնդելով, որ ԱՄՀ-ն գույները խտացրել է, ՀՀ Կենտրոնական բանկը 3 օր առաջ ավելի հոռետեսական կանխատեսում արեց՝ 5.8%-անոց տնտեսական անկում։
Սակայն, երբ աչքի ես անցկացնում պաշտոնական վիճակագրության ամենաթարմ տվյալները, պարզ է դառնում, որ ԿԲ-ի ու ԱՄՀ-ի գնահատականները ոչ միայն հոռետեսական չեն, այլ անգամ՝ չափից դուրս լավատեսական են: Որովհետեւ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) Հայաստանում հունվար-ապրիլ ժամանակահատվածի համար արդեն իսկ արձանագրել է 9.7%-անոց անկում։
Այսպես, երեկ հրապարակված «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» զեկույցում ԱՎԾ-ն արձանագրել է 638.9 միլիարդ դրամի համախառն ներքին արդյունք, որը նախորդ տարվա հունվար-ապրիլի 90.3%-ն է։ Մտահոգության տեղիք է տալիս նաեւ այն, որ անկման տեմպի նվազում չի երեւում. ապրիլ ամսվա ՀՆԱ-ն 5.4%-ով զիջում է մարտի ցուցանիշին։ Հիշեցնենք, որ հունվար-մարտի անկումը կազմել էր 6.1%, սակայն մարտ ամսին տնտեսությունը 22.1%-անոց աճ էր արձանագրել փետրվարի համեմատ։
Անկում ապրել են տնտեսության` առանց բացառության բոլոր ոլորտները։ Արդյունաբերությունը, որը (ինչպես հավաստիացնում էին ԿԲ-ի, ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչները) դրամի արժեզրկումից հետո պետք է որոշակի աշխուժացում ապրեր, այս տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 11.1%-ով։ Ընդ որում, եթե մարտ ամսին արդյունաբերական արտադրանքի ծավալը 1.9%-ով գերազանցում էր փետրվարի ցուցանիշը, ապա ապրիլին գրանցվել է 10.1 տոկոսանոց անկում։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում կազմել է 1878.5 միլիոն կՎտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 12.4%-ով պակաս։
Այս տվյալների ֆոնին արդեն զարմանալի չեն նաեւ ներմուծման եւ արտահանման ցուցանիշները։ Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները նվազել են 30%-ով՝ կազմելով 1 միլիարդ 69 միլիոն դոլար։ Ներմուծումը նվազել է 25%-ով (893.5 մլն դոլար), իսկ արտահանումը կրկնակի՝ 52.2%-ով՝ կազմելով ընդամենը 175.6 միլիոն դոլար։
Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 0.6%-ով։
Ամենաանմխիթարը, սակայն, շինարարության ոլորտն է։ Պետության խոստացած 20 միլիարդի երաշխիքները կարծես դեռեւս օգուտ չեն տալիս. շինարարության ծավալները կրճատվել են 42.4%-ով։ Ընդ որում, բացասական միտումը այս ոլորտում ավելի սուր է արտահայտված. եթե մարտ ամսին շինարարությունը 65%-անոց աճ էր արձանագրել փետրվարի նկատմամբ, ապա ապրիլին մարտի նկատմամբ գրանցվել է 35.3%-անոց անկում։ Այլ կերպ ասած, որքան պետությունը խոսում է այս ճյուղին աջակցելու մասին, կառուցապատման ծավալներն այնքան փոքրանում են։ Եվ արդյունքում, եթե շինարարությունը նախկինում տնտեսական աճի շարժիչ ուժն էր, ապա այժմ վերածվել է բալաստի, որը «ապահովում է» տնտեսական անկումը։
Այժմ վերադառնանք այս տարվա ՀՆԱ-ի այն ցուցանիշներին, որոնք կանխատեսել էին Կենտրոնական բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը։ Համապատասխանաբար՝ 5% եւ 5.8%։ Ընդ որում, կանխատեսումն արված է ողջ տարվա համար, մինչդեռ առաջին 4 ամիսների ընթացքում արդեն իսկ արձանագրվել է գրեթե 10%-անոց անկում։ Փաստորեն, նման տեմպերով շարունակվելու դեպքում՝ 5%-անոց անկման մասին միայն կարելի է երազել։ Իսկ եթե ԿԲ-ի եւ ԱՄՀ-ի կանխատեսումները հիմնավոր են, նշանակում է՝ այս կառույցները համոզված են (թեեւ առնվազն ԿԲ-ի դեպքում նման պնդումն արդեն ծիծաղելի է), որ անկումն այս տեմպերով չի շարունակվի, եւ տնտեսությունը կշարունակի աշխուժանալ։ Սակայն դրա նշանները առայժմ չեն երեւում անգամ պաշտոնական վիճակագրության տվյալներով։