Պետեկամուտների կոմիտեի` ՊԵԿ-ի տվյալներով՝ 2008թ. Հայաստան է ներկրվել 31 մլն 197 հազար դոլար արժողությամբ շուրջ 102 հազար տոննա շաքարավազ: Այս թիվը սահմանի վրա գոյացած արժեքն է:
Ինչպես տեղեկացրեցին ՊԵԿ-ից, շաքարավազի դեպքում մաքսազերծման ժամանակ գանձվում է միայն 20 տոկոս ավելացված արժեքի հարկը: Վերը նշված գումարը դրամի վերածելով ու պարզ թվաբանական գործողությունների միջոցով ստանում ենք, որ անցած տարի 1 կիլոգրամ շաքարավազի ինքնարժեքը կազմել է 93,6 դրամ: Դրան գումարում ենք մոտ 19 դրամ կազմող մաքսազերծման գինը, եւ ստացվում է, որ ներկրողը 1 կգ շաքարավազը Հայաստան հասցնելու համար վճարել է մոտ 112 դրամ: Իսկ Հայաստան հասցնելուց հետո առանձնապես մեծ ծախսեր չի պահանջվում այդ ապրանքը սպառողին հասցնելու համար: Այն պահեստներից ընդամենը պետք է հասցնել խանութներ: Որքան էլ բանվորական կամ տրանսպորտային ուժ օգտագործվի այդ փուլում, շաքարավազի 1 կգ-ի գինը հազիվ թե գերազանցի 120 դրամը: Այն դեպքում, երբ, ինչպես տեղեկացան մի քանի խանութներից, շաքարավազը մեծածախ շուկայից գնում են 245 դրամով: Իսկ խանութներում արդեն մանրածախ գինը 245-260 դրամ է: Հայտնի է, որ շաքարավազ ներկրում է միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ պատգամավորը 1 կգ շաքարավազից ստանում է կրկնակի շահույթ, մոտավորապես այնքան, որքան վճարում է այն ձեռք բերելու եւ Հայաստան հասցնելու համար` մոտ 120 դրամ: Այսինքն՝ Ս.Ալեքսանյանը 2008թ. միայն շաքարավազ ներկրելու արդյունքում ստացել է ավելի քան 31 մլն դոլար եկամուտ: Նույն պատկերն է նաեւ այս տարի: Հիշեցնենք նաեւ, որ լայն սպառման ապրանքների ու նաեւ այս շուկայում մեծածախից մանրածախ վաճառքի ճանապարհն անցնում է առավելապես ստվերային ճանապարհով` հարկային դաշտից դուրս է մնում: Խանութները հարկային մարմիններին հաշիվ-ապրանքագրեր չեն ներկայացնում, թե կոնկրետ ինչ գնով ու ինչ քանակությամբ ապրանք են ձեռք բերել, որովհետեւ մեծածախ վաճառողներն այն չեն տրամադրում: Հարկային ու վերահսկող մարմինները ոչինչ չեն կարող անել, որովհետեւ մեր երկրում գրեթե բոլոր ապրանքային շուկաներում ներկրումը մենաշնորհային վիճակում է եւ պատկանում է հայրենի օլիգարխներից որեւէ մեկին: Կոնկրետ Ս.Ալեքսանյանին պատկանող ընկերությունները ներկրում են նաեւ կարագ, ձեթ, միս, բրինձ, սուրճ, սպիրտ եւ բազմաթիվ այլ ապրանքներ, որոնց շուկաներում եթե ոչ մենաշնորհային, ապա առնվազն գերիշխող դիրքեր ունեն: Բացի այդ, այս պատգամավորը շատ է սիրում կեղծել ռուսական հայտնի օղիները: Եվ ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովում գրեթե չի անցնում մի նիստ, որտեղ Ս.Ալեքսանյանի ընկերություններից մեկի կողմից ապրանքանիշ կեղծելու կամ նմանատիպ այլ հարց չքննվի: Սակայն, դա ավելի շատ ցուցադրական բնույթ է կրում, քանի որ այդ կառույցը ի վիճակի չէ Հայաստանում ապահովել ազատ մրցակցություն: Եվ իզուր չէ, որ ՕԵԿ անդամ, ներկայումս կոալիցիոն կուսակցության ներկայացուցիչ Հեղինե Բիշարյանն անցած տարվա նախագահական ընտրություններից առաջ իր գործընկեր Ս.Ալեքսանյանին որակեց «երկրից հարուստ օլիգարխ»: Նույն` պաշտոնական տվյալներով՝ անցած տարի ներկրվել է 9,5 մլն դոլար արժողությամբ 16 հազար տոննա բրինձ: Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրեցին, որ այս ապրանքատեսակի դեպքում էլ կիրառվում է միայն 20 տոկոս ԱԱՀ: Եվ վերը նշված թվաբանությունն այս ապրանքի համար կատարելով` ստանում ենք, որ 2008թ. ներկրված բրնձի 1 կգ-ն կարժենա 220 դրամ: Մինչդեռ խանութներում այն վաճառվում է 500-700 դրամով: Այնպես որ, բրնձի դեպքում էլ անցած տարի ներկրողները 1 կգ-ի հաշվով ստացել են այնքան եկամուտ, որքան գումար ծախսել են Հայաստան հասցնելիս` մոտ 9,5 մլն դոլար: Եվ ընդամենը այս երկու ապրանքների կտրվածքով պարզվեց, որ ներկրողները ստացել են 40,5 մլն դոլար եկամուտ: Իսկ եթե նույն տրամաբանությամբ հաշվարկենք մյուս բոլոր ապրանքային շուկաներից գոյացած եկամուտն ու շահույթը, ապա առանց չափազանցնելու կարող ենք ասել, որ ներկրողներն իրենց ապրանքներն իրացնելիս ծախսած գումարները հանելուց հետո ստանում են նվազագույնը նույնքան` կրկնակի շահույթ:
Արդեն 2009 թվականի 5-րդ ամիսն է, սակայն բյուջեի թերհավաքագրման չափը գնալով մեծանում է: Ճիշտ է, ապրանքաշրջանառության ծավալները եւս նվազել են, բայց դրան զուգահեռ՝ չի նվազել ստվերային շրջանառությունը: Իշխանություններն իրականում որեւէ քայլ չեն անում տնտեսությունը ստվերից, նույնն է թե՝ իրենց գրպանից հանելու համար: Եվ բյուջեի ավելացող բացասական ճեղքերը փակելու համար գումարներ են խնդրում Ռուսաստանից ու միջազգային կառույցներից: Վերը նշված թվաբանությունը ներկայացրեցինք տնտեսագետ պատգամավորներին եւ խնդրեցինք մեկնաբանել, թե որքանո՞վ է արդար կամ բարոյական՝ տնտեսական ճգնաժամի այս պայմաններում սեփական երկրում գոյություն ունեցող ապրանքաշրջանառությունը հարկելու փոխարեն, գումարներ խնդրել դրսից ու այդպիսով կրկնապատկել արտաքին պարտքը: «Ես չեմ կարծում, որ իրավիճակը հենց այնպես է, ինչպես դուք եք նկարագրում: Ուսումնասիրության խնդիր է»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Մեկնաբանությունից հրաժարվեց նաեւ ԲՀԿ-ից Վարդան Բոստանջյանը: «Քանի դեռ Հայաստանի տնտեսությունը խիստ մոնոպոլացված է, քանի դեռ տնտեսության մեջ առանձին ճյուղեր գտնվում են մեկ կամ երկու մարդու ձեռքին, այդպես է լինելու: Ոչ ոք այսօր ՀՀ-ում չի կարող 200կգ շաքարավազ ներմուծել: Մաքսային ծառայությունները պարզապես նրանց չեն թույլատրի: Սա պետական քաղաքականություն է, որը վարվում է Ռոբերտ Քոչարյանից սկսած: Միտումը, բացի տնտեսականից, որը նշանակում է՝ գերշահույթներ, նաեւ այն է, որ այդպիսով ինքն իր համար կառավարելի դարձրեց ողջ քաղաքական դաշտը: Աքսիոմա է, եթե կա փոքր ու միջին բիզնես, ուրեմն նշանակում է, որ քաղաքականության մեջ էլ կա տարակարծություն, քաղաքականության մեջ էլ կարող են գոյատեւել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող կուսակցություններ, կազմակերպություններ: Դա է պետության առողջացման լավագույն ցուցանիշը: Իսկ երբ ավտորիտար ռեժիմ է, ուրեմն ամեն ինչ` տնտեսությունը եւ քաղաքականությունը, պետք է կառավարելի լինի պետության համար: Հիմա մերոնք գնացին երկրորդ ճանապարհով: Եվ այդ գումարների ահռելի տարբերությունը 40-50 հոգու գրպանը գնալու փոխարեն` կարող էր դառնալ ներդրում, նոր արտադրություն, մարդկանց կենսամակարդակի բարձրացում»,- այս հարցի առնչությամբ ասաց տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: