Ճգնաժամ

21/05/2009

Կայուններն ու անկայունները

Շվեյցարական IMD հեղինակավոր բիզնես-դպրոցն ամեն տարի կազմում է աշխարհի առաջատար տնտեսությունների մրցունակության վարկանիշ։ Սակայն այս տարի IMD-ն որոշել է, այսպես կոչված, կայունության «stress-test» անցկացնել՝ որոշելու համար, թե երկրներից յուրաքանչյուրը որքանո՞վ է ունակ կայունություն պահպանել համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Թեստն անցկացվել է 57 երկրների շրջանում։ Վարկանիշը կազմվել է 20 ինդիկատորների հիման վրա, որոնք բաժանված են 4 խմբերի՝ տնտեսական հեռանկարներ, բիզնեսի կայունություն, կառավարման կայունություն եւ հասարակության ունակությունը՝ ճգնաժամը հաղթահարելու հարցում։ Առանձին ինդիկատորների շարքում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են, օրինակ՝ ՀՆԱ-ի աճի տեմպերը, գործարար էթիկայի մակարդակը, իրավական համակարգը եւ սոցիալական համախմբվածությունը։

Եվ այսպես, վարկանիշային ցուցակի առաջատարը Դանիան է, որը 100 հնարավորից հավաքել է 100 միավոր։ Դանիային հաջորդում են Սինգապուրը (96.4 միավոր) եւ Կատարը (87.93 միավոր)։ Ամենակայուն տնտեսությունների առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Նորվեգիան, Հոնկոնգը, Շվեյցարիան, Շվեդիան, Ավստրիան, Ֆինլանդիան եւ Մալազիան։

ԱՄՆ-ը, որը նախկինում գրեթե միշտ ճանաչվում էր ամենամրցունակ տնտեսությունը, գտնվում է ցուցակի 18-րդ տեղում։ Ամենամեծ տնտեսություններից՝ Հնդկաստանը զբաղեցրել է 13-րդ տեղը, Կանադան՝ 16-րդ, իսկ Չինաստանը՝ 18-րդ։ Չինաստանն, ի դեպ, տնտեսական հեռանկարների ցուցանիշով IMD-ի կողմից ճանաչվել է առաջինը։ Այս կատեգորիայի առաջին եռյակում տեղ են գտել նաեւ Կատարն ու Նորվեգիան։ Ըստ հետազոտության արդյունքների, ամենալավ հակաճգնաժամային կառավարությունը Սինգապուրինն է, իսկ ամենավատերի թվում, որքան էլ զարմանալի լինի, հայտնվել է Իտալիան։

Նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում տեղ են գտել Ուկրաինան (55-րդ տեղ), Ղազախստանը (27-րդ), Լիտվան (41) եւ Էստոնիան (43)։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կայունության առումով այս երկրի տնտեսությունը տեղ է զբաղեցրել ցուցակի վերջին հորիզոնականներում՝ 51-րդ տեղում։ Իսկ տնտեսական հեռանկարների առումով Ռուսաստանի գործերն ավելի վատ են՝ վերջից երրորդ տեղը։

Նշենք, որ IMD-ի անցկացրած այս «stress-test»-ի արդյունքները մտահոգիչ են ոչ միայն ռուսների, այլեւ մեզ՝ հայաստանցիներիս համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ այդ երկրում տեղի ունեցող զարգացումներն անմիջականորեն ազդում են մեր տնտեսության վրա։ Հիշեցնենք նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար 2009թ. կանխատեսել էր 5%-անոց տնտեսական անկում, սակայն մի քանի օր առաջ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը չբացառեց, որ անկումը կարող է եւ ավելի խորը լինել։ Ն. Օմեսն իր վատատեսությունը բացատրել էր հենց Ռուսաստանի գործոնով, մասնավորապես, ասելով. «Առկա են մի շարք բացասական գործոններ, առավելապես կապված Ռուսաստանի հետ։ Այդ երկրում իրադրությունը կարծես ավելի վատ է, քան որեւէ մեկը կարող էր սպասել, իսկ ճգնաժամի հետագա խորացումը Ռուսաստանում բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»։

Ճգնաժամը մոտենում է ավարտի՞ն

«The Wall Street Journal»-ը հարցում է անցկացրել ԱՄՆ-ի 52 առաջատար տնտեսագետների շրջանում՝ ճգնաժամի վերաբերյալ, եւ զարմանալիորեն շատ լավատեսական արդյունք է ստացել։ Ըստ ամերիկյան տնտեսագետների, ամերիկյան տնտեսության անկումը կդադարի այս տարվա օգոստոսին, ինչից հետո տնտեսությունը կսկսի դանդաղ աճ արձանագրել։

Փորձագետների կարծիքով, 2009թ. երկրորդ եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքը կնվազի 1.4%-ով։ Իսկ դա զգալի առաջընթաց է, եթե համեմատենք առաջին եռամսյակում արձանագրված 6.1%-անոց անկման հետ։ Իսկ հաջորդ տարվա համար տնտեսագետները կանխատեսում են ՀՆԱ-ի 2% աճ։

Սակայն դա չի նշանակում, որ արդեն աշնանից սկսած ամերիկյան տնտեսությունը առաջվա պես կծաղկի։ Հարցմանը մասնակցած գիտնականների կեսի կարծիքով, ճգնաժամի հետեւանքներն ամբողջությամբ վերացնելու համար կպահանջվի 3-4 տարի։ Տնտեսագետների մեկ քառորդն էլ ավելի հոռետես է. լրիվ վերականգնվելու համար տնտեսությանը պետք է նվազագույնը 5 տարի։ Մինչճգնաժամային դիրքերին վերադառնալու հիմնական խոչընդոտները բանկային համակարգի ոչ բավարար վերակապիտալիզացիան է, գնաճի ռիսկը, գործազրկության աճը եւ անվստահությունը դոլարի նկատմամբ։

Առանձնակի անհանգստություն պատճառում է ամերիկյան տնտեսության գլխավոր լոկոմոտիվի՝ բարձր սպառողական պահանջարկի ներկայիս վիճակը։ Սպառողական պահանջարկին մեծ հարված է հասցրել հատկապես գործազրկության աճը, որը, մասնագետների կարծիքով, տարեվերջին կարող է հասնել 9.7%-ի։ Հաշվի առնելով գործազրկության՝ որպես տնտեսական երեւույթի, իներցիոն բնույթը, տնտեսագետները գտնում են, որ չնայած տնտեսության աստիճանաբար վերականգնմանը, հաջորդ տարի աշխատանքից կարող են զրկվել եւս 2 միլիոն մարդ։ Ուշադրության է արժանի նաեւ այն, որ վիճակագրությունը արձանագրել է խնայողությունների աճ։ Այս գործոնը, ինչպես նաեւ սպառման մոդելի կտրուկ փոփոխությունը զսպող դեր են կատարում ամերիկյան տնտեսության զարգացման հարցում։ Իհարկե, խնայողությունների աճն ու սպառողական պահանջարկի նվազումը դժվար թե հանգեցնեն լճացման, սակայն կարող են խանգարել, որպեսզի կենսապայմաններն ու սպառումը վերադառնան նախկին մակարդակին։ Սպառողական պահանջարկի նախկին ռեկորդներին վերադառնալն անհավանական է թվում նաեւ մեկ այլ պատճառով. ԱՄՆ բանկային եւ վարկավորման համակարգը դեռ չի կարողանում թոթափել ճգնաժամի հետեւանքները։ Բանկերը դեռ մեծ քանակի «վատ» վարկեր ունեն եւ չեն շտապում վերսկսել սպառման մասշտաբային վարկավորումը։

Ինչ վերաբերում է դոլարի նկատմամբ վստահությանը, ապա այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ։ Մի կողմից, դոլարը շարունակում է մնալ որպես համաշխարհային ռեզերվային արժույթ, եւ այս իրավիճակը փոխելու բոլոր փորձերը ձախողվել են։ Ավելին, ամերիկյան ակտիվները դարձել են կապիտալի հոսքի գրեթե միակ հուսալի հանգրվանը, եւ մոտ ապագայում այլընտրանք դժվար թե ունենան։ Մյուս կողմից, ամերիկյան իշխանությունները հակաճգնաժամային բոլոր քայլերը, ամենայն հավանականությամբ, կապված են դոլարային նոր էմիսիաների հետ։ Իսկ դա ուժեղացնում է գնաճային ռիսկերը եւ թուլացնում վստահությունը դոլարի նկատմամբ։

Այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամի կշեռքի նժարը աստիճանաբար թեքվում է դրական ելքի կողմը։ Այսպես, ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի տվյալներով, ապրիլ ամսվա սպառողական գներն անփոփոխ են մնացել մարտի համեմատ։ Իսկ արտադրական ակտիվության ինդեքսը՝ Empire Manufacturing-ը, այս ամիս աճել է մինչեւ -4.6 կետին՝ ապրիլյան -14.65-ի համեմատ։ 2008թ. օգոստոսից ի վեր սա ամենամեծ աճն է։ Ընդ որում, փորձագետները կանխատեսում էին, որ ինդեքսը լավագույն դեպքում կհասնի -12-ի։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն ապրիլին նվազել է ընդամենը 0.6%-ով, մինչդեռ մարտին անկումը կազմել էր 1.5%։

Ամփոփելով տնտեսագետների կարծիքները՝ «The Wall Street Journal»-ը եզրակացնում է՝ գնալով ավելի քիչ կասկած է մնում, որ մոտ ապագայում ԱՄՆ տնտեսությունը կկարողանա դուրս գալ ճգնաժամից։ Իսկ թե դրանից հետո ինչպես կզարգանան թե՛ ԱՄՆ-ի, թե՛ համաշխարհային տնտեսությունը, առայժմ հնարավոր չէ կոնկրետ ասել։

Լիտվացիները կորցնում են աշխատանքը

Մինչեւ այս տարվա ավարտը Լիտվայում կկրճատվեն 38 հազար աշխատատեղեր՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում։ Նման կանխատեսում արել է Լիտվայի աշխատանքի բորսան, որի գնահատականներով՝ կրճատումները տեղի կունենան հիմնականում շինարարության եւ արդյունաբերության ոլորտների ձեռնարկություններում։

Մայիսի սկզբի դրությամբ, Լիտվայում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմում էր 186.4 հազար մարդ։ Նշենք նաեւ, որ ապրիլի վերջին Աշխատանքի բորսան արձանագրել էր գործազրկության աճի դանդաղում։ Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում բորսայում գրանցվել է աշխատանք փնտրող 5200 մարդ, մինչդեռ տարվա սկզբին շաբաթական կտրվածքով այդ ցուցանիշը հասնում էր 10000-ի։

Ոչ պաշտոնական տվյալներով, Լիտվայում գործազուրկների թիվն այսօր հասնում է շուրջ 215 հազարի։ Ընդ որում, նրանցից մոտ 100 հազարը ոչ մի նպաստ չի ստանում։

Լիտվան, աշխարհի շատ երկրների նման, մեծապես տուժել է ճգնաժամից։ Կանխատեսումների համաձայն, 2009 թվականին երկրի տնտեսությունը կկրճատվի 4.9 տոկոսով։ Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար իշխանությունները գնացել են այնպիսի քայլերի, որոնք լավ չեն ընդունվում հասարակության կողմից. վերացրել են հարկային արտոնություններն ու կրճատել պետական ծախսերը։ Նշենք նաեւ, որ ճգնաժամը հաղթահարելու համար Լիտվան 1 միլիարդ դոլարի վարկ է վերցրել Եվրոպական ներդրումային բանկից։

American Express-ը նեղն է ընկել

Կրեդիտ քարտերի սպասարկման աշխարհի առաջատար ընկերություններից մեկը՝ American Express-ը (AmEx) հայտարարել է, որ պատրաստվում է աշխատանքից ազատել 4000 հոգու։ Դա կազմում է ընկերության աշխատողների շուրջ 6 տոկոսը։

Որոշումն ընդունվել է, այսպես կոչված, ռեստրուկտուրիզացիայի ծրագրի շրջանակներում։ AmEx-ի ղեկավարներն ակնկալում են, որ ծրագրի իրականացման արդյունքում մինչեւ տարեվերջ կտնտեսեն մինչեւ 800 միլիոն դոլար։ Իսկ աշխատակիցների կրճատումը, մասնավորապես, ընկերությանը թույլ կտա ծախսերը պակասեցնել 175 միլիոն դոլարով։ Հիշեցնենք, որ AmEx-ը դեռ անցյալ տարվա աշնանն էր հայտարարել աշխատակիցների 10 տոկոսի կրճատման մասին։ Ծրագրվածի համաձայն, կրճատման տակ են ընկնում ընկերության կառավարման համակարգի աշխատակիցները, ինչպես նաեւ նրանք, ովքեր անմիջականորեն կապված չեն հաճախորդների սպասարկման հետ։

Բացի կրճատումներից, AmEx-ը մտադիր է ծախսերը կրճատել նաեւ այլ եղանակներով։ Օրինակ, սառեցվել է ընկերության ղեկավարության աշխատավարձի բարձրացումը այս տարվա համար։ AmEx-ը նաեւ համաձայնություն է ձեռք բերել ԱՄՆ կառավարության հետ եւ շուտով տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար 3.39 միլիարդ դոլարի օգնություն կստանա։

Նյու Յորքը զրկվեց փառատոնից

Համաշխարհային ճգնաժամի, ինչպես նաեւ՝ ոչ ճիշտ հաշվարկների պատճառով, ամերիկյան «Festival Productions» ընկերությունը հետաձգել է ջազային փառատոների շարքը։ Չեղյալ հայտարարվածների թվում են, մասնավորապես, Նյու Յորքի խոշորագույն ամառային ջազ-փառատոնը, ինչպես նաեւ՝ Չիկագոյում եւ Մայամիում անցկացվելիք նախագծերը։ «Festival Productions»-ի հետ համագործակցությունից հրաժարվել է նաեւ գլխավոր հովանավորը՝ JVC-ն։ Նշենք, որ Նյու Յորքի փառատոնն անցնում էր հենց այս բրենդի անվան տակ՝ «JVC Jazz Festival»։

Նյու Յորքի փառատոնը ձեւավորվել լեգենդար Նյու Պորտի ջազ-փառատոնից, որը 1954թ. հիմնադրվել է իմպրեսարիո Ջրոջ Վեյնի կողմից։ Նյու Պորտում ելույթ էին ունենում այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մայլզ Դեւիսը, Դյուկ Էլլինգտոնը, Էլլա Ֆիցջերալդը, Քաունթ Բեյսին, բլյուզմեն Մեդդի Ուոթերսը եւ ուրիշներ։

1972թ. փառատոնը տեղափոխվեց Նյու-Յորք, իսկ 1981-ից սկսած՝ անցկացվում էր երկու տեղ՝ Նյու Յորքում եւ Նյու Պորտում։ JVC-ն հովանավորում էր փառատոնը 1984 թվականից սկսած։ Իսկ փառատոնի հիմնադիր եւ կազմակերպիչ Ջորջ Վեյնը 2007թ. իր բաժնեմասը վաճառեց երիտասարդ բիզնեսմեն Քրիս Շիլդսին։ Վերջինիս հաջողվեց նախորդ տարվա ընթացքում իրականացնել թվով 17 երաժշտական նախագծեր, այդ թվում՝ ԱՄՆ սահմաններից դուրս։ Սակայն այս տարի Շիլդսին պատկանող «Festival Productions»-ը ոչ մի փառատոն չի անցկացնի՝ միջոցների բացակայության պատճառով։ Ինքը՝ բիզնեսմենը, հույս ունի ամեն ինչ կարգավորել եւ հաջորդ տարի իրականացնել նախագծերը։