Երեկ Մատենադարանին հարակից տարածքում կայացել է Հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքը: Թեեւ այն անց է կացվել Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակներում, սակայն արծարծված հարցերի առումով նման է եղել նախորդ` համապետական հանրահավաքներին: Մասնավորապես` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում մի շարք կարեւոր շեշտադրումներ է արել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հարցի կարգավորման ներկայիս գործընթացների վերաբերյալ: «Ցեղասպանության ուրացման փաստի շուրջ դեռ կրքերը չհանդարտված, վերջին շաբաթների ընթացքում, նախորդ հանրահավաքից հետո, մենք ականատեսը եղանք երեք անսպասելի եւ ուշագրավ իրադարձությունների, որոնք անհնար է շրջանցել: 1. ՀՀ-ն սեփական նախաձեռնությամբ կամ ՀԱՊԿ անդամ երկրների ճնշման տակ, անակնկալ կերպով վերջին պահին հրաժարվեց մասնակցել Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: 2. ԼՂ-ում, ամենավերին մակարդակով, եւ անշուշտ ՀՀ իշխանությունների հավանությամբ, սկսվեց լուրջ թվացող շարժում` ԼՂՀ-ն հակամարտության լիիրավ կողմ ճանաչելու, այսինքն` ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթաժողովի որոշմամբ սահմանված կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ: 3. Մայիսի 7-ին Պրահայում, Ադրբեջանի նախագահի հետ լարված մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ, Ս. Սարգսյանը կոշտացրեց իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում….»,- հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը: Բացատրելով այս իրադարձությունների նշանակությունն ու հնարավոր անցանկալի հետեւանքները ՀՀ-ի համար, նա ասել է. «Ս. Սարգսյանն ունի երկրի ներկա փակուղային վիճակից դուրս գալու երկու ճանապարհ. 1. Կոնսոլիդացնել ազգը, որի համար անհրաժեշտ է` անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ երկխոսություն սկսել ՀԱԿ-ի ու ընդդիմության մյուս ուժերի հետ, իսկ նկատի ունենալով ներքաղաքական ընթացիկ օրակարգը, նաեւ ապահովել Երեւանի ավագանու ընտրությունների բացարձակ օրինականությունը:
2. Խոստովանելով երկրի առջեւ կանգնած խնդիրների հաղթահարման գործում դրսեւորած սեփական ապիկարությունը, պատվով հրաժարական տալ ու հեռանալ քաղաքականությունից…»: Հենց այս համատեքստում է Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությունը: «Քաղաքապետի ընտրությունը մեզ համար ամենեւին ինքնանպատակ չէ եւ իշխանատենչությունից չի բխում: Եթե ոչ այլ բան, ապա մեր հաղթանակը գոնե թույլ կտա հզոր հակակշիռ ստեղծել ներկա ավազակապետական համակարգին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի որոշ չափով զսպել վերջինիս` կանխելով նրա հետագա չարագործություններն ու, առավել եւս, դավաճանական մտադրությունները: Դա կնպաստի նաեւ ազգային կոնսոլիդացիային եւ պետականության ամրապնդմանը»,- ասել է նա: