Երեկ 1992-96 թթ. Ռուսաստանի միջնորդ առաքելության ղեկավար, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԼՂ հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, այժմ Ռուս դիվանագետների ընկերակցության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը հանդես է եկել մի շարք հետաքրքրական հայտարարություններով, որոնք, որոշակի իմաստով, թերեւս, արտահայտում են նաեւ ՌԴ ներկայիս վերնախավի տրամադրությունները
ԼՂ հարցի վերաբերյալ` ԼՂ հարցը առաջիկայում չի լուծվի:
Նրա հիմնական ասելիքը հետեւյալն էր.
1. ԼՂ հարցը առաջիկա տարիներին չի լուծվի, 2. ռազմական գործողությունների վերսկսում Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն թույլ չեն տա: Ըստ Կազիմիրովի, ռազմական գործողությունները, եթե վերսկսվեն, նման չեն լինի 1990-ականների պատերազմին եւ զոհերի ու ավերածությունների առումով շատ ավելի ողբերգական կլինեն երկու ժողովուրդների ու տարածաշրջանի համար, եւ նաեւ` մեծ ցնցում ու փորձություն կլինեն միջազգային հանրության համար: Խոսելով այն մասին, թե ի վերջո ինչպես հնարավոր եղավ 1994թ. կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության հասնել, Կազիմիրովը ասաց, թե խաղաղությունը հնարավոր եղավ ձեռք բերել բացառապես Ռուսաստանի միջնորդությամբ: «Իրանն էր մի ժամանակ` մինչեւ հայերի կողմից Շուշին վերցնելը, հետաքրքրված ռազմական գործողությունների դադարեցմամբ, բայց դրանից հետո ոչ մի ակտիվություն չէին ցուցաբերում: Իսկ գիտե՞ք ինչ էին ասում այդ արեւմտյան գործիչները (Կազիմիրովի ասելով` Զապադնիկի- Հ.Մ.): Նույնիսկ ցավակցում էին ինձ խաղաղության հաստատման հիվանդագին ձգտումներ ցուցաբերելու համար: «Դա անհասանելի է, մինչեւ արյունից չհագենան (պոկա նե նաեդյատցա կրովյու) զինադադար չի լինի»,- այսպես էին արտահայտվում նրանք կուլուարներում»,- հայտարարեց Վ. Կազիմիրովը: «Ախ,- ասում էին,- հայերը գրավեցին Լաչինը, պետք չէ դա թույլ տալ, վայ, գրավեցին Շուշին, Քելբաջարը եւ այլն: Մենք հայերի կողմից Քելբաջարը վերցնելուց հետո պնդում էինք, որ դա հայերը թողնեն իրենց, իսկ իրենք ասում էին` թող հայերը դուրս գան այդ տարածքներից` բանակցային գործընթացը չխաթարելու դիմաց: Նրանց դուր չէր եկել, որ ադրբեջանցիները 2 անգամ դուռը խփել դուրս էին եկել բանակցությունների ժամանակ»,- շարունակեց Կազիմիրովը: Բայց հիմա, ըստ նրա, խաղաղության պահպանմամբ շահագրգռված են բոլորը: Ինչ վերաբերում է ԼՂ հարցը առաջիկայում լուծելու հնարավորությանը, ապա Կազիմիրովը ասաց, որ եթե նույնիսկ համաձայնագիր ստորագրվի, դժվար է պատկերացնել, թե դա ինչպես կարող է իրականություն դառնալ: «Մի պահ պատկերացրեք, թե սկզբունքների շուրջ համաձայնություն է ձեռք բերվել (բայց դա, իհարկե, այնքան էլ հեշտ բան չէ): Դրանից հետո առնվազն 1-2 տարի պետք է դա համաձայնագրի տեքստի վերածելու համար: Ենթադրենք, ի վերջո դա էլ եղավ. իսկ ինչպե՞ս է այն իրականացվելու եւ իրականացվելո՞ւ է արդյոք»,- հարցրեց Կազիմիրովը` մանրամասնելով, թե ինչու է ինքը թերահավատ: «Դեռեւս 1995-ի փետրվարի 4-ին կնքված «Կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին» համաձայնագիրը, որն, ի դեպ, կնքվել էր բավականին բարենպաստ պայմաններում, համեմատած 1994թ. մայիսի 12-ի կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի, մինչ այժմ ամբողջությամբ չի իրականացվել»,- հայտարարեց Վ. Կազիմիրովը: Այդ համաձայնագրի էությունը, ըստ նրա, այն էր, որ շփման գծում բախումները հնարավորինս բացառվեն: «Խոսքը գնում էր ծանր զրահատեխնիկան շփման գծից հեռացնելու մասին, որը մինչեւ այժմ էլ չի իրականացվում: Այնտեղ նաեւ մի քանի բաներ կային, որ կողմերին դուր չէր գալիս: Առաջինը այն էր, որ ԼՂ-ն որպես հակամարտության կողմ էր դիտվում, երկրորդ` ենթադրվում էր ուղղակի կոնտակտներ 3 մակարդակներով` քաղաքական ու ռազմական ղեկավարության եւ տեղական հրամանատարների միջեւ»,- նշեց Կազիմիրովը: Ըստ նրա՝ այդ համաձայնագրում նաեւ մի այնպիսի համակարգ կար, որով փորձ էր արվում բացառել կողմերի միջեւ ատելության քարոզը: Այսպես, եթե կողմերից մեկի, ասենք, հայկական կողմի մեղքով ինչ-որ տհաճ պատահար լիներ շփման գծում, ապա ադրբեջանական կողմը նամակով տեղեկացնելու էր այդ մասին հայկական կողմի ղեկավարությանը` նշելով պատահարի կոնկրետ տեղը, ժամանակը, բնույթը եւ հետեւանքները: Այնուհետեւ 6 ժամվա ընթացքում հայկական կողմը հետաքննություն էր իրականացնելու եւ բացատրություն էր տրամադրելու ադրբեջանական կողմին, որն էլ 7 ժամ հետո նոր միայն կարող էր պատահարի վերաբերյալ տեղեկատվությունը, իր մեկնաբանությունը` կցված հայկական կողմի բացատրությունով, հաղորդել ԶԼՄ-ներին: «Երբ 2005թ. խորհրդարանական լսումներ էին, ես այս հարցը բարձրացրեցի, եւ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը պատրաստ է կատարելու այդ համաձայնագիրը, եթե Ադրբեջանն էլ համաձայնի: Բայց Բաքուն բերանը ջուր առավ»,- հայտարարեց Վ. Կազիմիրովը: Ըստ նրա, եթե ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը չվերանա, դժվար է պատկերացնել նույնիսկ որեւէ համաձայնագրի ստորագրում: Հետաքրքրական էր նաեւ դիվանագետի «դեղատոմսը» վերջնական խաղաղության հաստատման վերաբերյալ: Ըստ այդմ` նախ խաղաղությունը կողմերին պետք է պարտադրել «քաղաքական, դիվանագիտական, քաղաքակիրթ տարբերակով, համոզելու մեթոդով»: Բայց դա, ինչպես պարզվեց նրա հետագա ասածներից, բավարար չէ: Ըստ Կազիմիրովի՝ խաղաղության երաշխիք չի կարող լինել նույնիսկ խաղաղապահ ուժերի տեղակայումը շփման գծում: Ուստի, նրա ասելով, այդ խաղաղապահ ուժերը տեղակայելիս (քանի դեռ պատերազմը չի վերսկսվել) միջնորդ երկրները պետք է նաեւ խաղաղությունը կողմերին ռազմական ճանապարհով պարտադրելու մեխանիզմներ մշակեն: «Եթե հանկարծ խաղաղապահների հեռանալուց հետո ԼՂ-ում պատերազմ սանձազերծվի, ապա ուղղակի ցայտնոտային իրավիճակ կստեղծվի, արդեն շատ դժվար կլինի կամավորներ գտնել, խաղաղությունը կողմերին ռազմական ճանապարհով պարտադրել: Քանի որ մի բան է, երբ գալիս ես խաղաղապահ առաքելության, երբ կողմերը չեն պատերազմում, եւ բոլորովին այլ բան է, երբ ռազմական գործողություններն արդեն իրականացվում են»,- նշեց Կազիմիրովը: