Սովորական երեսնակը (ռեպեշոկ օբիկնօվենի) ժողովրդական բժշկության մեջ
Վարդազգիների ընտանիքին պատկանող, մոտ 120 սմ բարձրությամբ այս բույսը բազմամյա խոտաբույս է: Տերեւները փետրաձեւ են, ծաղիկները` դեղնավուն, իսկ ամբողջ բույսը պատված է աղվամազով: Այն ծաղկում է ամռան ամիսներին եւ հիմնականում տարածված է անտառների բացատոտ մասերում ու ճամփեզրերին: Հայաստանում այն աճում է Իջեւանում, Դիլիջանում, Սեւանում եւ այլուր:
Բույսի վերգետնյա մասը հարուստ է դաբաղող նյութերով, պարունակում է հոտավետ յուղ, տանին, օրգանական թթուներ, սիլիկաթթու, ֆիտոստերիններ, հանքային աղեր, ֆլավոնոիդներ, կումարին, B խմբի վիտամիններ, վիտամին PP եւ K:
Բուժման նպատակով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում եւ խրձերով, կախված վիճակում չորացնում են ստվերի տակ, ծաղկման շրջանում:
Դեղաբույսն ունի հին պատմություն: Գալենը դեռեւս մ.թ. առաջ 2-րդ դարում դեղաբույսը` այլ բույսերի հետ խառնած` առաջարկում էր «հող կամ կավ ուտող հիվանդներին»: Իսկ ըստ Ամիրդովլաթի` երեսնակն ուներ ջերմություն իջեցնող հատկություն: Չինաստանում այն օգտագործում են լյարդի, լեղապարկի հիվանդությունների, աֆտոզ ստոմատիտների, Ֆրանսիայում` կոկորդի բորբոքումների, ձայնալարերի ախտահարման, սալջարդերի, Բուլղարիայում` լեղուղիների ու լեղաքարային հիվանդության, մարսողական խանգարումների ու մի շարք մաշկային հիվանդությունների ժամանակ: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում վատ ախորժակի, տարբեր ծագման փորլուծությունների, թոքաբորբերի եւ թութքի բուժման համար: Հայկական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը հայտնի է որպես տրոֆիկ խոցերը, թարախակալած վերքերը, ջրգողությունը բուժող միջոց: Գիտական բժշկության մեջ հիմնավորված է, որ այն կարգավորում է լյարդի խանգարված ֆունկցիաները եւ միաժամանակ ունենում հակաբորբոքային ազդեցություն: Երեսնակը հիվանդներին տալիս են՝ զուգակցելով այլ դեղաբույսերի հետ` սրոհունդի, եզան լեզվի, անանուխի, երիցուկի, գետնաբաղեղի, եղեսպակի, մեղրածուծի, խնկեղեգի, հազարտերեւուկի հետ:
Օգտագործվում է ջրաթուրմը, ինչպես նաեւ՝ չոր հումքը: Նշենք, որ երեսնակի ոչ ճիշտ չափաբաժնից հնարավոր է գլխացավերի, նողկանքի զգացման, փսխման, ինչպես նաեւ՝ ալերգիկ վիճակի առաջացում: Անհրաժեշտ է նախապես խորհրդակցել ֆիտոթերապեւտի հետ:
Երեսնակի թուրմի պատրաստման եղանակը. 1 թեյի գդալ երեսնակի չոր հումքի վրա լցնել 1 բաժակ եռջուր եւ 2-3 րոպե եռացնելուց հետո թրմել 3 ժամ ու քամել: Խմել օրը 3 անգամ, բաժակի 1/3 չափով, ուտելուց 15 րոպե առաջ` մարսողության հետ կապված խնդիրների ժամանակ: Կարելի է նաեւ չոր տերեւները մանրացնել մինչեւ փոշու աստիճան եւ խմել 0,5 գրամից օրը 4 անգամ` ուտելուց 15 րոպե առաջ:
6 ճաշի գդալ երեսնակի խոտից եռացնել 1 լիտր ջրով փակ կափարիչով ամանի մեջ 3 րոպեի չափ: Թրմել 4 ժամ, ապա քամել: Ստացված թուրմը գոլ վիճակում կարելի է օգտագործել լվացումների, թրջոցների, կոմպրեսների եւ ողողումների համար: Նույնիսկ երկար քայլելուց հետո հոգնածության դեպքում կարելի է ոտքերը դնել այդ ջրի մեջ` լավ թեթեւացնում է:
Խմելու դեպքում հակացուցումը կարող է լինել բույսի հանդեպ անհատական զգայունությունը:
Կաթնա-սխտորային երիտասարդացում տիբեթական ձեւով
Այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է խնամքով մաքրել ու լվանալ 350գ սխտորը, մանր կտրատել ու փայտե գդալով լավ տրորել: Ստացված զանգվածից վերցնել 200 գրամ (ցանկալի է՝ ավելի հյութալի մասից), լցնել ապակե տարայի մեջ ու վրան ավելացնել 200գ սպիրտ ու հերմետիկ փակել: Այս տարան պահել մութ ու սառը վայրում` 10 օր: Իսկ հետո ստացված զանգվածը քամել շատ խիտ թանզիֆե կտորով ու նորից թողնել 2-3 օր: Այս թուրմը պետք է խմել սառը կաթով (մեկանգամյա ընդունումը պետք է լինի 50գրամ) օրը 3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ, հետեւյալ սխեմայով`
1-ին օր- նախաճաշին`1 կաթիլ, ճաշին` 2 կաթիլ, ընթրիքին` 3 կաթիլ
2-րդ օր- նախաճաշին`4 կաթիլ, ճաշին` 5 կաթիլ, ընթրիքին` 6 կաթիլ
3-րդ օր- նախաճաշին`7 կաթիլ, ճաշին` 8 կաթիլ, ընթրիքին` 9 կաթիլ
4-րդ օր- նախաճաշին`10 կաթիլ, ճաշին` 11 կաթիլ, ընթրիքին` 12 կաթիլ
5-րդ օր- նախաճաշին`13 կաթիլ, ճաշին` 14 կաթիլ, ընթրիքին` 15 կաթիլ
6-րդ օր- նախաճաշին`15 կաթիլ, ճաշին` 14 կաթիլ, ընթրիքին`13 կաթիլ
7-րդ օր- նախաճաշին`12 կաթիլ, ճաշին`11 կաթիլ, ընթրիքին` 10 կաթիլ
8-րդ օր- նախաճաշին`9 կաթիլ, ճաշին` 8 կաթիլ, ընթրիքին` 7 կաթիլ
9-րդ օր- նախաճաշին`6 կաթիլ, ճաշին` 5 կաթիլ, ընթրիքին` 4 կաթիլ
10-րդ օր- նախաճաշին`3 կաթիլ, ճաշին` 2 կաթիլ, ընթրիքին` 1 կաթիլ:
11-րդ օրից սկսել խմել 20 կաթիլից` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, այնքան ժամանակ, մինչեւ վերջանա ձեր պատրաստած սխտորի թուրմը: Այս պրոցեդուրան պետք չէ կրկնել մինչեւ 5 տարի չանցնի:
Սխտորի թուրմը օրգանիզմը մաքրում է ճարպերից, տարբեր խարամներից, լավացնում է նյութափոխանակությունը: Սակայն հնարավոր է, մարդիկ լինեն, որոնք այս պրոցեդուրան կատարելիս անհարմարավետություն զգան, ուրեմն պետք է դադարեցնել եւ այլեւս չշարունակել: