Երեկ առավոտյան կրկին ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել Բուզանդ
փողոցի բնակիչները: Նրանց նստացույցերը՝ ի պաշտպանություն սեփական
իրավունքների, ոչ մի արձագանք այդպես էլ չեն ունեցել: Նստացույցի
մասնակիցները երեկ հայտարարության տեքստ էին պատրաստել՝ ուղղված ՀՀ
նախագահին, որում մասնավորապես ասվում է՝ «Ձեր կողմից՝ ժողովրդի մի լայն
զանգվածի նկատմամբ ցուցաբերված բացահայտ անտարբերությունը մեկնաբանում ենք
որպես ՀՀ Սահմանադրության 49 հոդվածի խախտում»: Միաժամանակ նաեւ՝ «Սպառված
համարելով ներհայաստանյան իրավական պաշտպանության բոլոր միջոցները եւ
չցանկանալով ենթարկվել տոտալիտար ռեժիմներին բնորոշ պետական տեռորին,
այսուհետ չենք բացառում մեր օջախների եւ ընտանիքների պաշտպանությանն
ուղղված ամեն մի ընդունելի եղանակի օգտագործումը»: Այս հայտարարությամբ
ցուցարարները նաեւ իրենց հետագա գործողությունների ողջ
պատասխանատվությունը դնում են «ապօրինությունների համար պատասխանատու
բոլոր անձանց» եւ հատկապես՝ ՀՀ նախագահի վրա:
Երեկ հայտարարության տեքստը նախագահի աշխատակազմին հանձնելուց հետո նրանց
ընդունել են, ինչպես բնակիչներն էին վրդովված ասում, «նախագահի
Վերահսկողական ծառայության 5-6-րդ կարգի աշխատակիցներ Աբրահամյանն ու
Փահլեւանյանը, որոնք հերթական փափուկ բարձը դրեցին մեր գլխի տակ ու
ուղարկեցին»:
Ն.Ա.