Գերեզմանատանը՝ օղի եւ ծխախոտ օգտագործելիս

21/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Անչափահասներ Նվերը, Կարենն ու Ռաֆայելը Արամի եւ Ռուզաննայի երեխաներն են: Այս երեք երեխաներին Արամի հարեւանները պարբերաբար տեսնում են գերեզմանատանը թափառելիս:

Որեւէ մեկը չգիտի, թե այս երեխաներն ինչպե՞ս են հայտնվում գերեզմանաքարերի մոտ, բայց ասում են` ականատեսներ են եղել, որոնց վկայությամբ այս փոքրիկները հոգեհացի մնացորդների փնտրտուքից հետո օղի են խմում, ծխախոտ են օգտագործում: Արամի եւ Ռուզանի անհաջող միության հետեւանքով այս փոքրիկների ճակատագիրը խեղաթյուրվել է: Արամ Ավանյանը վստահեցնում է, որ կնոջը բազմիցս «բռնացրել» է դավաճանության մեջ. հանուն մանկահասակ երեխաների ներել է, սակայն վերջին դեպքը չի կարողացել հանդուրժել: «Ես գնացի Մոսկվա աշխատելու: Ամիսներ անց եկա, տեսա՝ հղիացել ա: Շատերը գիտեն իր թեթեւաբարո կյանքի մասին, կարող եք հարցուփորձ անել»,- պատմում է Արամը` հավատացնելով, որ Ռուզանին հղիությունից հետո թողել ու հեռացել է, սակայն երեխաների խնամքն իր վրա է վերցրել եւ պարբերաբար գնացել է նրանց տեսակցելու: Ռուզանի սենյակը Աերացիա թաղամասի 4-րդ հանրակացարանում է, որտեղ ապրող նրա մանկության ընկերը` հարեւանը, հաստատում է Արամի պատմածը: Նաեւ պատմում է, որ ամիսներ առաջ Ռուզանը երեխաներին օրերով մենակ թողնելով` գնացել է հիվանդանոց ծննդաբերելու: Հարեւանները Արամին տեղեկացրել են երեխաների մասին, վերջինս եկել է, սակայն, քանի որ հայրական իրավունք չունի` չի կարողացել երեխաների խնամքը վերցնել իր վրա: «Հայ օգնության ֆոնդի» ներկայացուցիչներն օրերով մենակ մնացած այս մանկահասակ երեխաներին տարել են կենտրոն եւ մի քանի ամիս խնամել, դաստիարակել, պահել են: Այնուհետեւ Ռուզաննան կրկին նրանց ետ է վերցրել եւ տարել հայրական տուն, որտեղ ըստ հարեւանների` նրան այնքան էլ բարեհամբույր չեն վերաբերվում: Արամն ասում է` «Ես իրան ասեցի` չնայած նորածինն իմը չի, բայց, եթե դու որպես կին քեզ կարգի հրավիրես` կներեմ ու կընդունեմ քեզ: Իր նման կանայք չեն կարա մայր լինեն, նորից շարունակում ա փողոցային կյանքը: Մարմինը վաճառելով` հաճույք ա ստանում»: Արամի վրդովմունքը կիսում է նաեւ հարեւան մի տղամարդ, ով վստահեցնում է, որ բոլորը գիտեն, թե Ռուզաննան որ ժամին եւ որ փողոցում է լինում.«Էն օրը հարբած եկել էր էս փողոց, մեքենայի մեջ էր»: Ռուզաննան Արամին մեղադրում է հարբեցողության եւ վիճաբանություններ սարքելու մեջ: Ասում է` Արամն իրեն ու երեխաներին անխնա ծեծում է: Արամն էլ հակադարձելով` վստահեցնում է, որ ինքը սուրբ չէ, բայց` «Եթե կինն անընդհատ դավաճանում ա, ո՞ր մի տղամարդը հանգիստ կընդուներ էդ ամեն ինչը: Հարցրեք բոլորից ու կասեն, թե նա ինչ վարքի կին ա: Երեխաների վրա երբեք ձեռք չեմ բարձրացրել, սուտ ա, իսկ իրան ծեծել եմ, որովհետեւ ես գնացել եմ Ռուսաստան աշխատելու ու եկել, տեսել եմ՝ ուրիշից հղիացել ա»: Ըստ Ռուզաննայի սկեսրոջ` Գայանե Ծառատակյանի` նա մարմնավաճառությամբ զբաղվելով՝ վարակվել է սեռական հիվանդությամբ, եւ երեխաների նրա մոտ գտնվելը վտանգավոր է: «Սիֆիլիսով հիվանդ ա»,- ասում է տիկին Գայանեն, ում մասին Ռուզաննայի հարեւանները, մեղմ ասած` դրական կարծիք չունեն եւ ասում են, որ չար կին է: Երեխաներից երկուսը` Կարենն ու Ռաֆայելը, այժմ հոր մոտ են` Աերացիա թաղամասի 4-րդ հանրակացարանում, իսկ Ռուզաննան` Նվերի եւ նորածնի հետ հայրական տանն է ապրում: Ռուզաննայի հայրն Արամին ասում է` «Ես ձեր հետ գործ չունեմ, ես աղջիկ չունեմ», իսկ եղբոր կինը չի ցանկանում Ռուզաննայի երեխաների ներկայությունը հանդուրժել, դրա համար էլ, ըստ Արամի` երեխաները հայտնվում են գերեզմանատանը: Հարեւաններից ոմանք պաշտպանում են Արամին, ոմանք էլ` Ռուզանին, սակայն Արամի մայրը` տիկին Գայանեն այլ ճանապարհ չի տեսնում, քան մամուլի օգնությանը դիմելը: Խնդրում է երեխաների հարցում միջամտել: Արամի եւ Ռուզանի պատմության մասին տեղյակ են ինչպես ՀՀ Ոստիկանության Շենգավիթի ստորաբաժանման Անչափահասների բաժնի պետ Գեւորգյանն, այնպես էլ Շենգավիթի թաղապետարանի Անչափահասների հանձնաժողովի քարտուղար Ռ. Սիմոնյանը: Ռուզաննան դիմել է Ռ. Սիմոնյանին` խնդրելով Արամին վտարել իր կացարանից, եւ նրա խնդրանքը բավարարվել է: Արամն էլ պնդում է, որ առանց իրեն ճանաչելու-լսելու վտարման որոշում են կայացրել: Թերթի առաջիկա համարներից մեկում կներկայացնենք Ոստիկանության եւ թաղապետարանի տրամադրած տեղեկատվությունը. Անչափահասների բաժնի պետը խոստացավ տրամադրել մեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Ինչեւէ, արդեն երկու օր է, ինչ Կարենն ու Ռաֆայելը հոր մոտ են, սակայն Արամը չի կարող նրանց երկար պահել, քանի որ ավտոլվացման կետում է աշխատում, իսկ աշխատանքի չգնալու դեպքում էլ երեխաներին կերակրելու տարբերակ չի ունենում: Ուզում է երեխաներին ժամանակավոր հանձնել «Հայ օգնության ֆոնդին» (ՀՕՖ), սակայն այնտեղից էլ մերժում են` ասելով, որ Արամը հայրական իրավունք չունի, իսկ Ռուզաննան երեխաներին ետ է վերցնում: «Հայրական իրավունք ձեռք բերելու համար պիտի դիմեմ դատարան, բայց մենք զագսավորված չենք, իսկ Սիմոնյանը համարում ա, որ Ռուզանը նորմալ մայր ա, ու երեխաների խնամքն իրան ա տալիս: Առանց ինձ խորհրդակցություն են անում ու նման որոշում են կայացնում: Ես էլի եմ կրկնում, ես սուրբ չեմ, բայց իրա խաբելը, ստերն ու դավաճանությունը ոչ մեկ չէր կարա ներեր, բայց էլի ներել եմ: Երեւի ամենաճիշտ տարբերակը սպանությունը կլիներ, թե չէ` երեխեքս են փողոցներում հայտնվել: «ՀՕՖ»-ում երեխեքը լողանում, ուսում են ստանում, դաստիարակվում են»,- ասում է Արամը, ով դժվարությամբ, բայց խոստովանում է, որ տարիներ առաջ գողության համար դատապարտվել եւ մի քանի տարի ազատազրկման մեջ է եղել: «Ինքը ամեն տեղ ասում ա, թե ես խմում, ծեծում, ջարդում եմ, հոգեկան հիվանդ եմ: Ինչը իր օգտին ա` լավ հորինում ա: Ես խմած եղել եմ, բայց իրան երբ պետք ա եղել, որ ես սկանդալ սարքեմ՝ էդ առիթն ինքն ա ստեղծել: Երեխեքին երբեք չեմ ծեծել: Հիմա իմ պայքարն էն ա, որ երեխեքի հանդեպ ոչ մի իրավունք չունեմ, բայց երեխեքս իրա մոտ կործանվում են»,- նշում է Արամը: Նա վստահեցնում է, որ Ռուզաննան որպես մայր երեխաներին շահագործելով` պաշտպանվում եւ փողոցային կյանքով է ապրում: «Երեխեքին դարձրել ա իրա բրոնիժիլետը»,- ասում է նա: 8-ամյա Նվերը, տեւական ժամանակ է, դպրոց չի հաճախում, Ռուզանի նորածնին է խնամում: «Հիմա մի ընկեր ա ճարել Արարատում: Երեխեքին տարել էր իր հետ: Զոռով էս երկուսին բերել եմ: Հարեւանիս հետ երեխեքին երկու օր ա լողացնում ենք` չեն մաքրվում, ոջիլի մեջ կորած են: Շորերի կեղտը տեսնեիք` կփախնեիք: Ռաֆոյի վրա սաղ վերքեր, աչքի տակ՝ կապույտգ Երեխեքս նենց հայհոյանքներ են տալիս, նենց բաներ են սովորացրել, որ ես որպես ծնող՝ չգիտեմ ինչ անեմ»,- ասում է Արամը` վստահեցնելով, որ Ռուզանի հորաքրոջ աղջիկն է տեղեկացրել նրա սիֆիլիսով վարակված լինելու մասին: «Մի քանի օր առաջ գնում եմ հոր տուն` երեխեքս չկան: Ման եմ գալիս ու գերեզմանոցներում եմ գտնում: Հարցնում եմ` ինչի՞ եք եկել ստեղ, ասում են` Վարդուհին տուն չի թողում, Վարդուհին էլ եղբոր կինն ա: Գիշերները տուն չի գալիս, ի՞նչ իմանամ, թե երեխեքս որտեղ են մնում»:

Արամը համարում է, որ Ռուզաննայի հետ հաշտության եզրեր գտնել հնարավոր չէ, քանի որ նա չի թողնի մարմնավաճառությունը: Երեխաների ճակատագիրն անորոշ է: Նրանց ժամանակավոր մանկատուն հանձնելու առաջարկին Արամը համաձայն է, սակայն վստահեցնում է, որ մայրը թույլ չի տա, իսկ ինքը որպես հայր՝ որոշում կայացնելու իրավունք չունի: Արամն այժմ 2 երեխաների հետ հանգրվանել է Աերացիայի 4-րդ հանրակացարանում, որտեղից նրան վտարելու որոշում են կայացրել: Աստված գիտի, թե ի՞նչ կարող է լինել նախկինում դատապարտված այս տղամարդու եւ երեխաների հետ: Ուսումնասիրելով Ոստիկանության եւ թաղապետարանի տրամադրած տեղեկատվությունն, ամեն դեպքում, մենք կփորձենք դիմել օրենքի, պետության միջամտությանը: