Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

21/05/2009

Հարգելի պարոն Վարչապետ,

Հայաստանի Հանրապետության վերջին յոթ տարիների տնտեսական զարգացման դինամիկան եւ նրա վրա ազդող գործոնները վերլուծելուց ակնհայտ է դառնում, որ արտերկրներից ՀՀ ուղղվող տրանսֆերտների ծավալները տարվա կտրվածքով հասել էին 300 մլն դոլարից մինչեւ 2 մլրդ դոլարի, իսկ եթե ուսումնասիրենք ՀՀ ուղղվող այդ ֆինանսական միջոցների կառուցվածքը՝ կտեսնենք, որ նշված տրանսֆերտների շուրջ 2/3-ը ուղղվում էր դեպի անշարժ գույքի ոլորտ եւ դրանք, ըստ էության, հանդիսանում էին ինվեստիցիոն կապիտալ: Նշված գործընթացին նպաստում էր անշարժ գույքի համեմատաբար բարձր լիկվիդայնությունը եւ ոլորտում դիտարկվող գնաճը, որը տարեկան կտրվածքով կազմում էր մոտ 22-28%: Տվյալ իրավիճակը նաեւ նպաստում էր, որպեսզի անշարժ գույքի ոլորտ ուղղվող միջոցները հետագայում բաշխվեին տնտեսության այլ ճյուղերում, որի հետեւանքով մեծանում էր ՀՀ պետբյուջեի եկամտային մասը: Նշվածը վերլուծելով՝ դժվար չէ կանխատեսել, որ ՀՀ տնտեսությունն աշխուժացնելու համար մոտ ժամանակներս կարող է հիմնական շոգեքարշի ֆունկցիա կատարել ՀՀ անշարժ գույքի աճող եւ լիկվիդային շուկան, որը ֆինանսական մուտքերի առումով կոմպենսացնում է ներմուծման եւ արտահանման բացասական հաշվեկշիռը: Պետք է ի նկատի ունենալ նաեւ, որ լիկվիդային անշարժ գույքի շուկան է հնարավորություն տալիս, որպեսզի ֆինանսական համակարգը հնարավորություն ունենա արտերկրներից ներգրավել էական ծավալի փոխառու միջոցներ եւ, անշարժ գույքը օգտագործելով որպես ապահովման միջոց՝ այդ ներգրավված փոխառությունները տեղաբաշխել տնտեսության իրական հատվածում: Ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամը առաջին հերթին հոգեբանական մեծ հարված հասցրեց շուկայում գործող սուբյեկտների միջեւ փոխադարձ վստահությանը, որի արդյունքում բանկերը սկսեցին էականորեն կրճատել տնտեսության ֆինանսավորումը, շուկայում առկա սուբյեկտները տնտեսական շրջանառության գործընթացից (բանկերում տեղակայված ավանդներ, բիզնես նախաձեռնություններ, անշարժ գույքի եւ այլ սպառողական ապրանքների ձեռքբերումներ) հրաժարվելով՝ ռեզերվացնում են իրենց ֆինանսական միջոցները եւ ձեռք են բերում սպասողական կարգավիճակ, որի հետեւանքով շուկայում առաջանում է վճարման միջոցների դիֆիցիտ: Նշված իրավիճակը, բնական է, առաջին հերթին նվազեցնում է անշարժ գույքի լիկվիդայնությունը, որի արդյունքում անիմաստ է դառնում արտերկրներից ինվեստիցիաներ կատարել ՀՀ անշարժ գույքի շուկայում: Տվյալ դեպքում կարելի է դիտարկել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի կանխատեսվող 2-րդ փուլում էական խնդիր է լինելու ՀՀ բանկերում գրավադրված անշարժ գույքերի իրացվելիության հարցը: Եվ եթե նշված խնդիրը չկանոնակարգվի հստակ ուղղորդված պետական քաղաքականությամբ՝ ՀՀ տնտեսության ընդհանուր վիճակը տեւական ժամանակահատվածում էլ ավելի կվատթարանա: Ներկայիս պահին գերխնդիր է, որպեսզի պետականորեն ստեղծվեն մեխանիզմներ եւ իրավական համապատասխան նախադրյալներ, որպեսզի ՀՀ ուղղվող ֆինանսական հոսքերի ծավալները վերականգնվեն եւ ՀՀ-ում գտնվող ֆինանսական միջոցներն ակտիվորեն մասնակցեն մեր տնտեսական կյանքին: Միայն տվյալ դեպքում է հնարավոր բնականորեն ապահովել ՀՀ բյուջեի մուտքերի մեծացումը եւ էֆեկտիվ դիմակայել տնտեսական եւ հասարակական բնույթի մարտահրավերների: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք`

1. Ձեւավորել մեխանիզմ` ստեղծել հիմնադրամ, ինչպես նաեւ ներգրավել շահագրգիռ սուբյեկտների, որոնք պետությունից, բանկային կառույցներից, այլ աղբյուրներից ներգրաված փոխառու միջոցների հաշվին ձեռք կբերեն բանկերից եւ վարկային կազմակերպություններից, անհուսալի վարկառուներից մնացած անշարժ գույքը պայմանագրային արժեքով՝ հնարավորություն ունենալով նշված գույքերը հետագայում իրացնել շուկայում այն պահին, որը առավելագույնս կապահովի տնտեսական նպատակահարմարությունը:

Նշված գործընթացի ընթացքում ակնկալում ենք, որ ֆինանսական կառույցները ազատվելով իրենց հաշվեկշիռներում եղած պրոբլեմատիկ ապահովման միջոցներից՝ մասամբ կվերականգնեն իրենց ֆինանսական կորուստները, կբարելավեն սահմանված անհրաժեշտ նորմատիվային ցուցանիշները եւ հնարավորություն կստանան առավել ակտիվ իրենց ֆինանսական միջոցները վարկավորման եղանակով ուղղել շուկա, այդ թվում՝ հիպոթեքային վարկերի տեսքով: Նշված կառույցների կողմից շուկայի ֆինանսավորումը, բնական է, որ կլինի լուրջ ազդանշան, որպեսզի շուկայում առկա, սակայն ռեզերվացված ֆինանսական միջոցները նույնպես դառնան տնտեսական շրջանառության ակտիվ մաս, այսինքն՝ ուղղվեն բնակարանների եւ այլ սպառման եւ օգտագործման համար անհրաժեշտ անշարժ գույքերի ձեռքբերմանը: Նշված գործընթացների զարգացումը կբերի անշարժ գույքի ոլորտի լիկվիդայնության բարձրացմանը եւ կխթանի արտերկրներից ինվեստիցիոն տրանսֆերտների ծավալների էական մեծացմանը, որն էլ իր հերթին կակտիվացնի ամբողջ տնտեսությունը: Այս գործընթացներին կնպաստի էականորեն նաեւ այն հանգամանքը, որը համաշխարհային ֆինանսական կենտրոններից (հիմնականում ԱՄՆ) իրականացվող աննախադեպ դրամային էմիսիան ավելացնում է համաշխարհային ֆինանսական շուկայում դրամային զանգվածը, եւ նաեւ՝ ի նկատի ունենալով ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում էականորեն կրճատված արտադրվող ապրանքների քանակը, ինչպես նաեւ ֆինանսական գործիքների (արժեթղթեր, հումք, վառելիք եւ այլն) անվանական արժեքը, բնական է, որ տվյալ դեպքում ստեղծվում է դրամական զանգվածի եւ դրա տեղաբաշխման գործիքների միջեւ անհամապատասխանություն, որն էլ առաջացնում է դրամական զանգվածի ավելցուկ, որն էլ բերելու է դրամական միջոցի արժեզրկման: Իրականացվող էմիսիայի ծավալների հետագա ավելացումը ԱՄՆ-ի պարագայում, ըստ շատ վերլուծաբանների, այլընտրանք չունի, քանի որ դա պայմանավորված է ԱՄՆ-ի տնտեսական համակարգով (պարտքերի ծավալը մեծացնելով՝ մեծացնել սպառման ծավալը եւ ապահովել համապատասխան կենսամակարդակ) եւ դրա հետեւանքով ձեւավորված մեծ ներքին եւ արտաքին պարտքով: Բնական է, որ տվյալ պարագայում ԱՄՆ-ի միակ եւ հուսալի արտահանման գերակա ճյուղը ԱՄՆ դոլարն է: Այս իրավիճակում ՀՀ կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ, որպեսզի ՀՀ սուբյեկտների ֆինանսական միջոցները պասիվ վիճակում չարժեզրկվեն, հնարավորինս ակտիվ մասնակցեն ՀՀ տնտեսական կյանքին:

2.Առաջարկում ենք համապատասխան նորմատիվ ակտերով նվազեցնել բանկերի կողմից ներգրավվող դեպոզիտների տոկոսադրույքների եւ վարկավորման տոկոսադրույքների վերին շեմերը: Նշված գործընթացը, կարծում ենք, կնպաստի տնտեսության իրական հատվածի մրցողունակության բարձրացմանը եւ կմեծացնի վերջիններիս կողմից կատարվող հարկային վճարումների ծավալները, կավելացնի աշխատատեղերը, կմեծացնի ապրանքների սպառման հնարավորությունը, կփոքրացնի վարկառուների կողմից ստանձնած ընթացիկ պարտավորությունների բեռը, կնպաստի վարկերի մարմանը, որն իր հերթին կբարձրացնի անշարժ գույքի լիկվիդայնության աստիճանը: Տվյալ դեպքում փոխառու միջոցներով իրատեսական կլինի իրականացնել քաղաքաշինական բազմաթիվ ծրագրեր, որն էլ իր հերթին կապահովի բազմաթիվ աշխատատեղեր նշված ոլորտում: Նշենք նաեւ, որ անշարժ գույքի լիկվիդայնության բարձրացումը կբերի վարկավորման հետ կապված ռիսկերի նվազեցման եւ հնարավորություն կտա բանկերին արտերկրներից ՀՀ ներգրավել մեծ քանակի էժան ֆինանսական ռեսուրսներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցների ծավալները էմիսիայի արդյունքում մեծանալու են:

3. Բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման իրավունքը այսուհետ տրամադրել բացառապես իրավաբանական անձանց եւ այդ կերպ ապահովել ՀՀ օրենսդրության համաձայն հարկային մուտքերի մեծացումը պետ. բյուջե:

4. Միաժամանակ, առաջարկում ենք անշարժ գույքի առքը եւ վաճառքը ֆիզիկական անձանց միջեւ ազատել հարկումից, քանի որ տվյալ դեպքում տեղի կունենա անշարժ գույքի շրջանառության ծավալների կրկնակի հարկում:

5. Առաջարկում ենք անվավեր ճանաչել Ավելացված արժեքի մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին ենթակետը, ըստ որի՝ «գ Ապրանքի մատակարարում է համարվում նաեւ ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առեւտրային եւ հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի եւ հողերի օտարումը (ներառյալ՝ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում դրանց ներդրումը)գ», «գ Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքի՝ բնակարանի, առանձնատան (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որեւէ ձեւով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ եւ ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածումգ»:

6. Եկամտահարկի մասին օրենքի 18 հոդվածի 3-րդ կետ «(Ռոյալթիների եւ գույքը վարձակալության տալու եկամուտներից, ինչպես նաեւ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձի վաճառքի դեպքում շենքի ընդհանուր տարածքի), առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների (մինչեւ տասը տոկոսի), սակայն ոչ ավելի, քան 500քմ մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4-ից ավելի անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները»:

7. Շահութահարկի մասին օրենքի 7 հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ «գԵկամուտների թվին է դասվում նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը» չեղյալ համարել: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակը անհատ քաղաքացիներին հնարավորություն կտա առավել ակտիվ կատարել ներդրումներ անշարժ գույքի ոլորտը եւ տվյալ դեպքում կառուցապատողները նախնական պայմանագրերով նույնպես կարող են ներգրավել անհամեմատ ավելի մեծ ծավալի ֆինանսական միջոցներ: Մենք տվյալ դեպքում պետք է դիտարկենք, որ պետությունը ամեն ինչ պետք է անի, այդ թվում՝ օրենսդրական ճանապահով, որպեսզի անշարժ գույքի ոլորտ կատարվող ներդրումները դառնան շահավետ եւ ոչ ռիսկային, որովհետեւ միայն տվյալ դեպքում հնարավոր կլինի չեզոքացնել արտահանման եւ ներմուծման բացասական հաշվեկշիռը, ինչպես նաեւ՝ տնտեսության այլ ոլորտներում ապահովել ֆինանսավորման համար նպաստավոր պայմաններ:

8. Առաջարկում ենք ռիելթորական ընկերություններին տալ օրենսդրական հնարավորություն, որպեսզի վերջիններս վճարեն անշարժ գույքի առք եւ վաճառքից հարկեր (ԱԱՀ եւ Շահութահարկ) միայն ձեռքբերման եւ իրացման գնի տարբերությունից: Ներկա պահին ռիելթորական ընկերությունը ֆիզիկական անձանցից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում պետք է վճարի, որպես հարկային ռեզիդենտ, 10% եկամտահարկ, իսկ անգամ նույն արժեքով իրացման դեպքում եւս 16,67% ԱԱՀ՝ տվյալ պարագայում ռիելթորական ընկերությունը իր իրացման շրջանառությունից 26,67% վճարում է հարկեր, որն անհնարին է դարձնում շուրջ ՀՀ 215 ռիելթորական ընկերությունների կողմից առքի եւ վաճառքի գործարքները, ֆինանսական միջոցների ներգրավումը տվյալ ոլորտ, եւ նշված ընկերությունները տվյալ դեպքում շուկայում գների բացասական դինամիկայի ժամանակ չեն կարողանում կատարել գների ստաբիլիզացման իրենց բնական ֆունկցիան: Մենք կարծում ենք, որ նշված բարեփոխումները կատարելու դեպքում շահագրգիռ ռիելթորական ընկերությունները նույնպես կարող են ներգրավվել բանկերի, վարկառուների եւ այլ արագ վաճառվող գույքերի առքի եւ վաճառքի գործընթացներին:

9. Առաջարկում ենք համապատասխան պոտենցիալ ունեցող եւ շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտներից ձեւավորել պետական լիազոր մարմինների հետ հասարակական հիմունքներով աշխատող մշտական բնույթի ժամանակ առ ժամանակ նորացվող աշխատանքային խումբ՝ տնտեսական խնդիրների վերաբերյալ իրական խնդիրները քննարկելու եւ կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար:

10. Առաջարկում ենք խոշոր ներդրումային ծրագրերի եւ արտահանողների սպասարկման համար կառավարությանն առընթեր ստեղծել համապատասխան կառույց, որի առջեւ խնդիր դնել մշտական ռեժիմով սպասարկել խոշոր ներդրումային ծրագրերը՝ վերացնելով պետական ապարատի կողմից հարուցվող ոչ օրենսդրական խոչընդոտները, կառավարություն ներկայացնելով նաեւ կոնկրետ ներդրումներին խոչընդոտող դեպքերը, դրանց վերացման, այդ թվում նաեւ՝ օրենսդրական բնույթի առաջարկություններ: Նաեւ կարծում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի նշված մարմիններին՝ ՀՀ Հարկային պետական ծառայություն, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, պետք է խնդիր դրվի ներկայացնել ՀՀ հարկային եւ մաքսային օրենսդրությունը պարզեցնող օրենսդրական նախագիծ: Նշենք, որ անընդհատ փոփոխվող եւ տարաբնույթ ձեւով մեկնաբանվող հարկային, նաեւ մասամբ մաքսային օրենսդրությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ տնտեսվարող սուբյեկտները ամեն օր ստիպված են ներկայացնել պետական մարմիններին տարաբնույթ հաշվետություններ, իրենց բիզնեսի ինքնարժեքը թանկացնել՝ ներգրավելով բազմաթիվ հաշվապահների, աուդիտորների եւ օրվա մեծ մասը ծախսելով պետական մարմինների հետ իրենց հարաբերությունները ճշտելու վրա: Նշված տարաբնույթ կարգով մեկնաբանվող օրենսդրությունը էական վնաս է հասցնում տնտեսվարող սուբյեկտների գործունեության զարգացմանը եւ նվազեցնում է գործարար ակտիվությունը, ինչպես նաեւ չի նպաստում արտերկրներից իրականացվող ներդրումներին: Միեւնույն ժամանակ ստիպում է շատերին իրենց տնտեսական գործունեությունը ՀՀ-ում կասեցնել, իսկ գոյացած ֆինանսական միջոցները արտահանել այլ երկրներ: Համոզված ենք, որ նշված միջոցառումների իրականացման արդյունքում հիմնովին կաճեն ՀՀ ուղղվող ազգային դիմանկար ունեցող տրանսֆերտների ծավալները, ինչպես նաեւ արտերկրյա խոշոր ֆինանսական խմբերի կողմից ՀՀ ուղղվող ինվեստիցիաները, բնական է, որ նշված միջոցները էականորեն կմեծացնեն ՀՀ ներքին շուկայի ծավալները, որն էլ իր հերթին համամասնորեն կմեծացնի հարկային մուտքերը ՀՀ պետական բյուջե:

Սարգիս Աղաբեկյան
«ԷՍԿո-Կոնցեռն» ՓԲԸ խորհրդի նախագահ