Նախօրեին` պաշտոնական տվյալներով ժամը 18:40-ին, «Նաիրիտ գործարանի» քլորապրենային արտադրամասում մի քանի պայթյուն է գրանցվել, որի հետեւանքով այրվել է 1-12 բ արտադրամասի աշտարակը:
ՀՀ հրշեջ-փրկարարական ծառայության միջամտությամբ, ժամը 22։25-ի դրությամբ հրդեհը լիովին մարվել է: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, աշխատում է քննչական մեծ խումբ, որում ընդգրկված են տարբեր մասնագետներ, որոնք ներկայում զբաղվում են վթարի պատճառների բացահայտմամբ: Վթարի արդյունքում զոհվել է «Նաիրիտի» 4 աշխատակից` 1959թ. ծնված Լեւոն Լեւոնյանը, 1958թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը, 1959թ. ծնված Վահան Ղարիբյանը եւ 1970թ. ծնված Արթուր Կարապետյանը: Պաշտոնական տվյալներով՝ վթարի արդյունքում տուժել է գործարանի 6 եւ հրշեջ ծառայության 17 աշխատակից: Նրանց վնասվածքները ծանր չեն, եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո բոլորն էլ դուրս են գրվել: Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների գնահատմամբ` կատարվածը բնապահպանական վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար, վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը սպառնացող վտանգ չի կանխատեսվում: Հաղորդվում է, որ նման սպառնալիքի դեպքում բնակիչներին կզգուշացվի եւ համապատասխան քայլեր կձեռնարկվեն: Թե որքանո՞վ է հրդեհի արդյունքում աղտոտվել օդը, երեկվա դրությամբ դեռ տեղեկություններ չկային: Պայթյունի եւ դրա արդյունքում գործարանում բռնկված խոշոր հրդեհի պատճառների, հետեւանքների, ինչպես նաեւ վնասի չափը ճշտելու նպատակով մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել նաեւ գործարանի ղեկավարության կողմից: Ակնհայտ է սակայն, որ վթարի ամենահավանական պատճառը ացետիլենային եղանակով քլորոպրեն ստանալու համար նախատեսված հնացած սարքավորումներն են եղել, եւ պարզից էլ պարզ է, որ եթե «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ» ընկերությունը ժամանակին կատարեր իր պայմանագրային պարտավորությունները եւ մինչեւ 2008թ. հունվար անցում կատարեր բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությանը, այս դժբախտությունը չէր լինի: Բութադիենային տեխնոլոգիան հենց նրա համար է, որ նվազագույնի է հասցնում պայթյունների հավանականությունը: Ուշագրավ է, սակայն, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունն այն մասին, թե ըստ նախնական ուսումնասիրությունների՝ մեկ ամսվա ընթացքում հնարավոր է վերականգնել արտադրամասը եւ սկսել աշխատանքները: Այսինքն` պարզ է, որ շարունակվելու է ացետիլենային այդ պայթյունավտանգ տեխնոլոգիայով կաուչուկի արտադրությունը: «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը, նախարարի հավաստմամբ, պարբերաբար ստուգվել է: Նախարարի ասելով` ստեղծված համապատասխան հանձնաժողովի աշխատանքի եւ մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում կպարզվի` ինչն է եղել պայթյունի պատճառը: Ամեն դեպքում Ա. Մովսիսյանը բացառում է արհեստական միջամտության առկայությունը: Դա, ըստ նրա, թերեւս ինչ-որ տեխնոլոգիական գործընթացի խախտման արդյունքն է: Իսկ ըստ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանի` գործարանում անվտանգության պահպանման նորմերը, բոլոր զննումները, փորձարկումները եւ դրանց գրանցումները կատարվել են թե ՀՀ օրենքին, եւ թե միջազգային չափորոշիչներին համապատասխան: Այդ միջոցառումներն, ըստ նրա, իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` տարեկան մեկ կամ երկու անգամ: «Մենք չենք կարող փոխհատուցել կորցրած կյանքերի համար, սակայն այն, ինչ գործարանը կկարողանա անել կորուստ ունեցած ընտանիքների համար, կանի»,- ասել է նա: Վ. Մելքոնյանը տեղեկացրել է նաեւ, որ հրդեհված արտադրամասում դեմոնտաժային աշխատանքները կսկսվեն 4-5 օրից: Թե ինչի արդյունքն էր վթարը` գործարանի տնօրենը դժվարացել է պատասխանել: «Ես չեմ կարող մեղադրել զոհված մեր ընկերներին: Մենք պետք է ուսումնասիրենք եւ հետո գանք եզրակացության»,- ասել է նա: Դեպքի վայրում են գտնվել նաեւ ՀՀ ԱԻՆ նախարար Մ. Շահգելդյանը, ՀՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Է. Բարսեղյանը, էներգետիկայի, առողջապահության նախարարները, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Երեւանի քաղաքապետը: Իսկ կեսօրին «Նաիրիտ» է այցելել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հրդեհի չափերն իրոք մեծ էին, եւ այս աղետն իսկական փորձություն էր հանրապետության համապատասխան ծառայությունների համար, որոնց աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացան գործել առանց հապաղելու եւ գրագետ: Արդեն երեկ ցուցում եմ տվել, որպեսզի համապատասխան քննություն անցկացվի: Անհրաժեշտ է պարզել պատճառները` հետագայում նման վթար թույլ չտալու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ս. Սարգսյանը: Նա իր ցավակցությունը հայտնեց զոհվածների եւ տուժածների ընտանիքներին: «Ես կարծում եմ, որ մենք պետք է դասեր քաղենք, այս աղետը եւս մեկ անգամ պետք է ահազանգ լինի հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների եւ սեփականատերերի համար: Փառք Աստծո, որ ավելի շատ զոհեր չեն եղել»,- ասել է ՀՀ նախագահը:
Հ. Գ. Ի դեպ, ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը երեկ ցավակցություն է հայտնել «Նաիրիտում» տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Նա նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին օգնել գործարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքները չեզոքացնելու գործում: «Եթե օգնություն կամ աջակցություն հարկավոր լինի, ապա մենք պատրաստ ենք այն ցուցաբերել»,- նշել է նա: