Լրիվ վերահսկելի տնտեսություն են ուզում

21/05/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Կառավարությունը, ինչպես հայտնի է, ԱԺ է ներկայացրել հարկային փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է, որ Պետեկամուտների կոմիտեն տարեկան խոշոր ձեռնարկություններում (ավելի քան 4 մլրդ դրամ հասույթ ունեցող) կարող է մշտական ներկայացուցիչ ունենալ: Անցած շաբաթվանից այս օրինագծի վերաբերյալ բավական ակտիվացել են քննարկումները: Ի՞նչ են մտածում դրա մասին իրենք` պատգամավորներն ու քաղաքական գործիչները:

Վարդան Բոստանջյան` ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ.
«Խիստ բացասաբար եմ վերաբերվում այդ օրենսդրական փոփոխությունների փաթեթին: Այդ օրինագծով, դուք մի շփոթեք, ոչ միայն 4 մլրդ դրամ տարեկան շրջանառությունը գերազանցողների մոտ են նախատեսում հարկայինի ներկայացուցիչներ ունենալ, այլեւ զանազան այլ միջին մեծության ձեռնարկություններում (օրենքում գրված է կա՛մ 4 մլրդ, կա՛մ 500 եւ ավելի աշխատող, կամ էլ այդ կարգի բազմաթիվ այլ, հաճախ ոչ հստակ չափանիշներ): Այսինքն` զանազան տնտեսվարող սուբյեկտների մոտ ուզում են ուղղակիորեն տեղադրել իրենց ներկայացուցիչ(ներ): Եվ այդ ներկայացուցիչների համար նախատեսվող պարտականությունների ու իրավունքների շրջանակը նրանց տալիս է ավելի մեծ հնարավորություններ, քան ունեն տվյալ տնտեսավարող սուբյեկտի, ձեռնարկության սեփականատերերը ու գործադիր տնօրենները: Մինչեւ անգամ ամենափնթի ձեւով աշխատող կամ ամենավատ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ նման գործողությունների դիմումը հակասահմանադրական է եւ երբեւիցե չի կարող մազաչափ իսկ խթանել այդ տնտեսվարողի հետագա աշխուժացումը կամ շրջանառության մեծացումը»:

Գագիկ Մինասյան` ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. «Քննարկումները ԱԺ-ում դեռեւս շարունակվում են, դրանց արդյունքում արդեն էապես բարեփոխվել է այդ օրենսդրական փաթեթը: Այն կլսվի նաեւ լիագումար նիստում, ես կարծում եմ՝ հենց այդ նիստում էլ հիմնական զեկուցողը արդեն կասի այն բարեփոխումների մասին, որը տեղի է ունեցել մինչեւ առաջին ընթերցումը: Առաջին ընթերցումից հետո կարծում եմ, որ լրջագույն փոփոխություններ պետք է կատարվեն այդ փաթեթում: Միաժամանակ պետք է արձանագրենք, որ նպատակը, որ դրված է օրենսդրական փաթեթի առաջ, իհարկե, շատ ընդունելի է: Դա այն է, որ առավել մեծ ծավալի ապրանքաշրջանառություն ունեցող տնտեսվարողների մոտ ապահովվի իրենց արտադրանքի սպառման, հաշվառման ծավալների եւ ապրանքի գնի հետ կապված շրջանառության հստակեցումը»:

Արմեն Մարտիրոսյան` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.
«Մեր խմբակցությունը դեռեւս միասնական դիրքորոշում չունի այս հարցի վերաբերյալ, դեռ չենք քննարկել, բայց կարող եմ նշել, որ առանձին պատգամավորների տեսակետը բացասական է: Այդ փոփոխությունների գաղափարն ինձ համար անընդունելի է, որովհետեւ տնտեսվարողների օրինախախտումները բացահայտելու համար նախատեսված հարկային գործիքները այսօր այնքան շատ են, որ չեմ կարծում, թե հարկային տեսուչի ներկայությունը խոշոր ձեռնարկություններում անհրաժեշտ է: Օրինակ` ընդունել են օպերատիվ հետախուզության մասին օրենք, որով օպերատիվ հետախուզության իրավունք է վերապահված նաեւ հարկային մարմիններին: Թող այդ մեխանիզմն օգտագործելով պատժեն օրինախախտներին: Բացի այդ` խոշոր տնտեսվարողների համար առեւտրային գաղտնիք հանդիսացող ինֆորմացիան հարկային տեսուչի կողմից իմանալը կարող է վատթարացնել առանց այն էլ անառողջ մրցակցային միջավայրը, քանի որ հարկային տեսուչը կարող է նույն ոլորտի բիզնես ունենալ: Եվ վերջապես, հենց վարչապետն էր մի քանի ամիս առաջ հայտարարել, թե հարկային մարմիններում 2000 կոռուպցիայի մեջ թաղված աշխատողներ ունենք. ի՞նչ վստահություն կա, որ խոշոր տնտեսվարողների մոտ գնացող տեսուչները այդ 2000-ի միջից չեն լինի»:

Վահագն Խաչատրյան` Երեւանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ. «Սա հերթական ձեւական քայլն է, որով իշխանությունը փորձում է ցույց տալ, թե պայքարում է ստվերի դեմ: Այսօրվա հարկային տեսուչներն էլ, իշխանության ամենաբարձր ներկայացուցիչներն էլ շատ լավ գիտեն, թե ովքեր են հարկ վճարում, ովքեր չեն վճարում: Պարզապես այս քայլով վախի մթնոլորտ են առաջացնում տնտեսական դաշտում, ինչպես դա անում են հասարակական-քաղաքական կյանքում: Վատ նախադեպ է, եւ նշանակում է, որ մենք չենք կարող այլեւս խոսել ազատ տնտեսության մասին: Ի սկզբանե նրանց նպատակը տնտեսությունը լրիվ կառավարելի դարձնելն է, որպեսզի գործարարները չկարողանան որեւէ ինքնուրույն քայլ անել»: