Բուժիչ նամակներ

19/05/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կեչու բողբոջները` բազմաթիվ հիվանդությունների բուժամիջոց

Կեչին ոչ միայն գեղեցկության խորհրդանիշ է, այլ նաեւ` իսկական բուժիչ ծառ: Բուժման նպատակով օգտագործվում են ծառի կեղեւը, տերեւներն ու բողբոջները: Այս բուսատեսակն իր մեջ պարունակում է բետուլին, մետալիսալիցիլատ` ասպիրինի նման նյութ եւ խեժանյութ, որը շատ օգտակար է:

Ա. Ժ. Պոպովի բուսական բժշկարանում կեչու բողբոջների մասին գրված է հետեւյալը. «Կեչու պրեպարատները կիրառում են մաշկային հիվանդությունների, սուր ռեւմատիզմի, լյարդի բորբոքումների, ծննդաբերության տենդի, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիի խոցային հիվանդության դեպքում: Սովորաբար վերցնում են 50գ կեչու բողբոջ, թրմում 10 օրվա ընթացքում 500գ օղիով եւ թուրմը տալիս են խմելու օրը 3 անգամ, կես թեյի գդալից` ուտելուց 15-20 րոպե առաջ»: Նման բաղադրատոմսի մասին նշվում է նաեւ մեր ընթերցողների ուղարկած նամակներում:

Այս միջոցը բացում է հիվանդի ախորժակը, նպաստում` մարսողությանը:

Ատամի ցավի դեպքում թուրմի մեջ թրջած բամբակ են դնում ցավող ատամի վրա, եւ դա բավականին թեթեւացնում է:

Կեչու բողբոջի թուրմը կամ եփուկն օգտագործում են նաեւ որպես ճիճվաթափման միջոց` հատկապես սրատուտների ու ասկարիդների: Ժողովրդի մեջ այդ թուրմն արտաքինից կիրառում են նաեւ պառկելախոցերի դեպքում:

Կեչու տերեւների եւ բողբոջների եփուկները կամ բողբոջների թուրմը լավ բուժում են թարմ վերքերը` նույնիսկ շատ խորը վերքերը:

Բողբոջի եփուկը պատրաստում են մեկ թեյի գդալ բողբոջներին ավելացնելով կես բաժակ եռացրած ջուր: Հետո խմում են այն 2 ճաշի գդալից` օրը 3 անգամ:

Բողբոջի թուրմը սպիրտով պատրաստում են 25գ բողբոջին ավելացնելով 100գ սպիրտ: Այն թրմում են 8 օր, ապա սկսում ընդունել 15 կաթիլից` օրական 3 անգամ:

Իսկ բողբոջի թուրմ օղիով պատրաստում են՝ վերցնելով կես շիշ բողբոջ ու 1 շիշ օղի: Այս խառնուրդը թրմել 1 ամիս եւ օգտագործել 30 կաթիլից` օրը 3 անգամ:

Իսկ հայտնի բուսաբույժ Ի. Մ. Նոսալն առաջարկում է վերցնել 50գ չափ կեչու բողբոջ, ավելացնել 70 աստիճանի թնդության 1 լիտր սպիրտ: Ստամոքսի խոցի, սնունդը չմարսելու, ստամոքսի հետ կապված խանգարումների, ինչպես նաեւ երիկամային խնդիրներ ունենալու, ճիճվակրության դեպքում խմել օրական 3 անգամ` 1 գդալ ջրին խառնելով 15-20 կաթիլ:

Եթե բողբոջ չկա, ապա նույն հաջողությամբ կարելի է կիրառել նաեւ կեչու մատղաշ տերեւների եփուկը. 10գրամ` 1 բաժակ ջրին: Մասնագետները գտնում են, որ կեչու բողբոջներն ու տերեւները նյութափոխանակության վրա դրական ներգործություն են ունենում: Դրանք նաեւ վարակիչ հիվանդությունների դեպքում օրգանիզմից տարբեր վնասակար նյութեր հեռացնելու հատկություն ունեն: Տերեւների եփուկը նույնիսկ տալիս են նոր ծննդաբերած կնոջը, որպեսզի հետծննդաբերական շրջանում արգանդի մաքուր կրճատում տեղի ունենա:

Մաղադանոսն իսկական դեղ է

Մաղադանոս կարելի է աճեցնել նույնիսկ տնային պայմաններում: Այն շատ օգտակար բույս է, որը կարելի է օգտագործել, օրինակ` երիկամների բուժման նպատակով:

Մաղադանոսի արմատը մանր կտրատել, լցնել եռացրած ջրի մեջ ու եփել 10-15 րոպե, հետո սառեցնել ու խմել կես բաժակ ուտելուց առաջ, օրը 2-3 անգամ:

Նույն այս թուրմը կարելի է օգտագործել աչքերին կոմպրեսներ դնելու համար: Այս ձեւով կարելի է ազատվել կոնյուկտիվիդից: Աչքերի լավացումից հետո կարելի է շարունակել աչքերը լվանալ այս թուրմով, քանի որ այն պարունակում է շատ կարոտին, որն էլ անհրաժեշտ է աչքի ցանցենու բջիջները վերականգնելու համար: Բացի այս, թուրմը գործածողները նաեւ վկայում են այն մասին, որ իրենք գրեթե ամբողջությամբ ազատվել են ստամոքսի ցավերից ու փորկապությունից: Այսինքն` այն շատ օգտակար է նաեւ ստամոքսի ցավերի դեպքում: Գաստրիտի ժամանակ արդեն օգտագործվում է մաղադանոսի թարմ հյութը: Այն պետք է ընդունել օրը 4-5 անգամ` 10-ական գրամ ուտելուց առաջ: Հյութը լավացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու կարգավորում ստամոքսի թթվայնությունը:

Մեր ընթերցողները խորհուրդ են տալիս

– Մաշկը թարմ պահելու համար խորհուրդ է տրվում ընդունել աղաջրով տաք (35-37աստիճան) լոգանք (1կգ աղ` լիքը թասին): Փորձեք այն 2-3 շաբաթ կանոնավոր ընդունել, թեկուզ` օրումեջ, 10-ական րոպե, բայց ոչ անմիջապես քնելուց առաջ, որովհետեւ մաշկը փոքր-ինչ գրգռվում է:

– Խիստ հոգնածության դեպքում կարելի է երեսը լվանալ սառը ջրով, գլուխը պահել ցնցուղի տակ, իսկ ոտքերը լվանալ տաք ջրով:

– Հատկապես ամռանը մաշկը կթարմանա, եթե դեմքը շփեք սառույցով: Ցանկալի է սառույցը պատրաստված լինի անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի թուրմերից: