Նույնիսկ արեւը չափի մեջ է գեղեցիկ ու օգտակար

21/05/2009

Արեւը բուժում է, «նվիրում» գեղեցիկ արեւայրուք, հանում է լարվածությունը: Բայց արեւը մեծ չափաբաժնով կարող է վնասել: Արձակուրդի առաջին 2-3 օրերին արեւի տակ պետք է գտնվել մի քանի րոպե` այն նախապատրաստում է օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթների մեծ չափաբաժին ընդունելուն, աստիճանաբար կոփում է մաշկը, պահպանում է այն այրվածքներից: Արեւի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ թե հանգստի, այլ` բուժման: Մի քանի հիվանդությունների դեպքում արեւի տակ գտնվելն ընդհանրապես հակացուցված է: Չի կարելի գտնվել արեւի տակ, եթե տառապում եք հիպերտոնիայով ու տարբեր տեսակի նեւրոզներով: Արեւի տակ շատ լինելուց պետք է խուսափեն մարդիկ, որոնք տառապում են մազակալությամբ: Երակների լայնացում ունեցողներին եւս արեւը այնքան էլ օգտակար չէ: Նրանք, ովքեր սրոհունդով բուժում են ստանում, պետք է չափավորեն արեւային լոգանք ընդունելու քանակը: Վիտամին B-ի պակասով տառապող օրգանիզմը շատ արագ ու ցավագին է ընդունում արեւի մեծ չափաբաժինը: Չի կարելի արեւային լոգանք ընդունել, եթե արեւի նկատմամբ բարձր զգայունություն ունեք (գոյություն ունի նման տիպի ալերգիա)։ Արեւի բացասական ազդեցության նշանները նկատվում են հատկապես կանանց դաշտանի օրերին, կլիմաքսի շրջանում, ու նաեւ մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են ծանր հիվանդությամբ: Շատ են այն մաշկային հիվանդությունները, որոնք առաջացել են արեւի ազդեցությունից: Պեպենները եւս խոսում են արեւի բացասական ազդեցության մասին: Իհարկե, շատ դեպքերում արեւի լոգանքը նորմալ չափերով նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը` լավանում է նյութափոխանակությունն ու արյունատար համակարգի գեղձերի աշխատանքը, բարձրանում է արյան տոկոսը, նորմալանում է ֆոսֆորակալցիումային նյութափոխանակությունը` տալով ուժերի պաշար աշնան, ձմեռվա ու գարնան համար: Սակայն միշտ պետք է հիշել, որ գերերն ավելի զգայուն են արեւի հանդեպ, քան նիհարները, կանայք տղամարդկանցից լավ են դիմանում ուժեղ արեւին, մաշկի մուգ գույնը ավելի սազում է երիտասարդներին, սակայն նրանց համար եւս արեւի ճառագայթների չարաշահումը կարող է հանգեցնել կնճռոտման: Անկախ այն բանից, թե քանի տարեկան եք` 20 թե 50, արեւի տակ գտնվելիս ցանկալի է միաժամանակ շարժվել: Խորհուրդ է տրվում զբաղվել լողով, հատկապես` կանանց:

Առաջին օրվա վերջում սովորաբար արեւի ազդեցությունը նկատվում է ուսերի ու կոնքերի վրա: Երեկոյան այդ մասերին պետք է խոնավացնող քսուքներ քսել, իսկ հաջորդ օրը՝ թաքցնել արեւից: Ծովափին անպայման պետք է օգտագործել արեւայրուքի համար նախատեսված յուղեր ու քսուքներ` մաշկը այրվելուց ու գրգռվածությունից պաշտպանելու համար: Բայց նույնիսկ տարբեր կրեմներն ու քսուքները պետք է զգուշորեն օգտագործել ալերգիաներից խուսափելու համար: Ֆրանսուհիները արեւի այրածի հետեւանքները վերացնելու համար դիմում են ժողովրդական միջոցների` այրված մասերին դնելով կիտրոնի բարակ շերտեր, մի քիչ կարող է մրմռալ, բայց արդյունքը զգալի է:

Չի կարելի ծովափին շատ ջուր խմել, քանի որ այն ուժեղացնում է քրտնարտադրությունը: Նաեւ խորհուրդ չի տրվում մաշկի վրա օգտագործել օծանելիք, քանի որ այն արեւի ազդեցությունից վերածվում է զգալի շագանակագույն բծերի:

Ոչ բնական կտորից ներքնաշորերը միգուցե ավելի գեղեցիկ են, բայց շոգ եղանակին շատ անհարմար են, քանի որ թույլ չեն տալիս օդի ներթափանցում:

Պետք է հիշել, որ քրտինքի հետ օրգանիզմից դուրս են գալիս կենսական անհրաժեշտություն ունեցող նյութեր, որոնք պետք է վերականգնել: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այդ ժամանակ օգտագործել աղերի որոշակի քանակություն: