Տեսողության խնդիրներ ունեցող հաշմանդամների «Լույսին ընդառաջ»
հասարակական կազմակերպությունը Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին
նվիրված ուխտագնացություն էր կազմակերպել Կեչառիսի վանական համալիր:
Ուխտավորներին ուղեկցում էր Առինջի Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Հովհաննես
եկեղեցիների հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը: Եկեղեցում Տեր
Սմբատը եւ վանքի հոգեւոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանն
ուխտավորների համար կատարեցին Արեւագալի Ժամերգություն:
Գոյության մեկ ու կես տարվա ընթացքում «Լույսին ընդառաջ» հասարակական
կազմակերպությունն իր շուրջ է համախմբել տեսողության խնդիրներ ունեցող
շուրջ հարյուր երիտասարդի: Կազմակերպության նախագահ Գրիգոր Շիրինյանն ինքն
էլ տեսողության խնդիր ունի եւ, հիմնելով այս կազմակերպությունը, փորձել է
օգտակար լինել իր նման մարդկանց: Նա ասում է, որ հաշմանդամությունը
մարդուն մատնում է հուսալքության: Իսկ հոգեւոր միջոցառումներն օգնում են
նորոգել հավատն առ Աստված եւ վերագտնել կենսասիրությունը: Ահավասիկ,
Երեւանի կույրերի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Վանյանը: Դժբախտ
պատահարից հետո տղան կորցրել էր հավատը, բայց՝ «ինչ-որ բան կատարվեց, որն
ինձ օգնեց, ու դրանից հետո սկսեցի հավատալ Աստծուն: Ու հիմա երբ մտնում եմ
եկեղեցի հավատքով, գիտեմ, որ կա Աստված, եւ եթե խնդրես, նա քեզ կլսի»: