Եվ այսպես, հայաստանցիներս դեռ չէինք հասցրել մարսել Արժույթի միջազգային հիմնադրամի մռայլ կանխատեսումը՝ տնտեսության 5 տոկոսանոց անկման մասին, երբ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը հերթական «գույժը» հնչեցրեց՝ Հայաստանի տնտեսական անկման ցուցանիշը կարող է գերազանցել 5%-ը։
«Առկա են մի շարք բացասական գործոններ, առավելապես կապված Ռուսաստանի հետ։ Այդ երկրում իրադրությունը կարծես ավելի վատ է, քան որեւէ մեկը կարող էր սպասել, իսկ ճգնաժամի հետագա խորացումը Ռուսաստանում բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»,- «Ազատություն» ռադիոկայանին 2 օր առաջ ասել է Ն. Օմեսը: Հայրենի իշխանությունները կարծես համաձայն են ԱՄՀ գնահատականների հետ։ Համենայնդեպս, 5%-անոց անկման կանխատեսմանը հակադրվող պաշտոնական կարծիք դեռ չի հնչել։ Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ՝ մարտի 11-ին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ասել էր. «Այո, կա կանխատեսում, որ Հայաստանում կլինի 4.5%-անոց աճ, զրոյական աճ, կամ 1-2 % անկում, 4.5%-անոց անկում։ Մենք այս բոլոր սցենարներն էլ հաշվի ենք առել»։ Դեռ այն ժամանակ մենք կանխատեսել էինք, որ գործելու է 5-րդ սցենարը։ Ցավոք, ըստ ամենայնի, այդ կանխատեսումն իրականանալու է՝ անկումն ավելի մեծ է լինելու։ Փաստորեն, կամա-ակամա, բարձրաստիճան պետական այրերից համեմատաբար անկեղծ էր վարչապետը, քանի որ մյուս բոլորը կամ չէին պատկերացնում՝ ինչ է լինելու, կամ չէին ուզում պատկերացնել, կամ էլ՝ պատկերացնում էին, բայց չէին ուզում մարդկանց տրամադրությունը գցել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 3 օր առաջ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարում նշեց. «2009 թվականի առաջին ամիսների ընթացքում տնտեսական արդյունքների վերաբերյալ դեռ նախորդ տարեվերջին ձեւավորված սպասումները, ցավոք սրտի, մեծամասամբ իրականացան»։ Այստեղ ուշադրության է արժանի առաջին նախադասության ձեւակերպումը՝ դեռ նախորդ տարեվերջին ձեւավորված սպասումները։ Փաստորեն, բացասական սպասումները դեռ անցած տարեվերջին ակնհայտ էին։ Սակայն դա չէր խանգարում, որ, օրինակ, Կենտրոնական բանկը այս տարվա հունվարի 20-ին (երբ այդ սպասումները գրեթե իրականացել էին) կանխատեսեր, որ Հայաստանի ՀՆԱ-ն տարվա ընթացքում կաճի 7-8%-ով։ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, հղում անելով իր մասնագիտական հաշվարկներին, ավետում էր՝ ճգնաժամը կշարունակվի եւս կես տարի, որից հետո տնտեսությունը կամաց-կամաց կվերականգնվի։ Իսկ ավելի ուշ՝ մարտի սկզբին, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում էր. «Այս տարի աճ կունենանք։ Զրոյական երբեք չենք լինի»։ Ուշադրություն դարձրեք՝ բացասական սպասումների ֆոնին նման հայտարարություններ անում էին պետության կարեւորագույն կառույցներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Եվ նրանցից որեւէ մեկը գոնե ձեւականորեն պատասխանատվության չի ենթարկվել առնվազն հասարակությանն ապատեղեկացնելու համար (տես աղյուսակը): Հետաքրքիրն այն է, որ Գ. Սահակյանի կանխատեսումը մասամբ ճիշտ դուրս եկավ՝ զրոյական աճ չենք ունենա։ Ավելի ճիշտ կլինի ասել՝ զրոյական աճ էլ չենք ունենա. նման բան լավագույն դեպքում կարձանագրվի 2010թ.։ Իսկ մինչ այդ տնտեսությունը չի աճի։ ԱՄՀ-ն նշում է, որ տարածաշրջանի երկրներից ճգնաժամն ամենաշատն ազդել է Հայաստանի վրա։ Որպես գլխավոր պատճառ՝ նշվում է Ռուսաստանի տնտեսության հետ ունեցած սերտ կապը, կամ, եթե ավելի անկեղծ արտահայտվենք՝ կախվածությունը։ Ստացվում է՝ այն, ինչով մեր իշխանությունները պարծենում էին տարիներ շարունակ (Ռուսաստանը մեր խոշորագույն ներդրողն է, թիվ մեկ առեւտրային գործընկերը եւ այլն), այժմ մեզ վնասում է։ Ինչեւէ։
Համեմատական այս աղյուսակը, մեղմ ասած, հուսադրող չէ ոչ միայն այն պատճառով, որ այս տարի 5% (կամ ավելի) անկում ենք ունենալու, այն նաեւ այն հանգամանքով, որ 8 երկրների մեջ ամենամռայլ կանխատեսումները մեզ են վերաբերում։ Օրինակ՝ Տաջիկստանը, որը
2007-ին ընդամենը 0.8% տնտեսական աճ է ունեցել (երբ մենք արձանագրել ենք 13.8 տոկոսանոց աճ), այս տարի իր ՀՆԱ-ն կմեծացնի 2%-ով, հաջորդ տարի՝ 3։ Այս տարի բացասական աճ կարձանագրենք միայն մենք եւ ղազախները, իսկ հաջորդ տարի՝ բոլորը կաճեն (անգամ ուզբեկները), բացի մեզանից։ Սա ինչ-որ առումով նվաստացուցիչ է։ Պատճառը ամենեւին չուզողությունը չէ։ Պարզապես անհասկանալի են նույն ԱՄՀ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների պնդումները՝ Հայաստանը ճգնաժամը դիմավորում է ուժեղ դիրքերից։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե թույլ դիրքերից լիներ, հիմա մեր վիճակն ինչ կլիներ։ Կամ, եթե ուժեղ դիրքերից դիմավորելով՝ ամենաաննախանձելի վիճակում ենք, նշանակում է՝ մեր բոլոր հարեւանները «գերուժեղ» դիրքերի՞ց են դիմավորել ճգնաժամը։ Չէ՜, «ոնց գցում-բռնում ես»՝ միջազգային կազմակերպությունները մեզ պարզապես սիրաշահում ու մխիթարում էին։ Ու, որ ավելի վատ է, շարունակում են նույն ոգով։ Ողջունում են կառավարության քայլերը՝ ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, բայց չեն պատասխանում ամենամեծ հարցին. ինչպե՞ս է ստացվում, որ տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրած երկիրը ճգնաժամը դիմավորում է ուժեղ դիրքերից, կառավարությունն ամեն ինչ ճիշտ է անում, բայց միակն է իր հարեւանների մեջ, որը հաջորդ տարի զրոյական աճ է ունենալու։ Ավելի պարզ ասած՝ ի՞նչ առավելություն մեր նկատմամբ ունեն վրացիները, որ հաջորդ տարի ունենալու են 12.3%-անոց աճ, կամ տաջիկները։ Երկուսն էլ էներգառեսուրսներով հարուստ չեն, երկուսն էլ վերջին տարիների ընթացքում մեր կեսի չափով էլ չեն աճել։ Թե՞ ԱՄՀ-ն, գեղեցիկ խոսքեր շռայլելով հանդերձ, չի հավատում մեր կառավարությանը։