«Դիկի պրիրոդայում մարդակերություն չկա»,- ասում է ազատամարտիկ Մհերը

19/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ծանր «ոտնամանների» մեծությունից Ելենա տատի ծանրաքարշ մարմինը տեղաշարժվելիս տեղ-տեղ արգելակում է, ու 70-ամյա ծեր կինն ամեն քայլափոխի դոփում է: Դոփում է նաեւ կյանքի այն հատվածը, որը կոչվում է ծերություն, որովհետեւ տարեց կինը գերադասում է` կամ էս կողմ, կամ էն կողմ: Էս կողմում էն կողմի պատրանքը Ելենա տատի համար հանգստությունն է, իսկ էս կողմի տառապանքը նրան կամաց-կամաց ճանապարհում է դեպի էն կողմ: «Ուզում եմ ապրել»,- խոստովանում է Ելենա տատը` ձայնին մեղավորության ելեւէջ տալով, կարծես ապրել ցանկանալու ու երկար ապրելու համար իրեն մեղավոր է զգում: Ներքին Չարբախ, 8-րդ փողոցի 17 տունը բաժան-բաժան արված գնչուական վրաններ է հիշեցնում: Ավագ որդու ընտանիքի հետ «յոլա» չգնալու պատճառով Ելենա տատի փլված տունը բաժանված է վերացական պատ կոչվող փալասներով: Ասում է` «Ներս արի, մի վախեցի»: Չնայած Ելենա տատի հորդորներին, ամեն դեպքում ներսը վախենալու է: Մթության մեջ երեւում է երկու կոտրված հին մահճակալ, փայտի կտորներ, փալասներով լցված տաշտակ ու մի կիսաոտք սեղան: Հարցնում եմ` «Լույս չունե՞ք»: Ելենա տատը պատասխանում է` «Չէ, արդեն երկու տարի մթության մեջ ենք ապրում»: Երկու տարի անլույս ապրող ծեր կինը համակերպվել է այն մտքի հետ, որ 21-րդ դարում ինքը պետք է ապրի մոմի լույսի տակ ու դեռ ապրելու է այնքան, որքան նախախնամված է: Համակերպվել է նաեւ այն մտքի հետ, որ հագի ծանրաքարշ մի քանի համար մեծ «ոտնամանները» քարշ է տալու մինչեւ կյանքի վերջ, որովհետեւ ունեցած-չունեցածն ուրիշի անպետքն է: Ելենա տատն իր դժբախտ կյանքի հետ էլ է համակերպվել, որովհետեւ ոչ Սովետի օրոք է լավ ապրել, ոչ էլ հիմա. «Էն վախտ էլ ենք էս օրի եղել, ո՞ւմ մեղադրես… Երեւի էնքան ճարպիկ չեղանք, որ ապրելու ձեւը գտնեինք: Անհաջողակ մարդիկ դուրս եկանք»,- ասում է նա` թվաբանությունից ու դրամից խոսելիս` շփոթելով դրամի արժեքն ու անունները: Ասում է` «Հազար երկու հարյուր ռուբլի եմ ստանում, լույսի՞նը տամ, թե՞ մի կտոր հաց առնեմ: Մինչեւ հիմա փեչ ենք վառում, որ մի հատ տաք ճաշ եփենք»: Ասում եմ` «Ա՛յ, տատ, երեւի շփոթում ես, 1200 թոշակի չափ չկա: Կարո՞ղ է՝ 12.000 դրամ»: Ձեռքերով գլխին խփելով տարակուսած ասում է` «Դե, հա՛, էլի, ախր փողը հեչ արժեք չունի: Նույնն ա, էլի` 1200 կամ 12.000: Ստանալդ ու պրծնելը մեկ ա լինում»: Ելենա տատը սրտի արատ ունի, բայց չի գնում բուժվելու. «Իմ տարիքում ի՞նչ բուժվել: Դեղ եմ խմում, մի քիչ հետ եմ գալիս: Գնամ բուժվելու՝ ինձ ո՞վ տիրություն կանի»,- ասում է նա: Ասում եմ` «Ձեր որդիները»: «Է՜, որդիները…»,- խոսքս միանգամից փակում է նա` հասկացնելու համար, որ պետք չէ վերքերը թարմացնել: Ելենա տատի խրճիթը լցված է հնամաշ ճամպրուկներով ու քրջերով, որոնք խնամքով դասավորել է ձմռանը վառելու համար:

Ներս է մտնում չարացած, ագրեսիվ հայացքով մի տղամարդ ու շփոթված նայում է մեկ ինձ, մեկ` Ելենա տատին: 39 տարեկան Մհերն է, Ելենա տատի կրտսեր որդին, ում հետ ուղիղ երկու տարի ապրում են մոմի լույսի տակ: Մհերի հայացքը վախեցնող է, մտքում կռվում է, ու մտածում եմ, որ հաստատ մթնոլորտը սրվելու է: Ասում է` ազատամարտիկ է, բայց` «Դակումենտներս ճղել-թափել եմ»: «Ինչո՞ւ» հարցնում եմ: Պատասխանում է` «Նախարարության հանձնարարությամբ՝ ինձ որպես ազատամարտիկի՝ պիտի հող տային էստեղ, հողի քաղվածքն արխիվում ա: Ինձ հասանելիք հողը ծախել են ուրիշին, իսկ եթե չեք հավատում` բացեք արխիվն ու համոզվեք»,- զայրացած ասում է Մհերն ու բռունցքները թափ տալով վստահեցնում է, որ շուտով գնալու է Ղարաբաղ: «Նորից զենքը վերցնելու եմ ու գնամ կռվելու: Ի՞նչ տարբերություն, էստեղ էլ ա պատերազմական դրություն, էնտեղ էլ: Էնտեղ ես ինձ պետքական եմ զգում, էստեղի օրենքներին չեմ դիմանում»: Հարցնում եմ` «Բա ձեր մայրը…»: Լռում է, լռում է նաեւ Ելենա տատը:

Մհերը պարբերաբար բանվորի աշխատանք է կատարում, բայց այդ աշխատանքով ի զորու չէ այնպես անել, որ մոմի լույսի փոխարեն՝ էլեկտրականությամբ լուսավորվեն: Հարցերիցս ավելի դյուրագրգիռ է դառնում ու ձայնի տոնայնությունն աստիճանաբար վիճաբանության է նմանվում: Մհերի վարքագիծն անկանխատեսելի է դառնում, իսկ երբ հեռանում եմ, ասում է` «Կռվելու տարիներն ուրիշ էին, իմ հավատն ուրիշ էր: Չերեզ Ղարաբաղ կոմիտե գնացի ու թեժ գծերում ես լրիվ վրիժառու եմ եղել: Հիմա էլ եմ վրիժառու»: «Ինչո՞ւ»,- հարցնում եմ: Հարձակվելով պատասխանում է` «Դե՛, որ ազգին կոտորում են, սերունդն ի՞նչ ա, վրիժառու չի՞: Հիմա ներվերիս հաշվին դիմանում եմ, բայց կգնամ: Ընդեղ դիկի պրիրոդա ա, իսկ ստեղ իբր թե լյոխկի, չէ՞: Բայց ճշմարտությունն էն ա, որ դիկի պրիրոդայում մարդակերություն չկա, ստեղ կա: Ստեղ են մարդուն հում-հում, կամաց-կամաց ուտում»: