Արդար ընտրությունների դեպքում կհաղթի ՀԱԿ-ը

21/05/2009

Չնայած իշխանության` «փլավ ուտելու» մեծ ախորժակին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ` այս անգամ փլավը չի ուտվելու: «Պապը փլավ չի ուտելու միշտ: Էն խառնաշփոթը, որ կա, նեղությունից ա գալիս: Երբ իրենց գործերում հաջողություն են ունենում, այնքան են բարիանում, բայց հենց նեղն են ընկնում` սկսում են շնանալ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Տիգրան Կարապետյանը` նկատելով, որ իշխանություններն արդեն սկսել են ձայներ հայթայթելու գործը: «Եթե բացենք չակերտները, ապա այդ հայթայթելու մեջ կա եւ՛ փող, եւ՛ ուժ, եւ՛ ճնշում»,- ասաց նա: Ըստ Կարապետիչի, ոչ իրենց դաշտում գտնվողները դեռ կռվում են ցուցակների համար, ու երբեմն էլ այդ ցուցակներով այլասերում ժողովրդին: «Այս անգամ դժվար կլինի: Ես չեմ մտածում, որ ՀՀԿ-ն կլինի առաջին տեղում. այնպես, ինչպես ամեն անգամ է լինում, այս անգամ չի լինի»,- ասաց Տիգրան Կարապետյանը` վստահեցնելով, որ արդար ընտրությունների դեպքում կհաղթի Հայ Ազգային կոնգրեսը, իրենք էլ անպայման տեղեր կստանան Երեւանի ավագանու կազմում: Նա վստահ է նաեւ, որ «Ժառանգություն» կուսակցությունը ընտրական հանձնաժողովներում իր տեղերը մասամբ կտա ՀԱԿ-ին: Սակայն Ժողովրդական կուսակցության ղեկավարի կարծիքով` իշխանությունը դարձյալ կփորձի կեղծիքներ անել: «Եթե իշխանությունը ցանկանա` չի լինի կեղծիք, բայց եթե չի ցանկանում, ուրեմն` ինքն էլ այդ կեղծիքն անում է»,- նշեց Տ. Կարապետյանը` հիշելով Արտաշատի Մշակույթի պալատում իրենց կուսակցության վստահված անձի դեմ կատարված դեպքը, երբ վերջինիս մեկ րոպե դուրս գալուց հետո` դուռը փակեցին: «Արտաշատի հայտնի դեմքերը, որոնք հիմա էլ են իշխանության, դուռը փակել են, ու վերջ` մեր վստահված անձը չի կարողացել ներս մտնել»,- ավելացրեց Կարապետիչը, ում խոսքերով` իշխանությունների «ուպակովշչիկները», այսինքն` քվեաթերթիկներ լցոնողները, շատ լավ են աշխատել: Իսկ եթե կեղծիքները շատ մասշտաբային լինեն, կուսակցության առաջնորդի խոսքերով, իրենք դուրս կգան փողոց ու կբողոքեն: «Ինչո՞ւ չի կարելի ընտրվել ժպիտով, հարգանքով, ասենք, եւ դա գումարել որպես հեղինակություն: Շատերը կցանկանան, որ ՀԱԿ-ը չանցնի, Կարապետյանը չանցնի, բայց թող իրենք մտածեն` ինչքան կարելի է մենաշնորհել ու բիրտ ձեւով ապրել այս աշխարհում, թե՝ պետք է նստենք սեղանի շուրջ, լեզու գտնենք ու մտածենք, թե ոնց ենք առաջ տանում Հայաստան նավը»,- ասաց Տ. Կարապետյանը, ով վերջերս, բացի երգող երեխաներից, իր հեռուստաընկերությունում որոշակի եթերաժամանակ տալիս է նաեւ տարբեր կուսակցությունների, ինչը Ժողովրդական կուսակցության ղեկավարի համար մի փոքր խոչընդոտ է հանդիսանում: «ՕԵԿ-ին եմ տալիս, «Բարգավաճ Հայաստանին», ՀՀԿ-ին, ընդդիմությանը: Եվ միայն ընդդիմությունը չեկավ: Երեք անգամ եթեր եմ տվել, մի անգամ չեկան, բայց երկու անգամ դեռ ունեն»,- նշեց Տ. Կարապետյանը: