Մեծահասակների սնունդը

21/05/2009

Ընդհանրապես 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ բաժանվում են 3 խմբի` տարեցներ, ծերեր եւ երկարակյացներ:

Ֆիզիոլոգիական ծերությունն օրգանիզմում տեղի ունեցող տարիքային փոփոխությունների դանդաղ առաջացման պրոցեսն է: Դրա հիմքում ընկած է օրգան-համակարգերի կազմափոխությունը, որի հետեւանքով թուլանում են օրգանիզմի բոլոր համակարգերի կենսական հնարավորությունները: Լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հատկապես մարսողական համակարգում: Բարակում է ստամոքսի լորձաթաղանթը, նրա բջիջների կազմափոխության պատճառով սահմանափակվում է արտազատման եւ շարժող գործունեությունը, նվազում են ստամոքսահյութի թթվայնությունը, ֆերմենտների խտությունն ու ակտիվությունը: Աղիներում սկսում են գերակշռել նեխմանը նպաստող մանրէները: Ինչպես տեսնում ենք, ֆիզիոլոգիական ծերացման ժամանակ մարդու օրգանիզմում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Սակայն սննդի բնույթը փոխելով, կարելի է ներգործել նյութափոխանակության եւ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմների վրա եւ դանդաղեցնել ծերացման պրոցեսը:

Տարեց մարդկանց սնունդը կազմակերպելիս պետք է նկատի ունենալ մարսողական համակարգի ոչ մեծ հնարավորությունները: Կարեւոր է չափավոր ուտելը: Ծերացող օրգանիզմում ավելորդ սննդի պատճառով առաջանում է ոչ միայն ճարպակալում, այլեւ աթերոսկլերոզի, հիպերտոնիայի, լեղաքարային եւ միզաքարային հիվանդությունների ու շաքարային դիաբետի հանդեպ նախատրամադրվածություն: Օրաբաժնի էներգետիկ արժեքը պետք է փոքրացնել շաքարի, հրուշակեղենի, ճարպոտ մսամթերքների ու կենդանական ծագում ունեցող ճարպերի ու այլ սննդամթերքների հաշվին: Տարեց տղամարդկանց համար սպիտակուցի օրվա պահանջը միջին հաշվով՝ 70, կանանց համար` 60գ է, որից կենդանական ծագում ունեցողները պետք է կազմեն 45-50տոկոս: Նրանցով հարուստ են կաթնամթերքներն ու ձկների ոչ ճարպոտ տեսակները: Անհրաժեշտ է որոշ չափով սահմանափակել կենդանիների ու թռչունների միսը:

Տարեցներ օրաբաժնում ճարպերը՝ 70գ-ը, իսկ ածխաջրերի քանակը չպետք է գերազանցեն 250գ-ը: Ծերերի մոտ հաճախ է նկատվում, այսպես կոչված` ներքին ծագում ունեցող վիտամինային անբավարարություն: Ընդհանրապես նրանք ավելի շատ են բնական վիտամինների կարիք զգում: Տարեց մարդկանց համար ամենակարեւորը կանոնավոր` օրը 4 անգամ, առանց երկար ընդմիջումների սնվելն է:

Այսպիսով, տարեց կամ ծեր առողջ մարդկանց համար արգելված սննդամթերքներ չկան, կան առավել կամ պակաս նախընտրելիներ