«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված «Էս սարն իմն է, էս ծառն իմն է» հոդվածի կապակցությամբ խմբագրություն էր եկել «Շեն տանիք» ընկերության տնօրեն Հակոբ Նազոյանն՝ իր փաստաբանի հետ:
Հիշեցնենք, որ Շենգավիթ համայնքի Ղարիբջանյան 27 հասցեի բնակիչ Գեղամ Խաչատրյանը դիմել էր մեր թերթին` տեղեկացնելով, որ Հ. Նազոյանն իր տանը կից հատվածում շինարարություն իրականացնելիս զավթել է իր մոտ 50քմ հողատարածքը: Նա մեզ էր ներկայացրել փաստաթղթեր, որով ապացուցվում էր հողատարածքի նկատմամբ իր իրավունքները, մինչդեռ ուսումնասիրելով երկրորդ կողմի` Հ. Նազոյանի փաստաթղթերը, մենք համոզվեցինք, որ այս երկու քաղաքացիների վիճելի տարածքը Երեւանի քաղաքապետարանի, մեղմ ասած` «փնթի» աշխատանքի արդյունքն է: Ի դեպ, մեր խմբագրություն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ունենալով հողատարածքի հանդեպ իրավական փաստաթղթեր, այդուհանդերձ, հայտնվել են մի իրավիճակում, երբ քաղաքապետարանը միեւնույն հողատարածքը օտարել է մեկ այլ անձի: Նման կոնֆլիկտ է առաջացել նաեւ Գեղամ Խաչատրյանի եւ Հակոբ Նազոյանի պարագայում, քանի որ վիճելի տարածքի հանդեպ փաստաթղթերով սեփականության իրավունք ունի թե՛ Գ. Խաչատրյանը, թե՛ Հ. Նազոյանը, բացառությամբ մեկ հանգամանքի` Հ. Նազոյանը տարածքի սեփականատեր է դարձել ավելի վաղ, սակայն քաղաքապետարանը հետագայում այն օտարել է Գ. Խաչատրյանին` առանց ուսումնասիրելու եւ պարզելու, որ այն արդեն ծանրաբեռնված է մեկ այլ անձի սեփականությամբ: Նշենք նաեւ, որ միեւնույն տարածքը երկու քաղաքացիներին օտարելով՝ Կադաստրի պետական կոմիտեն երկու սեփականատերերի սեփականության վկայականներում արձանագրել է տարբեր հասցեներ. Գ. Խաչատրյանինը` Ղարիբջանյան 27, իսկ Հ. Նազոյանին պատկանող անշարժ գույքինը` Մայիսի 9 փ. 38/2: Հետեւաբար՝ Գ. Խաչատրյանը պնդում է, որ մոտ 50քմ հողատարածք է յուրացվել Ղարիբջանյան 27՝ իր տան հասցեից, իսկ Հ. Նազոյանը փաստաթղթերով ապացուցում է, որ իր հողատարածքի մակերեսը գտնվում է Մայիսի 6փ. 38/2 հասցեում եւ Ղարիբջանյան 27-ի հետ կապ չունի: Հ. Նազոյանի փաստաբան Սամվել Դավթյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, ըստ որոնց` 1960-ից Երեւանի Չեխով եւ Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում գտնվող (Մայիսի 9փ. 38/2 հասցեում գտնվող կրպակին կից) հողամասն օգտագործել է քաղաքացի Դոլուխան Գրիգորյանը, որի մահից հետո՝ նրա որդին` Սամվել Գրիգորյանը: Այնուհետեւ Ս. Գրիգորյանը գույքը վաճառել է Հայկազ Վարդանյանին, իսկ վերջինս էլ` Հ. Նազոյանին, որն էլ հողն օգտագործում է մինչ օրս: Ի դեպ, այս մասին վկայում են նաեւ տեղի բնակիչները, ովքեր մեր այդ տարածք այցելության ժամանակ հաստատեցին: Հ. Նազոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես այդ տարածքը գնել եմ Հ. Վարդանյանից բարեխղճորեն եւ ունեմ բոլոր այն փաստաթղթերը, որոնք վկայում են տարածքի հանդեպ սեփականության իմ իրավունքը»: Հ. Նազոյանը մեզ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած վկայականը, ըստ որի` Շենգավիթ համայնքի Մայիսի 9փ. թիվ 38/2 հասցեի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական է տրվում Հ. Նազոյանին: Հարկ է նշել, որ Հ. Նազոյանը վկայականը ստացել է 2009թ. փետրվար ամսին, որից հետո Երեւանի քաղաքապետարան է դիմել Ղարիբջանյան 27 հասցեի բնակիչ Գ. Խաչատրյանը հողատարածքի հանդեպ սեփականության իրավունք ստանալու համար: «Փաստորեն, մարդն իմ սեփական հողը սեփականաշնորհելու դիմում է ներկայացրել: Քաղաքապետարանից չափագրող է եկել, չափումներ է արել ու գնացել է: Բայց չեն ստուգել, չեն ուսումնասիրել, որ այս հողն արդեն ունի սեփականատեր: Չնայած ես դա անտեղյակություն չեմ համարում, այլ համարում եմ դիտավորություն, որովհետեւ երեւի գեոդեզիստին մի երկու կոպեկ փող է տվել, նա էլ արել է: Իմ հողի վրա սեփականության իրավունք են տվել Գ. Խաչատրյանին»,- ասում է Հ. Նազոյանը, ով, փաստորեն, ներկայումս նույն իրավունքն ունի հողատարածքի նկատմամբ, ինչն ունի նաեւ Գ. Խաչատրյանը:
Մեր ձեռքի տակ է գտնվում Հ. Վարդանյանի եւ Հ. Նազոյանի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագիրը, ըստ որի` գույքը սեփականության իրավունքով պատկանում է վերջինիս: Հիշեցնենք, որ սեփականության իրավունքի վկայական էր մեզ ներկայացրել նաեւ Գ. Խաչատրյանը: Նախորդ հոդվածում մենք հրապարակել էինք քաղաքապետարան հասցեագրված Գ. Խաչատրյանի դիմումի պատասխանը, համաձայն որի` Ղարիբջանյան 27 հասցեի հարեւանությամբ, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքներ կատարելու համար Հ. Նազոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերջինս վստահեցնում է, որ վարչական տուգանքը քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության համար է եղել, որը ներկայումս նա ձեռք է բերել, հետեւաբար՝ շինարարություն իրականացնելու բոլոր իրավական հիմքերն ունի: «Գ. Խաչատրյանը ձեզ ներկայացրել է էն փաստաթղթերը, որոնք իր համար ձեռնտու են, բայց իմ ձեռքի տակ կան իմ իրավունքները հաստատող բոլոր փաստաթղթերը, որոնց մասին ինքը դիտմամբ չի խոսել»,- ասում է Հ. Նազոյանը: Ի դեպ, վերջինս մեզ ներկայացրեց ՀՀ Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը կայացվել է հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչ Ս. Դավթյանի միջնորդության` հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին պահանջի արդյունքում: Հ.Նազոյանը հակընդդեմ հայց է ներկայացրել ընդդեմ Գեղամ եւ Գեւորգ Խաչատրյանների, երրորդ անձինք` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Էրեբունի» տարածքային ստորաբաժանում եւ Երեւանի քաղաքապետարան` սեփականատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին: Դատավոր Ա. Կուբանյանը որոշել է` «Արգելել հակընդդեմ հայցով պատասխանողներ Գեղամ եւ Գեւորգ Խաչատրյաններին, ինչպես նաեւ՝ այլ անձանց Մայիսի 9փ. 38/2 հասցեում գտնվող տաղավարի եւ դրա տակ գտնվող 82,2քմ մակերեսով հողամասի նկատմամբ կատարելու ցանկացած գործողություն»:
Հ.Գ. Երեկ մեզ զանգահարեց Գեղամ Խաչատրյանի կինը եւ վրդովված ասաց. «Էն բնակիչներն, ովքեր Նազոյանի օգտին են խոսել ձեր մոտ` հիմա հակառակ բանն են ասում: Պատրաստ են վկայություն տալ, որ այդ 50քմ-ն մեզ է պատկանում»: Ինչեւէ, մի բան պարզ է. այս երկու քաղաքացիների վիճելի տարածքի «խուճուճ» պատմության համար պատասխանատու է մեկ պետական մարմին` քաղաքապետարանը, որի աշխատակիցների անփույթ եւ անպատասխանատու գործունեության պատճառով շարքային քաղաքացիներն ընկնում են դատարանի դռները: