ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Արարատի մարզի Սուրենավան համայնքում մասնակցել է օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը: Ըստ «Արմենպրեսի»` գործարանի մուտքի մոտ տեղադրված սխեմատիկ քարտեզի օգնությամբ գործարանի տնօրենը ներկայացրել է բիտումի արտադրական ցիկլը: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կտրել են կարմիր ժապավենը, որից հետո ներկաները շրջայց են կատարել գործարանում: Այս ձեռնարկությանը բնորոշ է փորձարկման համակարգի բարձրակարգ մեքենայացումը: Այստեղ գործում է ժամանակակից գործարանային լաբորատորիան եւ ղեկավարող համակարգը, որի վրա հունվար ամսին կատարվել է հումքի առաջին փորձարկումը արտադրանքի (բիտումի) ստացմամբ:
Կառուցված են մաքրման համակարգված սարքավորումներ, իսկ շրջակա միջավայր արտանետումները կրճատելու համար տեղադրված է բիտումի գոլորշիների կոնդենսացման մեքենայացված համակարգ: