Ըստ Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության, մայիսի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հանդիպել են Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Իսկ մայիսի 16-ին ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արման Մուսինյանը եւ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Հարավային Կովկասում ԵՄ հատուկ հանձնակատար Պիտեր Սեմնեբիի եւ քաղաքական հարցերով խորհրդական Անդրեյ Դիդենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման, քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ՝ առաջիկա քաղաքապետական ընտրություններին առնչվող հարցեր: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ Եվրամիության հատուկ ներկայացուցչի հանդիպումներում առավելապես քննարկվել են արտաքին քաղաքական հարցերն ու ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագիրը: