ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին առանձնազրույց է ունեցել աշխատանքային այցով Երեւանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ս. Իվանովի այցը լրացուցիչ խթան կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար: Ս. Սարգսյանն ու Ս. Իվանովը, ըստ հաղորդագրության` արձանագրել են 2 երկրների ռազմավարական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը: Զրույցի ընթացքում քննարկվել են տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տրանսպորտի, հեռահաղորդակցության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել ինչպես ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին, այնպես էլ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր հարցերին: Ս. Սարգսյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որեւէ նախապայման ուղղակի բացառված է, եւ վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունն՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերությունները` ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում: Ս. Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որեւէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա: