Նոր տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, փոխվել են դեմքի ու մարմնի վրա եղած անցանկալի մազերի հանդեպ վերաբերմունքն ու մոտեցումները:
Երկար ժամանակ ոչ ցանկալի մազերը հնարավոր էր հեռացնել միայն դեպիլյացիայի տարբեր միջոցներով (քիմիական տարբեր միջոցներով, սափրելով), որոնք տալիս էին արդյունք, սակայն կարճ ժամանակով: Բանն այն է, որ վերը նշված ցանկացած մեթոդ հեռացնում է մազի երեւացող հատվածը, իսկ մազարմատը մնում է անվնաս: Մազարմատի այդ պարկը հեռացնելու, վերացնելու առաջին հաջողված փորձը կատարվել է էլեկտրոէպիլյացիայի օգնությամբ: Սակայն, քանի որ այս պրոցեդուրան ծակում է մաշկն ու ցավ առաջացնում, շատ այցելուներ վախի ազդեցությամբ անվստահություն են ցուցաբերում:
1990-ական թվականներին ֆիզիկայի ու բժշկության համատեղ ուժերի շնորհիվ ստեղծվեցին սարքավորումներ, որոնք բացառում էին էլեկտրոէպիլյացիայի բացասական ազդեցությունները: Այսօր հին մեթոդներին եկել է փոխարինելու նորը` լազերային էպիլյացիան, որն ավելի արդյունավետ միջոց է:
Լազերային էպիլյացիայի էությունը լազերային ճառագայթի ազդեցությունն է մելանին պիգմենտի վրա, որտեղ էլ գտնվում են մազարմատներն ու մազային ֆոլիկուլները: Լազերային ճառագայթն իր մեջ կրում է ինֆրակարմիր լույս եւ տաքություն: Թեկուզ ընթացքը տեւում է վայրկյաններ, սակայն դա բավական է, որպեսզի վնասվի մազարմատն ու ոչնչանա արմատապարկը: Այս եղանակով կարելի է վերացնել երեւացող մազերն ու դրանց արմատները, սակայն մաշկի տակ կան հանգստի վիճակում գտնվող արմատներ, որոնք, ինչպես ասում են մասնագետները, համարվում են ռեզերվային (պահեստային): 3-4 շաբաթից հետո «քնած» ֆոլիկուլներն ակտիվանում են, եւ մաշկը ծածկվում է մազերի մյուս ալիքով: Էպիլյացիայի պրոցեդուրան նորից պետք է կրկնել: Լազերային էպիլյացիայի առանձնացող հատկությունն այն է, որ երեւացող մազերն ու մազարմատները հեռացնելիս, այն թուլացնում եւ ազդում է «քնած» մազարմատների վրա եւս: Ընդամենը 3 պրոցեդուրայից հետո այցելուն զգալի փոփոխություն է նկատում` մազերը նոսրանում են, գույնը եւ որակը փոփոխվում են (մազերն ավելի բարակում են ու բաց գույն ստանում): Լազերային էպիլյացիայի ազդեցությունը մաշկի վրա ընտրողաբար է, այսինքն` մաշկի տարբեր հատվածների ու տարբեր որակի մազերի վրա ազդեցությունը տարբեր է, որի շնորհիվ էլ էպիդերմիսը` մաշկի վերին թաղանթը չի վնասվում: Այս հատկությունը թույլ է տալիս մազահեռացումը շատ զգայուն մասերից:
Լազերային էպիլյացիայի առավելությունները մի քանիսն են: Այն ապահովում է բարձր արդյունք, կատարվում է առանց ցավի, չի վնասում մաշկը, շատ ժամանակ չի պահանջում եւ, որ ամենակարեւորն է` պրոցեդուրայից հետո մազերը դեպի ներս չեն աճում: Իհարկե մազահեռացման այս տարբերակն ունի նաեւ հակացուցումներ: Լազերային էպիլյացիան հակացուցված է մաշկային հիվանդություններ ունեցողներին, հատկապես` հիվանդության սրացման ժամանակ, շաքարային դիաբետով տառապողներին, երակների ծանր աստիճանի լայնացում ունեցողներին, սիրտ-անոթային համակարգի հիվանդներին: Մազահեռացման այս տարբերակի օգնությանը պետք չէ դիմել շատ մուգ մաշկ ունեցողներին եւ մինչեւ 2 շաբաթ առաջ արեւայրուք ընդունածներին: Բնականաբար, չի թույլատրվում նաեւ վարակիչ հիվանդությամբ տառապողներին ու հատկապես` հղիներին:
Ֆոտոսենսիբիլիզացնող պրեպարատները բարձրացնում են մաշկի զգյունությունը լույսի հանդեպ, այդ թվում նաեւ՝ լազերային ճառագայթման հանդեպ: Իսկ դրանց երկարատեւ գործածությունը կարող է էպիլյացիայից հետո մաշկի այրվածքի պատճառ դառնալ: Այդպիսի պրեպարատների թվին են պատկանում հակաբիոտիկները, սուլֆանիլամիդները, հակաբորբոքային միջոցները, հակադեպրեսանտները, միզամուղները, երկաթի եւ մագնեզիումի պրեպարատները եւ այլն:
Էպիլյացիայի ընտրության հարցում մեծ կապ ունի մազի գույնը: Ինչքան ավելի մուգ է մազի գույնը, այնքան ավելի հեշտ է հեռացվում մազը, քանի որ հենց մելանինը` մուգ պիգմենտը, ինքն է կլանում ճառագայթման էներգիան: Բաց գույնի ու արդեն ճերմակած մազերը մելանին չեն պարունակում, այդ պատճառով դրանք լազերային էպիլյացիայի միջոցով չեն հեռացվում: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել ֆոտոէպիլյացիայի օգնությանը: Սակայն, որքան ավելի մուգ է մաշկն, այնքան ավելի մեծ է այրվածք ստանալու վտանգը:
Եթե այս ամենը հաշվի առնելով, բժիշկը կատարել է համապատասխան ընտրությունը եւ կատարել ձեր մաշկին ու մազերին հարմար տարբերակով էպիլյացիա, դրանից հետո մաշկը մի քիչ կարմրում եւ այտուցվում է, ինչը նորմալ ռեակցիա է, եւ ինքն իրեն անցնում է 3 ժամվա ընթացքում:
Լազերային էպիլյացիայի արդյունքը տեսանելի է պրոցեդուրայից անմիջապես հետո: Բարակ մազերն անմիջապես են անհետանում, իսկ հաստ մազերը մի փոքրիկ տեղ են թողնում, որն էլ 1 շաբաթվա ընթացքում անցնում է:
Լավ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է 3-5 պրոցեդուրայի կուրս ընդունել: Այս կուրսից հետո մազերի աճը մոտ 5-6 տարի կանգնում է: Էպիլյացիայից հետո մաշկը հատուկ խնամք է պահանջում: Մոտ 2 շաբաթ եւ ավելի պետք է խուսափել արեւից եւ ճիշտ հերթականությամբ օգտագործել բժշկի նշանակած քսուքներն ու դեղերը: