Երեկ տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հոգաբարձուների խորհրդի 35 անդամներից ներկա են եղել 28-ը, այդ թվում` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, այլք: Հիմնադրամին մեկ միլիոն եւ ավելի դոլար նվիրաբերած անձանց` Սամվել Կարապետյանին` 15 միլիոն դոլար նվիրաբերելու համար, Սերգեյ Համբարձումյանին` 3 միլիոն 400 հազար դոլար, Գագիկ Ծառուկյանին` 2 միլիոն դոլար, Սեյրան Կարապետյանին` 1 միլիոն դոլար, Գենադի Ստեփանյանին` 1 միլիոն դոլար, Ֆեդիկ Խաչատրյանին` 1 միլիոն դոլար, «VivaCell MTC» ընկերությանը` 1 միլիոն, «ՀայՌուսգազարդ» ընկերությանը` 1 միլիոն 300 հազար դոլար նվիրատվության համար, շնորհվել է պատվո անդամի վկայագիր: «Ղարաբաղ Տելեկոմին», որը հատկացրել է 500 հազար դոլար, շնորհվել է բարերար անդամի վկայագիր: Ս. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին` շեշտելով, որ այս տարի ակտիվացել է Ռուսաստանի հայության մասնակցությունը: «Սա շատ կարեւոր ձեռքբերում է` համահունչ մեր նախորդ նիստերում արտահայտած կարծիքներին եւ ցանկություններին»,- ասել է Ս.Սարգսյանը: «Ես որոշել եմ այսուհետ օգտագործել հոգաբարձուների խորհրդի նիստի առիթը` ներկայացնելու համահայկական նշանակության խնդիրների առկա զարգացումները: Այսօր ես ցանկանում եմ հատկապես անդրադառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին եւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին, ներկայացնել նաեւ որոշ մանրամասներ վերջին իրադարձություններից»,- ասել է նա:
Այնուհետեւ փոփոխություններ են կատարվել հիմնադրամի կանոնադրության մեջ: Ս. Սարգսյանին առաջարկություն է ներկայացվել հիմնադրամի գործադիր նախագահ նշանակելու մասին: Այդ պաշտոնում ընտրվելու համար ՀՀ նախագահը ներկայացրել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի թեկնածությունը: Կանոնադրական մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է հոգաբարձուների խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկել ՀՀ սփյուռքի հարցերով նախարարին, մյուս փոփոխությունը` հոգաբարձուների խորհրդի կազմում առաջարկում է ավելացնել ՌԴ ներկայացուցիչ:
Կանոնադրության մեջ փոփոխություններն անցել են քվեարկությամբ: Ռուսաստանի ներկայացուցիչ է ընտրվել Սամվել Կարապետյանը, ով ներառվել է նաեւ խորհրդի նախագահության կազմում: «Հարկ է նշել, որ պարոն Սամվել Կարապետյանը հայտնի ձեռնարկատեր է եւ հիմնադրամի պատվո անդամ, նա Հայաստանում եւ Արցախում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր, եւ նախորդ տարի հեռուստամարաթոնի շրջանակներում Երեւանում կայացած ճաշկերույթի ընթացքում տվեց ամենախոշոր խոստումը` Արցախին 15 միլիոն դոլար արժողությամբ նոր հիվանդանոց նվիրելու մասին: Բացի այդ, պարոն Կարապետյանը 2008-2013 թթ. համար ՀՀ-ում իրականացնում է 50 միլիոն դոլար արժողությամբ բարեգործական գործունեություն»,- նշել է Ս.Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդի կազմում հաստատվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ովքեր ի պաշտոնե պետք է լինեն խորհրդի անդամներ: Նիստում հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի պաշտոնում հաստատվել է Արա Վարդանյանը: